Սա լինելու է ոչ թե երրորդ ժամկետ, այլ ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետ. Սերժ Սարգսյան

Apr 17, 2018 Comments Off on Սա լինելու է ոչ թե երրորդ ժամկետ, այլ ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետ. Սերժ Սարգսյան

Իմ կուսակից ընկերների խոսքում տեղ են գտնում տեսակետներ, որոնք կարելի էր ավելի համեստ շարադրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ քննադատական ելույթներում պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս իշխանության, որպեսզի արդարացնեն վատ վիճակը:

Սերժ Սարգսյանն իրեն ուղղված քննադատությունը բաժանեց երկու խմբի. Առաջինը վերաբերում է նրան, որ ՀՀ երրորդ նախագահի օրոք եղել են այս-այս խնդիրները:

«Մեջբերվում են կոնտեքստից հանված խոստումներ և դրանք ներկայացվում որպես չկատարված խոստումներ: Կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, որ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին: Դա արվում է վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հիմա լավ անել: Սա է ուղերձը: Սա պարզունակ մարտավարություն է, բայց միգուցե կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ 2007-2017 թթ. տասնամյակում երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել. «Կարիք չկա ամեն գնով սևացնել: Վստահ եմ, որ շրջանառվող իբր ամփոփումների փոխարեն դեռ լուրջ վերլուծություններ կլինեն այդ ժամանակահատվածի համար»:

Նա անդրադարձավ իր վարչապետ առաջադրվելուն՝ ասելով. «Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, իմիջիայլոց ինչո՞ւ երրորդ, ոչ թե չորրոդ, որովհետև նախագահ լինելուց առաջ ես վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, փնտրվում են հակասություններ իմ հայտարարությունների միջև: Սա շատ երկար քննարկվեց, թեև քննարկելու հարց էլ չկար:

Սահմանադրական փոփոխություններով ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման փիլիսոփայությունը: Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, որոնք հետևում են իմ ասածներին, գրառե, որ ոչ մեկի մտքով չի անցնելու, որ իշխող ուժի վարչապետին կարելի է դիտարկել իբրև կիսանախագահական համակարգի նախագահ, դիտարկել այս անցումը որպես երրորդ ժամկետ: Պարզից էլ պարզ է, որ այլևս գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված ղեկավար: Առաջնային մանդատ ունեցող մեկ մարմին կա՝ խորհրդարանը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նկատեց, որ դեռ չի ընկալվել, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը, անհամեմատելի է նախագահի դերակատարության հետ:

«Մարդիկ դեռ ամբողջությամբ, չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Սա ոչ թե լինելու է երրորդ ժամկետ, այլ ՀՀԿ-ի ղեկավարման առաջին ժամկետը: Կարծում եմ՝ սա ընկալվում է բոլորի կողմից,. բայց ժանրի կանոնն է, որ ինչ-որ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել, բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու»:

Իր խոսքի վերջում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ նշելով. «Դուք շատ համոզիչ ապացուցեիք, որ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ էին: Այսինքն դուք ցույց տվեցիք, որ այլևս չկա ՀՀ նախագահի նկարի իշխանություն: Կա քաղաքական ուժի իշխանություն: Երկրորդ շնորհակալությունը կապված է ձեր բարի գալուստի հետ: Եվ որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանա, իսկ դրանք չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: