Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական կենսական «մեսիջը»

Apr 20, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական կենսական «մեսիջը»

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Հարցազրույցում Սերժ Սարգսյանը պատմել է, որ Հայաստանում առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես, արտագաղթը: Նա, սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է, թե երկրի տնտեսությունը զարգանում է՝ անցյալ տարի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով։ Սերժ Սարգսյանը նաև դրական է գնահատել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նկատելով՝ կազմակերպությունը դեռ ամբողջովին չի կայացել, սակայն Հայաստանի տնտեսության համար անդամակցության դրական արդյունքներն «արդեն տեսանելի են»:

Խոսելով ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության մասին, Սարգսյանը հերթական անգամ ընդգծել է՝ Երևանի համար անընդունելի է «կամ, կամ»-ի քաղաքականությունը, և երկիրը շարունակում է մնալ «և, և»-ի կողմնակիցը: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին, Սարգսյանն ասել է, թե դրանք ծայրահեղ միջոցներ են, որոնց օգուտը կասկածելի է։

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև ապրիլյան պատերազմին: Սարգսյանն առիթը բաց չի թողել դարձյալ շեշտելու, որ Ադրբեջանն այդ օրերին հարձակողական գործողություններ է իրականացրել հիմնականում Ռուսաստանից ձեռք բերված զենքով։ Ղարաբաղյան խնդիրը, Սարգսյանի խոսքով՝ ուշ թե շուտ կարգավորվելու է, իսկ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չկա «Ադրբեջանի դիրքորոշման պատճառով»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Բաքուն համարում է, որ փոխզիջումների պետք է գնա միայն հայկական կողմը։

Սերժ Սարգսյանը հերթական անգամ ռուսաստանյան մամուլի միջոցով հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին՝ նրան ներկայացնելով ոչ միայն Հայաստանի զարգացման հիմնական ռեսուրսը, այլև աշխարհաքաղաքական առումով՝ Հայաստանը Ռուսաստանի ուղեծրում գտնվող երկրի մաս է ազդարարում:

Պատահական չէ, որ նա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն է անընդունելի համարում: Ի դեպ, Ս.Սարգսյանը նաև նշել է, թե Ռուսաստանը Եվրոպայի մաս է: Ռուսաստանյան պարբերականը ծավալուն հարցազրույցում Սերժ Սարգսյանի խոսքից արված հետևյալ մեջբերումը զետեղել է հրապարակման վերնագրում՝ «Ռուսաստանը Եվրոպայի մասն է և պետք է լինի ԵԽԽՎ անդամ»:

Այդ կերպ, Սերժ Սարգսյանը դարձյալ նպատակ է հետապնդում շեշտել՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության անհրաժեշտությունը: Հայաստանյան իշխանություններն, ինչպես երևում է, վերջին շրջանում «ողջ ուժերը» կենտրոնացրել են հենց այս գաղափարի տիրաժավորման վրա, կարծես, իրենց աջակցությունը հայտնելով Ռուսաստանին միջազգային մեկուսացումից հանելու գործին՝ դրանում ուրույն դերակատարում ստանձնելով:

Այսպես, Սերժ Սարգսյանը՝ «առանց Ռուսաստանի հնարավոր չէ» բանաձևով ստանձնում է վարչապետի պաշտոնը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: