Ադրբեջանցին պատմել է, թե ինչպես է քառօրյա պատերազմի ժամանակ գլխատել մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին

Apr 17, 2018 Comments Off on Ադրբեջանցին պատմել է, թե ինչպես է քառօրյա պատերազմի ժամանակ գլխատել մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին

Համացանցի ադրբեջանական տիրույթում Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել։
Հանցագործությունը կատարած ադրբեջանցի զինծառայողի տվյալներն են՝ Մամեդով Սարխան Սյանանի օղլը ( Məmmədov Sərxan Sənani oğlu ) ծնվել է 04.04.1991թ. Ադրբեջանի Բարդայի շրջանի Օթուզիքիլար գյուղում, Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի ենթասպա։ 2009թ ծառայել է Նախիջևանի զորամասերից մեկի հետախուզությունում, որից հետո ծառայության է անցել հատուկ նշանակության ուժերում։

Ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մամեդովը պատմել է, որ 2016-ի ապրիլին, մարտական գործողությունների ժամանակ իրենց խմբով հարձակվել են Թալիշ գյուղի մոտակայքում տեղակայված հայկական դիրքերին օգնության հասնող ,,Կամազ,, մակնիշի ավտոմեքենայի վրա, սպանելով վարորդին՝ կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը, որից հետո նա գլխատել է ավտոմեքենայի ուղևորին, ով կոչումով մայոր էր։ Մամեդովը նշել է նաև, որ վիրավոր մայորը ատրճանակով փորձել էր դիմադրել նրանց, երբ նրանք փորձում էին տիրանալ վերջինիս ինքնաձիգին։

Ամենայն հավանականությամբ, այս նույն խմբի կողմից է գնդակահարվել և խոշտանգվել նաև թալիշցի Խալափյանների ընտանիքը։

Ինչպես գիտեք՝ 2016թ-ի ապրիլի 2-ին Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերին ,,Կամազ,, մակնիշի ավտոմեքենայով զինամթերք հասցնելու ճանապարհին Մայոր Հայկ Թորոյանն ու Հրանտ Ղարիբյանը հայտնվել են ադրբեջանցի հատուկ ջոկատայինների դարանակալման մեջ, սպանվել և գլխատվել են։

2016թ հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունը հրապարակել է հարուցված քրեական գործերով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Հրանտ Ղարիբյանը գլխատվել է մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։

Հ.Գ.. Սարխան Մամեդովը, ինչպես և Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի հատուկ ջոկատային Էլնուր Ֆարզալիևը, պարգևտրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Մամեդովը 2016թ հունիսի 24-ին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով ։

Ալեն Ղուլյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: