Սերժ Սարգսյանի շրջադարձը. նա լուծում է փնտրում

Apr 21, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի շրջադարձը. նա լուծում է փնտրում

Վարչապետի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը, որտեղ նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքներին: Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կներկայացվի ապրիլի 19-ին: Հրապարակված կարճ հատվածում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մարդկանց իրավունքներն ու ազատություններն ամենաառաջնայինն են, եթե դրանք իրապես իրականացվեն տրամաբանության սահմաններում, որևէ կերպ չխոչընդոտեն տնտեսական զարգացմանը:

Սակայն երբ հանրահավաքները դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների, ապա դրանք, ինչպես Սերժ Սարգսյանն է նշել, չեն կարող դրական ազդել տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման վրա: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը միակ մեկ հանգիստ տարի է ունեցել, որ չի եղել արտաքին և ներքին անկայունություն. «Միակ տարին է երևի 2017թ.-ը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել: Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մեզ մի քանի տարի է պետք ընդամենը, մի քանի տարի, որպեսզի այս տնտեսական աճը մարդկանց համար շատ ավելի շոշափելի լինի: Ճիշտ է, միևնույն է դժգոհություն լինելու է, որովհետև մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են: Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել: Սա է ամբողջ խնդիրը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Խոսելով ներդրումների մասին` նա ասել է, որ ներդրողը, եթե չկա գերշահույթ, եթե օրենքները իդեալական չեն աշխատում, և վիճակն էլ երկրում անհանգիստ է, ներդրումներ կատարելուց խուսափում են:

Սերժ Սարգսյանը նախօրեին խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ փողոցում կատարվող իրադարձություններին ընդհանրապես չէր անդրադարձել, իսկ արդեն ընտրվելուց հետո հենգնանքով արտահայտվեց միտինգների մասին. «Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում` ձեր աշխատասենյակների մեջ, նստելով՝ ձեր փոխարեն օրենքներ գրել, դրանք ձեր պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե լիներ օրինզանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին»,- դիմելով ԱԺ դահլիճում ներկա «Ելքի» պատգամավորներին` ասել էր Սերժ Սարգսյանը և խորհուրդ տվել նրանց` Նիկոլ Փաշինյանին բերել խորհրդարան:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո հանրահավաքի մասնակիցների թիվն ընդգծված ավելացավ, և արդեն երկրորդ օրն անընդմեջ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում հանրահավաք է ապահովում: Սերժ Սարգսյանի` հեռուստահարցազրույցում արդեն խոսքի տոնայնությունն ու շեշտերը կարծես թե փոխված են: Եթե ընդամենը մեկ օր առաջ Սերժ Սարգսյանը համոզված էր, որ հանրահավաքները խնդիր չեն կարող հարուցել, քանի որ դրանք մասնակիցների բավարար քանակ չունեն, ապա այժմ գտնում է, որ դրանք այնքան լուրջ են, որ կարող են անգամ խոչընդոտել ներդրումներին: Սա բավականին հետաքրքիր շրջադարձ է, որը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին ազդակներով:

Բանն այն է, որ միջազգային առաջատար լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են երևանյան դեպքերին: Ավելին` հանրահավաքների առնչությամբ հայտարարություններ են տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, միջազգային իրավապաշտպան կառույցներ, որոնք նշել են, որ հետևում են երևանյան իրադարձություններին, և հույս են հայտնել, որ կբացառվի ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքներին անդրադարձել էր նաև Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ևս նշել էր, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվեն բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը. «Ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով: Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ: Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է»,- հայտարարել էր Արմեն Սարգսյանը:

Սա թերևս առաջին ջրբաժանն է` որքանով արժեք կունենա Արմեն Սարգսյանի խոսքը Սերժ Սարգսյանի համար` իհարկե դեռ կերևա: Փաստորեն կողմերը ճնշում են վարչապետ Սերժ Սարգսյանին` չգնալ բռնության, սակայն շարունակվող ցույցերը իրավիճակը կարող են դուրս բերել վերահսկողությունից: Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել հրապարակից, հրապարակ դուրս եկողները պատասխան են ուզում ստանալ: Սերժ Սարգսյանի համար խաղաղ հանգուցալուծման բանաձևը դեռ գտնված չէ:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: