Փախուստն անընդունելի է` երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում. Սերժ Սարգսյան

Apr 17, 2018 Comments Off on Փախուստն անընդունելի է` երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում. Սերժ Սարգսյան

«Առկա մարտահրավերների պարագայում քաղաքական այս պատասխանատվությունից հրաժարվելը փախուստ կլիներ: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին պետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համակարգելու ու վտանգը չեզոքացնելու համար, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք: Ինձ համար` որպես ՀՀԿ ղեկավարի, փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է: Երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ», – ԱԺ հատուկ նիստում հայտարարեց   ԱԺ ամբիոնից որպես ՀՀ վարչապետի թեկնածու իր ելույթում ասաց ՀՀԿ և ՀՅԴ կողմից առաջադրված Սերժ Սարգսյանը:

«Մի՞թե չէի կարող կանխատեսել այս օրը Սահմանադրական բարեփոխումների հենց ամենասկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենատկան կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին, իհարկե՛, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու: Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից: Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ թե ՀՀ 3-րդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու և այսօրվա քվեարկությանը դրված չէ մեկի կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի` ՀՀԿ նախագահը: Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար», -նշեց  Սերժ Սարգսյանը:

«Պառլամենտական կառավարման դեպքում բացառվում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև:Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը: Պառլամենատական կառավարման համակարգը բացառում է խորհրդարանական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը` ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացմանը», – ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: