ՀՀԿ-ն այլեւս փախչելու տեղ չունի

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

Հանրապետական ու Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունները Ազգային ժողովում համատեղ նիստից հետո այսօր պաշտոնապես առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նրանց հետ չպահեց Երեւանի փողոցնեում վաղ առավոտից քաղաքացիական անհնազանդություն իրականացնող հազարավոր ցուցարարների գործողությունները: Խմբակցությունների համատեղ նիստը տեւեց բավականին կարճ, գրեթե հաշված րոպեներ, պատգամավորները արագ հեռացան քննասենյակից՝ հեռանալով նաեւ Ազգային ժողովի շենքից, որի մատույցներում արդեն մի քանի օր է Սերժ Սարգսյանի վարապետության դեմ ընդվզող ցուցարարների հոծ բազմություն է հավաքված: Կարգի համաձայն վաղը՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի ու քվեակության կդրվի վարչապետի թեկնածությունը: Նիկոլ Փաշինյանը դեռեւս օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստվում են պաշարել Ազգային ժողովի շենքն ու պատգամավորներին, որպեսզի թույլ չտան պատգամավորների մուտքը հատուկ նիստին, կանխեն քվեարկությունը: Այսօր վաղ առավոտից Բաղրամյան փողոցի մուտքերը երկկողմանի պաշարված են ոստիկանական զորքերով, որոնք թույլ չեն տալիս ցուցարարները մոտենան խորհրդարանի շենքին: Հիշեցնենք՝օերերս Փաշինյանը հայտարարեց, որ կպաշարեն նաեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որտեղ շաբաթ պետք է տեղի ունենար կուսակցության խորհրդի նիստը եւ Սարգսյանի թեկնածությունը  կուսակցության ընդլայնված կազմի հաստատմանը դրվեր: Խուսափելով ցուցարարների հետ բախումից, ՀՀԿ-ն նիստը տեղափոխեց Ծաղկաձոր եւ էլիտար հյուրանոցներից մեկում  տեղի ունեցավ արտագնա նիստ: Արդեն մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է ԱԺ հատուկ նիստի վայրը նույնպես տեղափոխվի խորհրդարանից՝ հաշվի առնելով ժամ առ ժամ ակցիայի մասնակիցների թվի աճը: Սակայն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ նիստը կկայանա խորհրդարանում. «Մեր շենքն Ազգային ժողովն է և Ազգային ժողովի դահլիճը», – ասաց Բաղդասարյանը։ Ծաղկաձորում տեղի ունեցած արտագնա նիստի մասին խոսելով նա ասաց, որ ՀՀԿ-ի դահլիճը փոքր է, իսկ իրենց արտագնա նիստին 200-ից ավելի կուսակցական է մասնակցել,այդ պատճառով էլ նիստը տեղափոխելու անհրաժեշտություն է ծագել: Ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիրների այս ակցիաները՝ փողոցներ, գլխավոր պողոտաներ փակելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.  «Քաղաքական գործընթաց է, հարգանքով եմ վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին, դա դրսևորման ձև է, եթե օրենքի շրջանակում կգործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք համբերատար, հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիաներին»։ Նա անհավանական համարեց, թե վաղը ցուցարարները կարող են այնպես փակել Բաղրամյանը, որ Սերժ Սարգսյանն անգամ չկարողանա ժամանել:

Դաշնակցությունն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։ Արմեն Ռուստամյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժողովուրդը ընտրել է մեծամասնություն, որը բոլոր իրավունքներն ունի առաջադրելու ում որ ուզում է, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, թե միգուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը: Դիտարկմանը, թե պնդում է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողներն են, որ այսօր փողոցում են, նա ասաց, թե դա նկատի չուներ․«Եւ հետո բոլոր ուսանողները չէ, որ դուրսն ակցիա են անում, ուսանողներ կան, որ ներսն են, ուսանողներ կան, որ ներսն են, մի յուրացրեք ժողովրդին եւ խոսեք նրա անունից»: Ընդունում է, որ իշխանությունը ձեւավորվել է կաշառքի միջոցով եւ հետեւաբար ինչու են կոալիցիա կազմել այդպիսի իշխանության հետ, Ռուստամյանը  հարցով պատասխանեց․ «Ինչ է դուք չգիտեիք, որ այդպես է։ Կարդացեք ընտրություններից հետո մեր հայտարարությունը»։ Անկախ ամեն ինչից  Արմեն Ռուստամյանը վստահ է՝ վաղն իրենք խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “ՀՀԿ-ն այլեւս փախչելու տեղ չունի”

Մեկնաբանել