Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստով կա երկու ձերբակալված

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում մի խումբ ցուցարարների՝ ապրիլի 14-ին Հանրային ռադիոի շենք մուտք գործելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում «ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն», տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նյութերով պարզվել է, որ 2018 թ.-ի ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա՝ հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, վտանգվել հասարակական անվտանգությունը», – ասված է ՀՔԾ մամուլի հաղորդագրությունում:

ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստով կա երկու ձերբակալված”

Մեկնաբանել