Ինչո՞ւ են տնօրենները փակել դպրոցների դռները. պարզաբանում է ԿԳՆ պաշտոնյան

Apr 20, 2018 Comments Off on Ինչո՞ւ են տնօրենները փակել դպրոցների դռները. պարզաբանում է ԿԳՆ պաշտոնյան

Ընդդեմ Սերժ Սարգսյանի իրականացվող հանրահավաքների ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից հայտարարություններ են հնչել, որ որոշ դպրոցների տնօրեններ հրահանգել են փակել դպրոցի դռները և թույլ չեն տվել բարձր դասարանների աշակերտներին մասնակցել հանրահավաքներին: Առավոտյան ԿԳՆ-ն նաև պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որով կոչ էր արվում քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Նախարարությունը կոչ էր արել նաև ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և համագործակցելով ուսումնական հաստատությունների հետ` բացառել սովորողների` անուշադրության տիրույթում հայտնվելու հնարավորությունը:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Hayeli.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու են տնօրենները փակել ուսումնական հաստատությունների դռները, նշեց, որ դպրոցի տնօրենը աշակերտների անվտանգության համար կրում է պատասխանատվություն. «Դա դպրոցի և անձամբ տնօրենի պարտականությունն է. համաձայն դպրոցի օրինակելի կանոնադրության 48-րդ հոդվածի 13-րդ կետի` դպրոցի տնօրենը կրում է պատասխանատվություն երեխաների կյանքի և առողջության համար: Այսինքն` եթե երեխան տվյալ պահին դպրոցում է գտնվում, նրա կյանքի և առողջության պատասխանատուն դպրոցն է: Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր առավոտյան դպրոց են հաճախել: Այսինքն՝ եթե ծնողը երեխային դպրոց է ուղարկել, ապա դպրոցը պատասխանատու է նրա համար: Այլ հարց, եթե ծնողը սեփական պատասխանատվությամբ երեխային չի  ուղարկում դպրոց կամ համաձայնվում է, որպես օրինական ներկայացուցիչ, իր երեխային հանել դպրոցից և որևէ միջոցառման տանել: Այս դեպքում արդեն պատասխանատուն դառնում է ծնողը: Բայց երբ պատասխանատվությունը տնօրենի վրա է, բնական է, որ նա համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի»,- նշում է Աշոտ Արշակյանը:

Վարչության պետի խոսքով` եթե դասի ժամանակ որևէ երեխայի որևէ բան պատահի, ծնողը կարող է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն հարց բարձրացնել և հարցնել՝ ես իմ երեխային ուղարկել եմ դպրոց, նա ի՞նչ գործ ուներ հանրահավաքի տեղում: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հավաքների ժամանակ հնչում են կոչեր՝ դեռահասների մասնակցությունը խրախուսելու և դասապրոցեսը դադարեցնելու վերաբերյալ: Նախարարությունը չունի հստակ տվյալներ, թե որքան դեռահասներ են մասնակցում հանրահավաքներին, սակայն նախարարությունն ունի անհանգստություն` հաշվի առնելով, որ հանրահավաքների կազմակերպիչները շրջում են մայրաքաղաքում, այդ թվում նաև մտնում ուսումնական հաստատությունների տարածք և կոչեր հնչեցնում. «Այս տարիքում պատանիներին բնորոշ են զգացմունքայնությունը, դյուրագրգռությունը, և նրանք կարող են զանգվածային միջոցառումների ընթացքում տարբեր խնդիրների հետ բախվել: Նաև հնարավոր ռիսկերը հաշվի առնելով` տնօրենները կատարում են իրենց պարտականությունը»,- վստահեցնում է Աշոտ Արշակյանը և հավատացնում, որ առհասարակ դպրոցի դռները բաց են և փակվում են միայն այն ժամանակ, երբ իրենց միանալու կոչերով դպրոցին մոտենում են հանրահավաքի ակտիվիստները:

Հիշեցնենք, որ ոստիկանության կողմից բերման ենթարկվածների մեջ եղել են նաև 14-16 տարեկան դեռահասներ: Աշոտ Արշակյանը տեղեկություն չունի, թե կոնկրետ որ դպրոցների աշակերտներ են նրանք, և արդյոք ծնողները տեղյա՞կ եղել են, որ նրանք մասնակցելու են հանրահավաքին. «Իրավիճակին ծանոթանալու համար զրուցել եմ բոլոր տնօրենների հետ, սակայն բերման ենթարկված աշակերտների մասին տեղեկատվություն չեմ ստացել»: ԿԳՆ պաշտոնյան թեպետ վստահեցնում է, որ բոլոր դպրոցներում դասերն ընթացել են բնականոն հունով, սակայն չի ժխտում, որ հատկապես Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող ավագ դպրոցներում բացակայությունները վերջին օրերին շատացել են. «Բոլոր տնօրնները դասղեկների միջոցով կապվել են ծնողների հետ, որպեսզի իմանան բացակայության պատճառը: Մեծ մասամբ ծնողները երեխաներին չեն ուղարկել դպրոց` անվտանգության նկատառումներից ելնելով»: Մեր ճշտող հարցին` որքանո՞վ է համոզված, որ դպրոց չհաճախած բարձր դասարանցիները չեն մասնակցում հանրահավաքներին, Արշակյանը հակադարձեց. «Համենայն դեպս, դպրոցների տնօրենների հավաստմամբ, չեն մասնակցում, իսկ եթե անգամ մասնակցում են, ապա ծնողների գիտությամբ և պատասխանատվությամբ»:

 

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: