Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկը կվերցնի իր ձեռքը

Apr 22, 2018 Comments Off on Զարուհի Փոստանջյանը շարժման ղեկը կվերցնի իր ձեռքը

«Հարգելի լրագրողներ, նախապես, դեռ 20 օր առաջ ինքս էլ դիմել էի իրազեկմամբ Երեւանի քաղաքապետարան եւ ոստիկանություն, որպեսզի ապահովեին մեր ազատ երթերի եւ ցույցերի իրավունքի իրացումը, եւ այդ հիմքով այսօր՝ ժամը 17։00-ից Ազատության հրապարակում ես իրավունք ունեմ անցկացնելու հանրահավաք, ինչպես նաեւ Երեւանի փողոցներում երթեր եւ խնդրում եմ, որ լրագրողներն ինձ ուղեկցեն եւ խնդրել եմ, որպեսզի ինձ ուղեկցեն նաեւ փաստաբանները, որպեսզի մասնակիցը դառնանք այս ամբողջ քաղաքական գործընթացին»։

Այս մասին քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որն իր պայքարով միացել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին։

-Տիկին Փոստանջյան, ժամը 19։00-ին նախատեսված է հանրահավաք Հանրապետության հրապարակում։

-Ես հասկանում եմ, հիմա ես բոլոր տեղերում լինելու եմ ու պահանջելու եմ մեր օրինական իրավունքի իրացումը, այսինքն՝ նույն՝ 19։00-ի հավաքը օրինական հավաք է, քանի որ դա ինքնաբուխ հավաք է։

-Դուք այժմ որտե՞ղ եք։

-Ես այժմ Մաշտոցի պողոտայում եմ եւ կխնդրեի, որ ինձ մոտենային լրագրողները, որպեսզի դուրս գամ եւ ցուցարարներին մոտենամ։

-Այսինքն՝ շարժման ղեկը Ձեր ձե՞ռքն եք վերցնում։

-Այսօրվա օրինական հավաքի իրականացումը ես ստանձնելու եմ։

-Այսօր ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց՝ ձայնային նռնակներ նետելով խաղաղ ցուցարարների վրա, գուցե նույն բանը անի նաեւ այսօրվա հավաքի՞ն։

-Ես, իհարկե, չեմ բացառում, բայց դա մեզ չի կաշկանդում։

-Մտավախություն չկա՞, որ Ձեզ էլ կձերբակալեն։

-Չեմ բացառում, բայց այդ մեկուսացումից էլ չենք վախենում։

-Իսկ պատգամավորների ձերբակալություններն ինչպե՞ս կգնահատեք։

-Դա ակնհայտ ապօրինություն է, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի հեղինակը հենց անձամբ ինքն է, եւ ինքը նաեւ խոստովանական ցուցմունք տվեց։

Աննա Պապիկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: