Սերժ Սարգսյանի ասած ավանդները բիզնեսի սառեցված փողերն են

Apr 23, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի ասած ավանդները բիզնեսի սառեցված փողերն են

Ազգային ժողովի հատուկ նիստում և Շանթ հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանը ներկայացրել է սոցիալ-տնտեսական վիճակի մասին մի շարք տվյալներ, որոնք վկայում են վերջին 10 տարիներին արձանագրված աճի մասին:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2007-ին կազմել է  2 տրիլիոն 656 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի ավարտին այդ թիվը կազմել է 5 տրիլիոն 580 մլրդ դրամ: Նույն ցուցանիշը դոլարային արտահայտությամբ. 2007-ին ՀՆԱ-ն 6 միլիարդ 385 միլիոն դոլար է կազմում, 2018-ի հունվարի 1-ի դրությամբ 11 միլիարդ 560 միլիոն դոլար, այսինքն՝ տնտեսությունը 1,8 անգամ մեծացել է։ Նվազագույն աշխատավարձը 2007-ին կազմել է 15 հազար դրամ, 2018-ին  55 հազար դրամ, 2007-ին՝ միջին ամսական աշխատավարձը կազմում էր  62 հազար դրամ, այսօր 184 հազար դրամ է։ Այսինքն՝ աճը համարյա եռակի է:

Սերժ Սարգսյանի ներկայացրած տնտեսական ցուցանիշներից ամենաուշագրավը, սակայն, բանկերում ՀՀ քաղաքացիների ունեցած ավանդներին էր վերաբերվում. ՀՀ առևտրային բանկերում 2007-ին ֆիզիկական անձինք ունեցել են 143,6 միլիարդ դրամ ավանդ, 2018-ի սկզբին՝ 1 տրիլիոն 553 միլիարդ դրամ. «Այսինքն՝ մեր քաղաքացիների խնայողությունները 10 անգամ ավելացել են: Եվ որպեսզի չխոսենք այն մասին, որ այս երկրում միայն հարուստներն են փող դնում բանկերում, նշեմ, որ այս գումարի ճնշող մեծամասնությունը միչև 7 մլն դրամ ավանդներն են: Մեկ միլիոն Հայաստանի քաղաքացի ունի ավանդ, սրանք թվեր են, որոնցից մենք չենք կարող խուսափել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝  էապես աճել է ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների թիվը, եթե 2007 թվականին ՀՀ-ում հաշվառված էր 330 հազար մեքենա, ապա 2018 թվականի հունվարի մեկի դրությամբ հաշվառված է 616 հազար ավտոմեքենա: Չնայած այս թվերին՝ մարդիկ դժգոհ են և դա բացատրվում է նրանով, որ որքան մարդիկ լավ են ապրում, այնքան նրանց պահանջները մեծանում են՝ համոզված է Սերժ Սարգսյանը:

Սակայն նման տվյալներ հրապարակելուց  առաջ կարելի էր ուսումնասիրել խնդիրների բովանդակությունը, հասկանալու համար, թե մարդիկ ինչու են դժգոհ: Սերժ Սարգսյանի ներկայացրած տվյալներից ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր 3 քաղաքացուց 1-ը բանկերում ավանդ ունի: Սա իսկապես անհավանական ցուցանիշ է, որովհետև  պաշտոնապես 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի կարող ավանդների այդպիսի ցուցանիշ լինել, այն պարզ պատճառով, որ ավանդ ունենալը  բարեկեցության ցուցիչ է:

ՀՀ բանկերում 1 մլն ավանդային հաշիվների առկայության փաստն ամենևին չի նշանակում, թե 1 մլն մարդ ավանդ ունի բանկերում: Դրանք տարբեր բաներ են. նույն մարդը կարող է տարբեր բանկերում ունենալ ավանդներ, ընդ որում մեկից ավելի, օրինակ տասնյակի հասնող ավանդային հաշիվներ: Ավանդների հասցեատերերը  Սերժ Սարգսյանի ասած հարուստներն են, ովքեր այս տարիներին իրենց ունեցվածքը, հնարավոր է, ավելացրել են: Սակայն Սերժ Սարգսյանի պնդումը, թե իսկական մեծահարուստները՝ օլիգարխները այդ 1 մլն-ի մեջ մեծ տոկոս չեն կազմում, ճշմարիտ է, որովհետև օլիգարխներն իրենց հիմնական դրամական միջոցները  վստահում են արտասահմանյան բանկերին: Այնուամենայնիվ, եթե մարդկանց կենսամակարդակը չի բարելավվել, երկում էլ համատարած աղքատություն է, ապա ավանդների անվանական ծավալը ինչի՞ հաշվին է աճել:

Այս հարցն ունի շատ պարզ ու տրամաբանական պատասխան. դրանք տնտեսության իրական հատվածից դուրս բերված և բանկերում պահ տված գումարներն են: 2007 թվականին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում շրջանառվող փողերն այսօր պարզապես սառեցված են՝ ստեղծվել է այնպիսի միջավայր, երբ ավելի ձեռնտու է փողը որպես ավանդ դնել բանկում, քան թե շրջանառել գործի մեջ: Բիզնեսի եկամտաբերության շարունակական նվազումն ակամայից նպաստել է ավանդների ավելացմանը,  որը տվյալ դեպքում ոչ թե լավ վիճակի ցուցիչ է, այլ ընդհակառակը:

Բանկերում այժմ իրացվելիության շատ լուրջ խնդիր կա.  բանկերը չեն կարողանում կուտակած ավանդները որպես վարկ շրջանառել: Այսպես շարունակվելու դեպքում բանկային բիզնեսը կկանգնի բանկրոտի առաջ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, որի պիկային ցուցանիշը՝ 7,5 տոկոս աճ,  վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է 2017 թվականին: Սա ամենևին էլ մեծ առաջընթաց չէ, որովհետև մինչ 2007 թվականն, առնվազն 5-6 տարի, անընդմեջ Հայաստանում արձանագրվում էր երկնիշ տնտեսական աճ՝  տարեկան միջինը 10-12 տոկոս:

Իսկ ընդհանրապես համոզիչ լինելու համար Սերժ Սարգսյանը թերևս պիտի նաև ներկայացներ, թե 2007 թվականին Հայաստանում քանի մարդ ուներ վարկ, այսօր նրանց թիվը որքան է, ինչ տեսակի վարկեր են դրանք՝ սպառողական,  հիփոթեքային, թե բիզնես կամ ավտո վարկեր: Քանի՞ բնակարանի վրա է ԴԱՀԿ-ն արգելանք դրել:  Եվ վերջապես, եթե 2007 թվականին Հայաստանում աղքատության ցուցանիշը 20 տոկոս էր, հիմա դարձել է 30 տոկոս՝ քանի աղքատ մարդ է փաստացի ավելացել երկրում:

 

 

  Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: