Օլիգարխիայի խուճապն ու Սերժ Սարգսյանի խորհուրդները

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Արտակարգ պայմաններում խորհրդարանը ընտրեց խորհրդարանական մոդելի Հայաստանի առաջին վարչապետին, որը երկրի փաստացի ղեկավարն է համարվում: Վաղ առավոտից պատգամավորները ոտքով ճանապարհ էին ընկել, շտապում էին շրջանցել մայրաքաղաքի փակ ճանապարհները,գցված բարիկադները, հասնել խորհրդարան ու կատարել ճակատագրական ընտրությունը: Խորհրդարանի վերջին տասնամյա պատմության ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ ՀՀԿ խրամատները մինչեւ նիստի ավարտը մնացին լիքը, որեւէ պատգամավոր ստիպված չեղավ ծլկել գրանցվելուց հետո: Վերջին տարիներին դժվար է հիշել մի դեպք, երբ առավոտյան ութից  միջանցքներում կշրջեին մականունավոր պատգամավորները, ինչպիսիք Սամվել Ալեքսանյանը, Արկադի Համբարձումյանը, Արայիկ Գրիգորյանը, որոնք խուճապահար չէին քնել ու շտապել էին Սերժ Սարգսյանի ընտրությանը, քանզի նրանից է կախված իրենց վաղվա լինելիությունը:
Դժվար է հիշել, երբ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը կմնան զորքի հետ ու կեսից չեն լքի զինակից ընկերներին, ինչպես անում են սովորաբար: Սակայն ինչպես Արտաշես Գեղամյանը կասեր, ապրիլի 17-ն այդ սուրբ օրն էր եւ խորհրդարանը վարչապետ էր ընտրում:  Վարչապետ էր ընտրում, սակայն հեղափոխություն էր լսում, քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը մխրճվել էին սեփական բջջայինների մեջ ու հետեւում էին այն պայքարին, որն արդեն քանի օր է նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորների ելույթներին Սերժ Սարգսյանը հիմնականում անհաղորդ էր, նա գլխիկոր իր առջեւ դրված թղթերն էր թերթում, մեկընդմեջ ննջում, հազվադեպ էլ ժպտում, ինչպես դա արեց Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ, որը Նիկոլ Փաշինյանի ոճով փորձեց հակադարձել իշխանական գործընկերներին, որ սա Հայլուրի Հայաստանը չէ ու բավ է ներկայացնել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է: Եւ իրականում ՀՀԿ-ականները քաղաքացիների ըմբոստությանն  անհաղորդ, երկրից ու իրականությունից կտրված  փշալարերի հետեւում անցկացվող  նիստի ողջ ընթացքում փառաբանում ու երկրպագում էին իրենց առաջնորդին: Ի վերջո, կայացավ քվեարկությունը եւ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն պատգամավորներից բացի աջակցում են «Ծառուկյան» խմբակցության հետեւյալ պատգամավորները, որոնք են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ Նապոլեոն Ազիզյան, Արգամ Աբրահամյան, Արայիկ Աղաբաբյան, Հրանտ Մադաթյան, Վանիկ Ասատրյան, Վարդան Բոստանջյան, Կարինե Պողոսյան, Մելիք Մանուկյան, Դավիթ Մանուկյան, Իշխան Զաքարյան, Արթուր Մանուկյան ու Մերուժան Սիմոնյան:

Խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր: Բացակայում էին նաեւ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը, իսկ պատգամավորներ Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանն ու Սերգեյ Բագրատյանն ուղղակի քվեարկեությանը չմասնակցեցին: Վարչապետ ընտրվելուց հետո  Սերժ Սարգսյանը, դիմելով «Ելքին» ասաց. «Եթե կընդունեք, 3 խորհուրդ ձեզ: Հայաստանում ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից ազատվեք: Ունակություն ունեցեք լսել: Այդ բարդույթը դրսեւորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ եւ սա վատ է: Դա ձեզ համար նաեւ օգտակար կլինի, իրոք, տեղյակ կլինեք իրավիճակից: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհով հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը աչքիս ոնց որ թե  ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վե՛րջ: Սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել քաղաքական մեծամասնությունը: »: Գեւորգ Գորգիսյանին նկատի ունենալով՝ Սերժ Սարգսյանը նրան խորհուրդ տվեց ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Նա ասաց, որ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ստեղծում եւ մեղադրում. «Մեղադրում են միայն դատարանում, այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել, այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը եւ լավի համար, եւ վատի համար: Եթե ձեզ թվում է, որ մենք 90-ականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ ասեմ, այդպես էլ ընդունեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունում: Գիտակցեք, որ սա խորհրդարան է, օրենքներ են ընդունվում, որոշումներ կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ»: Սերժ Սարգսյանի հաջորդ խորհուրդն ուղղված էր «Ելքի» բոլոր պատգամավորներին. «Դուք ձեր ողջ ջանքը գործադրեք՝ ձեր ընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չենք ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն՝ դա ձեր մոտեցումներն ու ձեր պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, պիտի լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե լիներ օրինազանց, ապա փողոցում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Օլիգարխիայի խուճապն ու Սերժ Սարգսյանի խորհուրդները”

Մեկնաբանել