Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո քրեական գործեր են հարուցվել

Apr 16, 2018 Comments Off on Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո քրեական գործեր են հարուցվել

Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերից հետո Հայաստանի Հանրապետության դատախազությունը քրեական գործեր է հարուցել: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:

«Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքում կազմակերպել եւ իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Չհետեւելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:

Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաեւ քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- նշված է հայտարարությունում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: