Սերժ Սարգսյանի հաղթանակի, պարտության և կրակելու հրամանի ջրբաժանը

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորած <<Քայլ արա>> շարժումը նոր թափ է հավաքում` ստանալով ավելի լուրջ ազդեցություն, քան ի սկզբանե կարելի էր ենթադրել: Փաշինյանն ու նրա կողմնակիցները ապրիլի 16-ին հաջողությամբ պարալիզացրել էին Երևանի ողջ կենտրոնը: Ցուցարարները նաև գրոհեցին դեպի Բաղրամյան պողոտա, և ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանական առաջին պատնեշի տապալումից հետո մուտքը  Ազգային ժողով հավանական էր թվում: Ոստիկանների հետ բախումը, հատուկ միջոցների կիրառումը, Բաղրամյան պողոտայում փռված փշարարերը և Երևանում կենտրոնացված մեծաքանակ ոստիկանական ներուժն ու զինտեխնիկան փաստեցին, որ իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը չի խուսափելու ուժային մեթոդներ կիրառելուց: Բախման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 46 մարդ է տուժել, այդ թվում նաև ինքը` շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ոստիկանության կողմից ուժի գործադրումը, ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլի 17-ը` ժամը 12:00-ն, կհասնի կուլմինացիային, եթե իհարկե, մինչև լուսաբաց ցույցն ամբողջությամբ չեզոքացված չլինի:

Հիվանդանոց տեղափոխվելուց և առաջին բուժօգնություն ստանալուց հետո Ֆրանսիայի հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է քաղաքացիական անհնազանդության, ամբողջ երկրով մեկ համատարած դասադուլ և գործադուլ հայտարարելու, բոլոր փողոցները փակելու և, ամենակարևորը, Ազգային ժողովի շենքը շրջափակելու մասին: Ընդ որում, ԱԺ մուտքերը փակելու գործողությունները պետք է սկսվեն արդեն այս գիշեր:

Իսկապես ստեղծվել է աննախպադեպ իրավիճակ. եթե Նիկոլին հաջողվի իսկապես փակել ԱԺ բոլոր ճանապարհները և թույլ չտալ, որ ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, ԱԺ-ն գումարի վարչապետի ընտրության հատուկ նիստը, ապա դե ֆակտո Սերժ Սարգսյանը կհեռացվի կամ չի ստանա վերադարձի հնարավորություն: Նիստը գումարելու համար առճակատումը դառնում է անխուսափելի: Առճակատումը հենց այն գինն է, որը պետք է վճարել` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի համար: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ով է լինելու այդ վճարողը: Ինքը` Սերժ Սարգսյանն այս պահին պաշտոնաթող նախագահ է, ով չունի որևէ պաշտոնական լիազորություն իրավապահ կառույցներին հրահանգներ տալու: Սերժ Սարգսյանն ունի քաղաքական լծակ` ի դեմս ՀՀԿ-ի, որը կարող է կայացնել որոշումներ: Բայց արդյոք այդ լծակը բավարար է իշխանություն պահելու համար: Ով է տալու ցույցը ցրելու և ուժ կիրառելու հրամանը: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի` 2008 թվականի Մարտի 1-ի պատասխանատվությունը մնաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա: Մարտի 1-ը պատճառ դարձավ, որ Քոչարյանը հեռանա քաղաքական ասպարեզից: Այժմ ի պաշտոնե իրավապահներին հրահանգավորելու պարտավորությունը դրված է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի վրա: Նա այդ պարտավորությունը կրելու է մինչև նոր վարչապետի ընտրությունը: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, և արդյոք անցյալի դառը փորձն աչքի առաջ ունենալուց հետո երկրորդ անգամ կտրվի կրակելու հրաման:

Անկախ ամեն ինչից, սակայն, Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մի շատ կարևոր հաղթանակ արդեն տարել են. նրանք  կարողացան ապացուցել, որ Հայաստանում այնուամենայնիվ կա կրիտիկական զանգված, որը պատրաստ է դուրս գալ պայքարի, պատրաստ է օրակարգ թելադրել: Այս պարագայում անգամ կարևոր չէ, թե ով է հրապարակում կանգնած լիդերը: Կարևորը Հայաստանի  հասարակության մտածողությունն է, կարևորը իրողությունն է, որ ՀՀ քաղաքացին փոփոխություն պահանջելու արժանապատվություն և կամք ունի: Այդ կամքը կար, երբ հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանն էր կանգնած, այդ կամքը կար այն ժամանակ, երբ շարժումն առաջնորդում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ կամքը կա նաև այսօր: Գուցե Նիկոլի պայքարը ևս ավարտվի այնպես, ինչպես նախորդներինը, սակայն կարևորն այս դեպքում հրապարակ իջնող քաղաքացիներն են, որոնց մեծ մասն, ի դեպ, 18-25 տարեկան երիտասարդներն են` մարրդիկ, ովքեր հարազատ պետության մասին ունեն սեփական պատկերացումը:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանի հաղթանակի, պարտության և կրակելու հրամանի ջրբաժանը”

Մեկնաբանել