Նահանջ` ռուբիկոնն անցնելուց հետո

Apr 21, 2018 Comments Off on Նահանջ` ռուբիկոնն անցնելուց հետո

Կառավարության առաջին իսկ նիստում  նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է  կառավարության որոշմամբ իրեն տրամադրված Կոնդի  կառավարական առանձնատան սեփականության իրավունքից:

«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ», ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Բանն այն է, որ կառավարության այս որոշումը հանրային բացասական արձագանքի էր արժանացել: Խնդիրը շահարկվեց տարբեր տեսանկյուններից: Հարցը անգամ բարձրաձայնվեց Ազգային ժողովի հատուկ նիստում. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում՝ կարող եմ հետ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»:  Նա նաև նշել էր, թե որևէ տարբերություն չկա, թե որ տնտեսությունից է տրամադրվել առանձնատունը: «Եթե խնդիր տեսնեի՝ կխնդրեի, որ այդտեղից չլինի: Պետության համար դա շահեկան է, որովհետև լրացուցիչ պահպանություն ծախսեր պետք չեն: Եվ այդ ՊՈԱԿ-ում մի քանի առանձնատներ կան, որոնք ազատ են: Ազատ է ԱԺ նախագահի առանձնտունը՝ Արա Բաբլոյանը չցանկացավ գալ, վարչապետինն է ազատ: Նախագահի համար կա առանձնատուն», – նշել էր Սերժ Սարգսյանը:

Խնդիրը սակայն, ոչ թե ընդհանրապես նախկին նախագահին առանձնատուն տրմադրելուն էր վերաբերում, այլ  կոնկրետ այն խնդրին,  որ նախկինում  նշված  տարածքում որևէ առանձնատուն չի սեփականաշնորհվել, սա առաջին դեպքն է, երբ կառավարական տների թաղամասում կատարվում է մասնավորեցում: Նախկին երկու նախագահները առանձնատուն ստացել են այլ տարածքներում, նույնը կարող էր անել նաև երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, թե որոշումը կայացվել է  կառավարության նախաձեռնությամբ, սակայն հասկանալի է, որ առանց իր համաձայնության նման որոշում չէր ընդունի:

«Քծնանքին շատ բացասական եմ վերաբերվում, բայց նաև բացասական եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր հանիրավի վանկարկում են, անվանարկում են, մարդկանց ասածները խեղաթյուրում են»,- «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաայտարարել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, թե  չկա մարդ, ում քծնանքը դուր կգա:

Ընդհանուր տպավորություն կար, թե Սերժ Սարգսյանը մարդկայնորեն վիրավորվել է, որ իր առանձնատան հատկացումը դժգոհության ալիք էր առաջ բերել և շահարկվում էր  բարոյական հարթության վրա:  Հնարավոր է, որ   շրջապատի քծնանքը թույլ  չի տվել Սերժ Սարգսյանին նախապես գնահատել  նման քայլի գնալու ռիսկը: Ամեն դեպքում սա Սերժ Սարգսյանի առաջին խորհրդանշական  նահանջն էր, որը գուցե շախմատային քայլի  տրամաբանությամբ արված զոհաբերություն է` հաղթանակը  պահելու համար: Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ  կառավարական առանձնատնից հրաժարվելու իրողությունը  հանրահավաքային շարժման հաջողությունն է: Այստեղ հավանաբար կա որոշակի ճշմարտություն, որովհետև առանձնատան թեման կարծես թե որոշակի նուրբ ռուբիկոն էր, որն անցել էր Սերժ Սարգսյանը:

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: