Դուք եք պատասխան տալու. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին (video)

Apr 18, 2018 Չի մեկնաբանվել

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննարկում են Սերժ Սարգսյանին երրորդ անգամ հանրապետության կառավարման ղեկը հանձնելու հարցը, որովհետև Սարգսյանն արդեն երկու անգամ եղել է այդ ղեկին:

«Մենք այնպիսի կառավարման համակարգ ունենք Հայաստանում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Անգլերենից թարգմանելիս դա նշանակում է՝ կեղծ: Հիմա մենք կարող ենք թիվ մեկ պատասխանատուին ասել այն, ինչ կա, ինչ տեղի է ունենում: Որովհետև այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, պարոն Սարգսյան, որ ում ինչ ասում ենք, ասում է` ես կապ չունեմ, և ձեր նկարն է ցույց տալիս, ասում` իրեն ասեք: Էս ա էս երկրի քաղաքական համակարգը: Մենք խոսում ենք ռեֆորմների մասին: Ձեզ պետք է խնդրենք, որ էլ բարեփոխում չանեք, որովհետև ինչքան բարեփոխում եք արել, էնքան Հայաստանը ռեգրես է ապրել, ինչքան մենք փորձել ենք լավ բան անել, դուրս ա եկել վատ բան: Լավ բան չի ստացվում: Վերջին անգամ դուք «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դուր ա գալի՞ս, պարոն Սարգսյան»:

Է.Մարուքյանի խոսքով` առողջապահության նախարարը մտածում է, թե ինչ անի, որ մարդկանց համար անհարմար լինի, տրանսպորտի նախարարը մտածում է, թե թիվ մեկ խնդիրն աջ ղեկն է.

«Ձեր Առողջապահության նախարարն ամեն օր մտածում է, որ մարդկանց համար անհարմար լինի, Ձեր Տրանսպորտի նախարարն ամեն օր մտածում է,  որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է։ Ես չեմ հասկանում՝ Դուք որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց»,-վարչապետի թեկնածուին ասաց Մարուքյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանի կառավարմամբ որևէ բան այս երկրում չի փոխվելու։

Մարուքյանը Սերժ Սարգսյանին հրավիրեց «Լուսավոր Հայաստան» և նշեց, որ այսուհետ ամեն հարցի համար պատասխանատվություն է կրելու Սերժ Սարգսյանը․ «Մեկի քթից արյուն եկավ՝ Դուք եք պատասխան տալու»։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Դուք եք պատասխան տալու. Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանին (video)”

Մեկնաբանել