Արմեն Սարգսյանի` համազգային առաջնորդ դառնալու պատմական պահը

Apr 21, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանի` համազգային առաջնորդ դառնալու պատմական պահը

Հայաստանում ստեղծվել է անիշխանության յուրօրինակ իրավիճակ: Նոր սահմանադրությամբ` երկրի գլխավոր պաշտոնյան վարչապետն է, իսկ վարչապետի ընտրությունը դեռ չի կատարվել: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ պաշտոնակատար է, ըստ էության դժվարանում է հարմարվել այն իրողության հետ, որ երկրում ստեղծված իրավիճակի, եթե ոչ քաղաքական, ապա իրավական պատասխանատվությունը ֆունկցիոնալ տեսանկյունից իր վրա է դրված: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մոտեցումը, հաշվի առնելով, որ նրա կարգավիճակն, այնուամենայնիվ ժամանակավոր է, հասկանալի է: Թերևս նաև այս պատճառով է, որ քաղաքական ստեղծված իրավիճակի և մասնավորապես ընդդիմադիր հազարավոր քաղաքացիների ընդվզմանը Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի արձագանքել: Ընդհանուր առմամբ լուռ է նաև ողջ ՀՀԿ-ն. կուսակցության լիդերները սրտատրոփ սպասում են առաջնորդի վարչապետության բաղձալի ընտրությանը:

Հետաքրքիր է` իսկ որտե՞ղ է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահը: Ճիշտ է, նա սահմանադրությամբ լուրջ լծակներ չունի և չի կարող իրավապահ մարմիններին որևէ հրահանգ տալ կամ ինչ-որ պահանջներ դնել, բայց գոնե խոսելու, իրավիճակը գնահատելու, փողոց դուրս եկած ՀՀ քաղաքացիներին և «Իմ քայլը» նախաձեռնության լիդերներին որևէ հորդորով դիմելու իրավունք նախագահ Արմեն Սարգսյանը վստահաբար ունի: Դրա համար սահմանադրական հատուկ լիազորություններ պետք չեն` նա հանրապետության նախագահն է և կարող է իր կեցվածքով, համարժեք քայլով և խոոսքով ստանձնել նաև երկրի իրական առաջնորդ դառնալու գործառույթը: Ի վերջո Արմեն Սարգսյանը` որպես ՀՀ նախագահ, Երևանի կենտրոնում կատարվող իրադարձությունների, փողոց դուրս եկած մոտ 10 հազար ՀՀ քաղաքացու պահանջների վերաբերյալ ինչ-որ մոտեցում կամ կարծիք ունի՞, թե՞ ոչ: Ինչ կարծիք ունի եվրոպական քաղաքական մշակույթի կրողը համարվող Արմեն Սարգսյանը ոստիկանության ցուցաբերած վարքագծի հանդեպ:

Հայաստանի քաղաքական և քաղաքացիական շարժումների մեծագույն բացթողումներից մեկը մշտապես եղել է այն, որ փողոց դուրս եկած Հայաստանիի քաղաքացին միշտ մենակ է մնացել իր դեմ կանգնած ոստիկանական հուժկու մեքենայի և թիկունիքն կանգնած ընդդիմադիր լիդերների հետ: Երրորդ հաշտարար կողմը չի եղել. ո’չ ամենայն հայոց կաթողիկոսը` իբրև հոգևոր առաջնորդ, ո’չ էլ պետական առաջնորդները երբեք չեն խառնվել հրապարակի իրադարձություններին: Չեն խառնվել ու դրանով ազատություն են տվել իշխանությանը` անարգել գործի դնելու ոստիկանական ապարատը: Արմեն Սարգսյանը կարող է նոր մշակույթ մտցնել և փոխել խաղի կանոնները ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության համար: Սա իսկապես պատմական պահ է Արմեն Սարգսյանի համար` դառնալու իրական առաջնորդ, անելու անհրաժեշտ նվազագույնը` իբրև սահմանադրական պահանջ, և առավելագույնը իբրև պետական և ազգային գործիչ:

Մինչև նոր վարչապետի ընտրությունը, Արմեն Սարգսյանը լիազորությունները լիովին ստանձնած միակ պետական բարձր պաշտոնյան է: Նա նոր է ընտրվել, և այս պահին իր տեղում ուժեղ է: Ըստ այդմ` նա ունի ընտրության իրավունք. դառնալ համազգային առաջնորդ կամ մնալ անգլիական թագուհի:

 

Կարինե  Սարիբեկյան  

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: