Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Apr 21, 2018 Comments Off on Փաշինյանը կբանակցի Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց ոչ կառավարական շենքերում

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած զրույցը: Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը բանակցությունների կոչ է արել, որին ի պատասխան ինքն ասել է, որ ժողովուրդը երեկ տվել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու հորդորի պատասխանը եւ ասել, որ ուշ է:

«Նա ասաց, որ ինքը մտահոգված է իրավիճակով, ես ասացի, որ այստեղ հավաքված ժողովուրդն էլ մտահոգված իրավիճակով, ավելին՝ գիտեն լուծումը, թե ինչպես պետք է փարատեն մտահոգությունները, իսկ լուծումը Սերժ Սարգսյանի հեռացումն է:

 Նա ինձ ասաց՝ հիմա ի՞նչ, բանակցելու կարիք չկա՞, ես ասացի, որ երեկ հանրահավաքում ասել եմ, որ մենք պատրաստ ենք քննարկել իշխանության հեռացումը: Այո՛, մեր առաջադրած օրակարգի շուրջ մենք պատաստ ենք բանակցել: Ըստ էության՝ նա հարցրեց՝ ի՞նչ ֆորմատով և որտեղ,  ես ասացի, որ, քանի որ ինքը այս քաղաքականության մաս չէ, ես նրան հրավիրել եմ Հանրապետության հրապարակ, բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող հրավիրել, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ նրա ներկայությամբ այստեղ իրավիճակ կառավարել»,- ասաց նա:
Նա  շեշտեց, ինքը կառավարական որևէ շենքում չի  հանդիպի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, միայն 3-րդ` չեզոք տեղում: Նա ևս մեկ անգամ արձանագրեց, որ ինքը միայն կբանակցի Սերժ Սարգսյանի վարչապետությունից հեռացման և իշխանություն անցնցում փոխանցելու շուրջ:  Փաշինյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը:

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, որը կընտրի այս հրապարակում: Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, մաքսիմալ արագ օրենսդրական փոփոխություն է լինում Ընտրական օրենսգրքում ու Կուսակցությունների մասին օրենքում: Ստեղծվում են օրենսդրական երաշխիքներ, որ կարող է տեղի ունենալ արտահերթ, ազատ, արդար, թափանցիկ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, քաղաքական պայմանավորվածության արդյունքում օրենքով սահմանված ժամկետում ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո օրենքի ուժով արտահերթ խորհրդարանական ընտրություններ է հրավիրվում:Սա մեր  միակ պլանը չէ՝ կա նաև պլան Բ եւ Գ»,- ներկայացրեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը մտավախություն է հայտնել՝ բռնությունների հետ կապված, որին ի պատասխան Փաշինյանն ասել է.

«Ես ասացի՝ ինչո՞ւ պիտի լինեն բռնություններ, հայտարարեցի, որ մեր կողմից պաշտոնապես երաշխավորում եմ, որ մեր շարժման որեւէ մասնակից, որեւէ բռնություն չի գործադրելու: Մենք բռնություն գործադրելու որեւէ ծրագիր չունենք, մենք մեր կողմից բացառում ենք բռնության գործադրումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: