Ստորացուցիչ արձանագրումներ՝ շարքից

Apr 20, 2018 Չի մեկնաբանվել

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը և խոսել որոշ նրբերանգների մասին:

Հայաստանում արտաքին քաղաքականության համար պատասխանատու է լինելու վարչապետը, իսկ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Ռուսական պարբերականի հետ զրույցում հայտարարելով, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները, Սերժ Սարգսյանն այնուհետև պատմում է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների մասին, նկատել տալով, որ արդեն մի քանի օր է, ինչ երկրում գործում է կառավարման խորհրդարանական համակարգը: Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական փոփոխություններ կատարել ու ավելի արագ զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգով ենթադրվող գործառույթների վերաբերյալ, մասնավորապես, նշելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար այժմ պատասխանատու է վարչապետը, արտգործնախարարն էլ հաշվետու է վարչապետին:

Լրագրողի հարցին՝ օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը, Սարգսյանն արձագանքել է․ «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել: Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ՝ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որն այս տարիների ընթացքում կուտակել եմ տարբեր պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»:

Երբ, Կարեն Կարապետյանը հայտնվեց հայաստանյան քաղաքական կյանքում՝ նշանակվելով վարչապետ, շատերի համոզմամբ դա Ռուսաստանից նշանակում էր՝ «հեռահար» նպատակներով: Նա գալիս էր, որ հետո էլ շարունակի պաշտոնավարել՝ 2018-ի ապրիլից հետո, վստահ էին շատերը: Բերվում էր հիմնավորում, թե այլապես Կարեն Կարապետյանի չէր համաձայնվի վերադառնալ հայաստանյան ներքաղաքական կյանք՝ ընդամենը մի որոշ ժամանակ նշանակվելով Հայաստանի վարչապետ, նա պետք է շարունակի մնալ վարչապետի պաշտոնում:

Իհարկե, որոշները վստահ էին, որ Սերժ Սարգսյանը կփակի Կարեն Կարապետյանի «ճանապարհը»: Այդ ճանապարհը փակված է: Սերժ Սարգսյանը ռուսական մամուլում արդեն արձանագրում է, թե ով է տերը, ընդ որում՝ ստորացնելով Կարեն Կարապետյանին՝ հիշեցնելով, որ հենց Կարեն Կարապետյանի միջոցով է ներկայացվել Սերժ Սարգսյան թեկնածուն՝ որպես Հայաստանի նոր վարչապետի ամենաարժանի թեկնածու:

Իհարկե, Սերժ Սարգսյանը հանգստացրեց մտահոգներին՝ «ոչինչ հավերժ չէ»՝ մխիթարական խոսքով: Իսկ թե որքան կտևի «հավերժացումից» հրաժարվելը՝ պարզ չէ:

Հետաքրքրականը նաև այն էր, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկրի զարգացման անհրաժեշտությամբ է արդարացնում իր թեկնածությունը, այլ նրանով, որ «մյուս պարտականություններին զուգահեռ՝ փորձի փոխանակման» հատկացմանն ու «արժանի երիտասարդ քաղաքական գործիչներ» կերտելու վրա է կենտրոնանալու:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ստորացուցիչ արձանագրումներ՝ շարքից”

Մեկնաբանել