Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն

Apr 17, 2018 Comments Off on Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն

Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ամփոփիչ ելույթով շնորհակալություն հայտնեց բոլոր ելույթների համար, չնայած շատ մտքերի հետ համաձայն չէ:

Սերժ Սարգսյանն ասաց, որ ընդդիմադիրները խոսում են, որ Հայաստանի երրորդ նախագահի տարիներին եղել են այսինչ խնդիրները, տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, կոպիտ խախտումներով թվեր են ներկայացվում: Նպատակը, ըստ Սարգսյանի, այն է՝ ցույց տան՝ իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին, ամեն ինչ վատ է եղել, հետւաբար, ո՞նց կարող է ամեն ինչ լավ լինել:

Սա, ըստ Սարգսյանի, պարզունակ մարտավարություն է. «Ելույթներում քննադատություններ կային, որ արդար չեն. ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Փորձ է արվում սևացնել կոալիցիայի վարչապետի թեկնածուին, թե ամեն ինչ վատ է արել այս 10 տարիների ընթացքում, հետո ո՞նց կարող է լավ անել. պարզունակ մարտավարություն է: Մենք տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ ենք հաղթահարել ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բարեփոխումներ իրականացնել»:

Անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին՝ Սարգսյանն ասաց. «Բա հո ձեռքները ծալած չե՞ն նստելու: Հայցում եմ նաև ընդդիմության քվեն, որը կլինի հանուն քաղաքական տրամաբանության»:

Սերժ Սարգսյանը դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին: «Ես Արամ Սարգսյանի նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին ու որևէ տեղ որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը»: Այնուհետ նա դիմեց Էդմոն Մարուքյանին. «Այսօր ՀՀ-ում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն… Որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսի ապրենք արդար Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ ՀՀ-ում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- ելույթը եզրափակեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: