«Մայդան», «Արևմուտքի գործակալներ», Բելառուսի և Ղազախստանի ճակատագրի բացառում. Սարգսյանի նշանակումն ու միջազգային մամուլի արձագանքը

Apr 21, 2018 Comments Off on «Մայդան», «Արևմուտքի գործակալներ», Բելառուսի և Ղազախստանի ճակատագրի բացառում. Սարգսյանի նշանակումն ու միջազգային մամուլի արձագանքը

Սարգսյանի նշանակումը կասկածի տակ է դնում ժողովրդավարության կայունությունը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից: Փաստելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունը Երևանում բազմիցս է բռնի ուժ գործադրել՝ հիմնականում խաղաղ հանրահավաքները ցրելու համար, հեղինակավոր իրավապաշտպան կառույցն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

«Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին», նշում է Human Rights Watch-ը, հավելելով․ «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ՝ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»:

Գերմանական «Դոյչե Վելլե»-ն հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ 2008-ին՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որոնք զանգվածային բողոքի ցույցերի ու սպանություններով ուղեկցված բախումների պատճառ դարձան: Փորձագետները նշում են, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ նրա քայլը ծանոթ պրակտիկա է ու հաճախ է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Դա հայտնի մարտավարություն է հետխորհրդային տարածքում, որտեղ առաջնորդներն անվերջ փոփոխում են Սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար»,- ասել է «Քարնեգի Եվրոպա» փորձագիտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը:

Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Միջազգային վերլուծական կենտրոնը նաև փաստում է, որ անկախացումից հետո մինչ օրս ղարաբաղյան հարցն ու երերուն տնտեսությունը փորձության են ենթարկում Հայաստանի ներքին կայունությունը: «Այս ամենի վերևում կոռումպացված քաղաքական համակարգն է, որը 2015-ին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ կենտրոնացնելով իշխանությունը վարչապետի ձեռքում»,- հավելում է Foreign Brief-ը: «Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կապերը Մոսկվայի հետ՝ նրա ընտրությամբ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կպահպանվի»,- պնդում են միջազգային փորձագետները, հավելելով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, և չի բացառվում, որ դրանց ընթացքում գործադրվեն բռնություններ:

Սարգսյանը պատրաստվում է «ատամներով կառչած մնալ» իշխանությանը

Միջազգային մամուլը հեղեղված է հայաստանյան իրադարձությունների մասին հրապարակումներով:

BBC-ի ռուսական ծառայությունը բավական հանգամանալից անդրադառնալով Հայաստանում սկսված բողոքի ցույցերին՝ գրում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնել է 2013-ին, որից հետո Հայաստանը սկսել է անցնել խորհրդարանական կառավարման համակարգի՝ ընդլայնելով վարչապետի լիազորությունները: «Եթե Սարգսյանը դառնա վարչապետ, կշարունակի իշխանավարել մինչև 2022-ը», – ընդգծում է BBC-ն:

«Ֆրանսպրեսը», Սերժ Սարգսյանին բնորոշելով որպես ռուսամետ առաջնորդ, հաղորդում է, թե նա պատրաստվում է «ատամներով կառչած մնալ իշխանությանը, այս անգամ՝ վարչապետի պաշտոնում»։ Ընդդիմությունը պնդում է, որ անցումը խորհրդարանական կառավարման և վարչապետի լիազորությունների ընդլայնումը իրականում արվել էր այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը:

Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև «Ասոշիեյթեդ պրեսը»՝ գրելով․ – «Ըստ հայաստանյան ընդդիմադիր ուժերի, Սերժ Սարգսյանն ուզում է անժամկետ մնալ իշխանության, ինչի դեմ նախատեսված են շուրջօրյա նստացույցեր»:

«Դոյչե Վելլեն» զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, ով փոխանցել է, թե «Սերժ Սարգսյանը ձեռնարկել է հնարավոր բոլոր քայլերը սեփական իշխանությունը վերարտադրելու համար»: Նա կունենա անսահմանափակ լիազորություններ, և այս պայմաններում ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու այլ ոլորտներում իմաստ չունի ակնկալել առաջընթաց», – գերմանական լրատվամիջոցին ասել է Փաշինյանը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանի իշխանասիրության երկարաձգմամբ կարելի է խաչ քաշել կոռուպցիայի ու կլանային համակարգի դեմ պայքարի վրա:

Հղում անելով ընդդիմադիրներին՝ «Դոյչե վելլեն» միաժամանակ նշում է, որ իշխանություններն իրենք են իրենց անկյուն մղել․ գործող նախագահը ուժային գործողությունների հրաման տալու իրավունք չունի, իսկ վարչապետը, որ ունի նման լիազորություններ, ընտրվելու է վաղը: «Փաստացի ընդդիմությունը օգտվեց անիշխանության այս պատուհանից», – արձանագրում է «Դոյչե վելլեն»:

Ռուսաստանյան «Ռոսբալտը» գրում է․ «Ռուսաստանը օգնեց Սարգսյանին, որ իրեն փոխարինի իրենով: Հայաստանի՝ ոչ այնքան լայն աջակցություն ունեցող նախկին նախագահը վաղը կդառնա երկրի վարչապետ: Սերժ Սարգսյանը, որին Հայաստանի սահմանադրությունը թույլ չի տալիս առաջադրվել նախագահության երրորդ ժամկետի համար, իզուր չէր շտապ կարգով փոխում երկրի մայր օրենքը: Չցանկանալով հեռանալ քաղաքական Օլիմպոսից՝ նա ընդամենը սահմանադրական բարեփոխում անցկացրեց, որով Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցավ խորհրդարանականի»: «Մինչև վերջին պահը Սերժ Ազատովիչը կոկետություն էր անում և չէր հաստատում իր վարչապետական հավակնությունների մասին պնդումները: Դրան, սակայն, ոչ ոք չէր հավատում, և ճիշտ էր անում՝ վաղը երկրի խորհրդարանը «կառավարության նոր ղեկավար կընտրի» այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին», – ընդգծում է «Ռոսբալտը»: – «Այսպիսով, այլևս կասկած չի մնում, որ Սարգսյանը իրեն համապատասխանեցրեց Սահմանադրությունը: Այսուհետ երկրի ողջ իշխանությունը նրա ձեռքերում է լինելու կենտրոնացած:

Ռուսաստանյան «Դոժդ»-ը, անդրադառնալով բողոքի ակցիաներին, փաստում է․ – «Հայաստանցիները չեն ուզում կիսել Բելառուսի և Ղազախստանի ճակատագիրը»: Իսկ Ռուսաստանյան «Վեստի»-ն հետևյալ կերպ է բնորոշում իրավիճակը․ – «Երևանում ոստիկանությունը կռվի բռնվեց ցուցարարների հետ»: Իսկ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, թե իրենց հաշվարկներով, Փաշինյանի հետ դեպի Ազգային ժողով գնացող ցուցարարների թիվը հասնում էր հազարների»:

Washington Post-ը, մասնավորապես, նշել է, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել դեպի Ազգային ժողով շարժվող հազարավոր հակաիշխանական ընդդիմադիր ցուցարարների հանդեպ, որի արդյունքում կան վիրավորներ: Հեղինակավոր պարբերականը ընդգծել է, որ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել 2008-ին և իր նախագահության ժամկետի լրանալուց և նախագահի լիազորությունները թուլացնելուց հետո, վկայակոչելով ընդդիմությանը՝ ցանկանում է հավերժ մնալ իշխանության:

World Politics Review-ն նույնպես բավականին հանգամանալից վերլուծականով անդրադարձել է Երևանի ցույցերին նշելով, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից չհեռանալու ծրագիրը վերակենդանացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու ակտիվիստներին:

