Ովքեր են խայտառակում «ռեսպուբլիկան»

Apr 21, 2018 Comments Off on Ովքեր են խայտառակում «ռեսպուբլիկան»

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ առաջիկա լիագումար նիստերի օրակարգ  ընդգրկվեց երկրորդ ընթերցմամբ ներկայացրած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Հիշեցնենք, որ սույն նախագծով առաջարկվում էր ընդհանրապես արգելել դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, ինչպես նաև մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին իրականացնել նախընտրական քարոզչություն կամ օգտագործել վարչական ռեսուրս՝ սահմանելով վարչական ու քրեական խիստ պատժաչափեր:

«Ծառուկյան» խմբակցությունն առաջին ընթերցման ժամանակ առաջարկել էր այդ ցուցակում ընդգրկել նաև ուսումնական և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչներին, սակայն պարզ դարձավ, որ առաջարկը մերժվել է:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը կրկին բարձրացնեց այդ հարցը,ասելով, որ այդպես էլ չի փարատվել իրենց մտահոգությունը, և «Ծառուկյան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ ընտրական գործընթացը և նախընտրական քարոզչության գործընթացը տակնուվրա անող ու ապականող սուբեկտներն ուսումնական հաստատությունների ու առողջապահական հիմնարկների աշխատակիցներն են ու ոչ թե ասենք՝ փրկարարները կամ ոստիկանները, ովքեր քարոզչական գործընթացներին գրեթե չեն մասնակցում:

«Ես արդեն սկսում եմ գալ այն կարծիքին, որ քաղաքական մեծամասնությունը ուղղակի չի ուզում գնալ այդ փոփոխությանը, որովհետև շատ լավ գիտակցում եք, որ եթե այդ մանկավարժական կոլեկտիվներին, դպրոցների տնօրեններին, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներին իսկապես արգելեք նախընտրական քարոզչությանը մասնակցել, ապա որոշ պատգամավորներ այնքան ձայն կհավաքեն, ինչքան ջերմուկի շիշ կա այս սեղանին»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանն ասաց, թե լավատես է, չի կորցրել հավատը քաղաքական մեծամասնության հանդեպ ու առաջնորդվելով անմեղության կանխավարկածով՝ հարց  ուղղեց նիստը նախագահող Ռուստամ Մախմուդյանին, թե ինչն է խնդիրը, որ չեն ընդունում իրենց առաջարկը:

«Ողջամիտ կասկած ունենք, որ դուք շահագռգռված չեք, որ այդ կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները չմասնակցեն, քանի որ հասկանում եք, որ նրանց չմասնակցությունը ծանր հետևանքներ կարող են թողնել որոշ քաղաքական ուժերի թեկնածուների համար»,- ասաց Պետրոսյանը:  Ռուստամ Մախմուդյանը  Գեւորգ Պետրոսյանին հետ բերեց անցյալից՝ ասելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում արդեն իսկ քննարկել են նրանց առաջարկությունը եւ պատասխանել, թե ինչու հանձնաժողովի հավանությանը չի արժանացել:

«Հետևաբար, նախկինում մերժված հարցը կրկին անգամ քննարկման առարկա դարձնելը, կներեք, այդ բառի համար այլ նպատակ է հետապնդում»: ՀՀԿ-ականն ասաց, որ Ընտրական օրենսգրքում չափազանց կարևոր փոփոխություններ են կատարվում, ու չի բացառվում, որ հետագայում քննարկման առարկա դառնա նաև «Ծառուկյան» խմբակցության առաջարկը:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: