Ոստիկանության նոր կոչը. հատուկ միջոցների կիրառումը բացառված չէ

Apr 17, 2018 Comments Off on Ոստիկանության նոր կոչը. հատուկ միջոցների կիրառումը բացառված չէ

Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից: Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում: Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով: Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները: Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը: Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը: Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: