Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը կառչած հին կադրերին

Apr 21, 2018 Comments Off on Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը կառչած հին կադրերին

Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկով, նոր կառավարության կազմում վերանշանակել է նախկին նախարարներ Սուրեն Կարայանին` տնտեսական զարգացման և ներդրումների, Դավիթ Լոքյանին` տարածքային կառավարման և զարգացման, Վարդան Արամյանին` ֆինանսների նախարարի պաշտոնում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ նախկին պաշտոններում էին վերանշանակվել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Բացի այդ առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, իսկ Արմեն Գևորգյանին և Վաչե Գաբրիելյանին վստահվել է փոխվարչապետների պորտֆելները: Այսպիսով, նոր կառավարությունում արդեն վերանշանակվել են 5 նախարարներ և նշանակվել են 3 փոխվարչապետ:

Կառավարության առաջին նիստում վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոր կառավարության կազմավորման գործընթացը կավարտվի երկու-երեք օրվա ընթացքում:  Թեպետ բոլոր նշանակումները, համաձայն սահմանադրության, վարչապետի առաջարկով կատարում է նախագահը, սակայն ակնհայտ է, որ կադրային որոշումները կայացնում է անձամբ Սերժ Սարգսյանը: Նախնական նշանակումները վկայում են, որ Սերժ Սարգսյանն այս փուլում փոփոխությունների գնալու հակված չէ: Գործադիր թևում իշխանական կոնֆիգուրացիայի ամբողջական պահպանումը փոփոխությունների առումով հուսադրող չէ: Ընդ որում, առաջին երկու նախարարական նշանակումները վերաբերում էին Էդվարդ Նալբանդյանին ու Վիգեն Սարգսյանին: Այսինքն` նրանց, ում անունները փոփոխությունների համատեքստում ավելի շատ էին շրջանառվում:

Եվ սա տեղի ունեցավ անգամ այն բանից հետո, երբ Ազգային ժողովում  Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շատ կոնկրետ ու անվանական Սերժ Սարգսյանին ասաց, թե նա, միևնույնն է, Էդվարդ Նալբանդյանին, որը տապալել է մեր արտաքին քաղաքականությունը, նշանակելու է արտաքին գործերի նախարար: Եթե Սերժ Սարգսյանը վերանշանակի նաև առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, ում անունը նույնպես, որպես անարդյունավետ աշխատող նախարարի, հնչեց Ազգային ժողովում, կնշանակի խորհրդարանում ընդդիմադիրների  բարձրացրած հարցերն ու արտահայտած կարծիքներն ընդհանրապես որևէ նշանակություն չեն ունեցել Սերժ Սարգսյանի համար: Նա նախապես ունեցել է կայացրած որոշումներ, իսկ վարչապետի թեկնածու-պատգամավորներ քննարկումն ու այդ նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստը ձևական միջոցառումներ են եղել: Սերժ Սարգսյանը մի կողմից խոստանում է իրավիճակի փոփոխություն և կառավարության ավելի արդյունավետ աշխատանք, մյուս կողմից էլ հին դեմքերով նոր կառավարություն է ձևավորում:

Հավանական է, որ նա արմատական փոփոփոխությունների կգնա երկրորդ էտապում` նախարարներին փոխելով մեկ-մեկ: Մամուլի հրապարակումների համաձայն` Սերժ Սարգսյանը մտադիր է աշնանը գնալ ավելի կտրուկ կադրային փոփոխությունների: Մինչ այդ, հաշվի առնելով, որ այս տարի կարևորագույն երեք պետական միջոցառումներ են նախատեսված` առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը, աշնանը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում և մայրաքաղաքի հիմնադրման 2800- ամյակի տոնակատարությունները, փոփոխությունների գնալը նպատակահարմար չէ:

Մյուս կողմից, սակայն, հատկապես այս փուլում, երբ առկա է փողոցային հանրահավաքների լուրջ ճնշում, և Սերժ Սարգսյանի դեմ հասունացած դժգոհության ալիքը գնալով նոր թափ է ստանում, որոշակի կտրուկ քայլերի գնալը և կադրային թարմությունը կարող էր փոփոխությունների իմիտացիա ստեղծել: Բայց ՀՀԿ առաջնորդն առայժմ կարծես թե չի ուզում շեղվել իր հիմնական աշխատաոճից:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: