ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Apr 21, 2018 Comments Off on ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ն հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի բերման ենթարկվելուն և ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելուն ու ձերբակալվելուն: Հայտարարության մեջ ասված է.

«Այսօր ժամը 14:15-ի դրությամբ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող, քաղաքագետ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) 1-ին և 2-րդ մասերով և 225․1-րդ հոդվածի (Oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԹԻՀԿ գործընկեր, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս այսօր ժամը 17:20-ի սահմաններում բերման է ենթարկվել Գյումրիի կայարանից և տեղափոխվում է Հատուկ Քննչական ծառայություն: Այս լուրը հաստատել է նաև ՀՀ ոստիկանությունը, սակայն ժամը 21:30-ի դրությամբ որևէ տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության (ԹԻՀԿ) կառավարման խորհուրդը խստորեն դատապարտում է Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելու գործողությունների ոչ իրավաչափությունը և մտահոգություն հայտնում, որ այս եղանակով իշխանությունները փորձում են թուլացնել վերջին օրերին ծավալվող աննախադեպ բողոքի ցույցերը։ ՀՀ ոստիկանության բիրտ արձագանքն անընդունելի է և խիստ դատապարտելի։

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքներին մասնակցությունն ու կազմակերպումը հանդիսանում է յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքը, որն այս օրերին անհիմն ոտնահարվում է ոստիկանության, իսկ երբեմն՝ առանց համարանիշների ավտոմեքենաներով քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից՝ ուղեկցվելով վայրենի ծեծերով և ոստիկանական բաժանմունքներ զանգվածաբար բերման ենթարկելով։ Բռնություններով լի այս գործողությունները կիրառվում են նաև անչափահաս անձանց նկատմամբ։ Վերը նշված անօրինականություններին անմիջական մասնակցություն են ունենում քրեաօլիգարխիկ համակարգի վառ ներկայացուցիչները, այդ թվում՝ ներկայիս և նախկին ԱԺ պատգամավորներ, որոնց վերաբերյալ տեսանյութերով ողողված է ողջ մամուլը։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ իշխանություններից պահանջում ենք.

անհապաղ ազատ արձակել Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս ձերբակալվածներին,

դադարեցնել անհարկի բերման ենթարկումները և բռնությունները խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ»,- ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակուռուպցիոն կենտրոնի կառավարման խորհրդի հայտարարության մեջ»:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: