Սերժ Սարգսյանը սպառնում է

Apr 20, 2018 Չի մեկնաբանվել

Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրներում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը, և դա պատահական չէ: <<Դա կոչված է նաեւ ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար: Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որեւէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձեւ: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում>>,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում չի կարող լինել հակասություն խորհրդարանի ու կառավարության միջև:

Այս կերպ Սերժ Սարգսյանը փորձել է հիմնավորել, թե ինչու է ինքը, անտեսելով իր` մինչ սահմանադրական փոփոխությունները արած հայտարարությունը, թե այլևս չի հավակնելու նախագահի, ԱԺ նախագահի, իսկ սահմանադրական փոփոխությունների պարագայում նաև ՀՀ վարչապետի պաշտոններին, այնուամենայնիվ վերստին դառնում է ՀՀ վարչապետ: Այիսնքն` Սերժ Սարգսյանը շատ պարզ, որ անկախ նրանից, ինքը կդառնար վարչապետ, թե ոչ, միևնույնն է, լինելով ՀՀԿ ղեկավար, փաստացի ինքն է լինելու երկրի ղեկավարը: Վարչապետը հաշվետու է իշխող մեծամասնությանը` ՀՀԿ-ին, հետևաբար, եթե վարչապետի և ԱԺ մեծամասնության միջև լինեն  տարաձայնություններ, ապա հաղթելու է խորհրդարանական մեծամասնությունը: ՀՀԿ-ի և վարչապետի միջև որևէ հակասություն չի կարող լինել, եթե վարչապետը Սերժ Սարգսյանն է, որովհետև ՀՀԿ-ն, ինչպես ցույց է տալիս կյանքը, երբեք չի հակադրվում իր առաջնորդին:

<<Այդ դեպքում հարց է առաջանում՝ մի՞թե չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադրական բարեփոխումների հենց ամենասկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենտական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին>>,- ինքն իրեն հարցնում է Սերժ Սարգսյանը և պատասխանում` իհարկե կանխատեսում էի: <<Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, եւ այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ նախ եւ առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն եւ հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերում>>,- հայտարարել է նա:

Սերժ Սարգսյանի բացատրությունը այս դեպքում, սակայն, համոզիչ չէ առնվազն երկու պատճառով` աքրդյոք 2014-ին, երբ հայտարարում էր, թե չի դառնա վարչապետ, չգիտեր, որ ինքը ՀՀԿ առաջնորդն է: Ըստ էության, Սերժ Սարգսյանի պատճառաբանությունը հենվում է այն իրողության վրա, որ 2014-ին  ինքը վստահ չէր, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն վերստին խորհրդարանում մեծամասնություն է կազմելու: Տեսականորեն եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն չստանար մեծամասնություն, ապա այսօր Սերժ Սարգսյանի փոխարեն մեկ այլ ուժի առաջնորդ էր ստանձնելու վարչապետի պաշտոնը: Բայց սա, իհարկե, պարզագույն բլեֆ է, որովհետև Սերժ Սարգսյանը հենց այն պահին, երբ հայտարարում էր, թե չի հավակնում դառնալ վարչապետ, առավել քան վստահ էր, որ ինքն ու իր կուսակցությունը անելու են ամեն ինչ` ստանալու ԱԺ մանդատների մեծամասնությունը: Կա նաև երկրորդ խնդիրը` որպես կանոն, խորհրդարանական մոդել ունեցող երկրներում վարչապետի պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ տվյալ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը: ՀՀԿ ցուցակը 2017-ին գլխավորում էր Կարեն Կարապետյանը, և սա Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի երկրորդ բլեֆն է: Հասարակության և ժողովրդի հետ նրանք ավելի ազնիվ կլինեին, եթե ցուցակը գլխավորեր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Եվ այսօր, երբ տոտալ ընտրակաշառքի և Կարեն Կարապետյանի անվան շուրջ կառուցված կեղծ ՊՌ-ի արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը արդեն իրողություն է, ՀՀԿ առաջնորդը գրեթե սպառնում է` ասելով, որ ինքը միակն է, ով ունի բավարար ազդեցություն և հնարավորություն` ապահովելու խորհրդարանական մեծամասնության և կառավարության ներդաշնակ աշխատանքը: Իրենից բացի` ով էլ դառնա վարչապետ, պարզապես կտապալվի, որովհետև Սերժ Սարգսյանը ուղղակի թույլ չի տա, որ մեկ այլ վարչապետ հանգիստ ու ներդաշնակ աշխատի:

Ավելին` սա դեռ քիչ է, Սերժ Սարգսյանը անգամ հայտարարում է, որ այսուհետ բացի խորհրդարանական մեծամասնությունից` ոչ ոք իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: Այսինքն` ժողովրդի անունից պետք է խոսի միայն ՀՀԿ-ն կամ ինքը` իբրև ՀՀԿ առաջնորդ: Իսկ ով է խոսելու փոքրամասնության անունից, թե Սերժ Սարգսյանը նրան այլևս ժողովուրդ չի համարում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանը սպառնում է”

Մեկնաբանել