Ռուսական մամուլում հիստերիա է բարձրանում

Իրադարձությունները այլ կերպ են մեկնաբանում Կրեմլյան լրատվամիջոցները։ Ռուսական լրատվամիջոցներում երևանյան ցույցերի հանդեպ հետաքրքրությունը ևս մեծ է եղել:

Հատկանշական են, մասնավորապես, ռուսական Sputnik-ի հոդվածներն ու դրանց վերնագրերը: Դրանցից մեկը, որպես օրինակ, բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների գործողությունների հետևանքով միավորված մասնակիցների, Նիկոլ Փաշինյանի, այդ թվում վիրավոր ոստիկանների փոխարեն միայն նշել է 3 վիրավոր ոստիկանների մասին: Նույն Sputnik-ի մեկ այլ «Երաժշտական դադար՝ Ընդդիմությունը մեկ ժամ դադար է վերցրել» հոդվածը Երևանի պահանջատեր ցուցարարների բողոքի ցույցը չակերտներում «խաղաղ քաղաքացիական անհնազանդություն» էր որակել:

Գործի են դրվել նաև Կրեմլի քարոզչամեքենան հանդիսացող մի շարք այլ ԶԼՄ-ներ՝ փորձելով ակտիվորեն իրականացնել միակողմանի ապատեղեկատվություն իրականացնելու իրենց առաքելությունը: ВЗГЛЯД Деловая газета-ն Новый армянский майдан раскачивают «грантоеды» ծավալուն հրապարակման մեջ արդեն հոդվածում Երևանի ցույցերը բնորոշում է որպես գրանտակերների կողմից կազմակերպվող հերթական մայդան:

«Интерфакс» գործակալությունը գրել է Բաղրամյան պողոտայի արգելափակման մասին՝ նշելով, որ պողոտայում են տեղակայված մի շարք դեսպանատներ, նախագահի նստավայրը, որն առաջիկայում դառնալու է վարչապետինը և Ազգային Ժողովի շենքը:

Ընդհանուր առմամբ՝ «Интерфакс»-ը կատարել է չոր փաստերի արձանագրում, ինչը չի կարելի ասել «Московский комсомолец»-ի մասին: Խեղաթյուրումը սկսվում է արդեն վերնագրից՝ «Հայաստանում մեկնարկել է մայդան»: «Մայդան» բառը ռուս ընթերցողի համար խիստ բացասական երանգ ունի: Սակայն հեղինակը դրանով չի սահմանափակվում: Պարզվում է, որ ցուցարարները «նոր վարչապետ են տեսնում Նիկոլ Փաշինյանին»: Հեղինակը ողջ հոդվածը կառուցում է այն թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վարչապետ դառնալ և կազմակերպել է ցույցերը սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Հոդվածն ամբողջովին ոչ միայն փաստերի խեղաթյուրում է, այլև հող՝ հետագայում հայկական ընդդիմությանը դասել «Արևմուտքի գործակալների» շարքին: Ցավալին այն է, որ այդ հոդվածի հեղինակը, դատելով Ավակով ազգանունից՝ հայ է:

Հայաստանցիների բողոքին հիմնավոր կերպով անդրադարձել է «Настоящее время» լրատվական կայքը: Այն գրեթե անմիջապես թարմացնում է տեղեկատվությունը բողոքի ակցիաներից և ներկայացնում փաստեր: Կայքում նշվել է նաև, որ Վանաձորում բողոքի ակցիաներ են իրականացվում: Կայքը մանրակրկիտ կերպով անդրադառնում է բողոքի պատճառներին՝ սկսելով 2015 թ. սահմանադրական փոփոխություններից: Լրատվականը, հղում կատարելով «մասնագետների կարծիքին»՝ նշում է, որ փոփոխությունները պետք էին հենց իշխող ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, ինչն էլ հանդիսացել է զանգվածային բողոքի պատճառ: «Հայկական ընդդիմությունը դեմ էր Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը և կոչ է արել համախոհներին՝ դուրս գալ փողոց»,- գրված է «Настоящее время» կայքում:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: