Սերժ Սարգսյանին կպատասխանե՞ն Սիրիային հարված հասցրած ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան

Apr 18, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանին կպատասխանե՞ն Սիրիային հարված հասցրած ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Հիշեցնենք, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը։ ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանից բացի, անդամակցում են Հայաստանը, Բելառուսը և Կենտրոնական Ասիայի երեք պետություններ՝ Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Ահա, ՀԱՊԿ-ի մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ, պնդելով, թե դրանք խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

«Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու և ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին», – հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել, թե արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում»:

Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:

Իհարկե, Հայաստանը կողմնակից է սիրիական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը, կողմնակից է առճակատման բացառմանը: Ավելին՝ պաշտոնական Երևանը մշտապես հայտարարում է Հայաստանը դեմ է բաժանարար գծերի ստեղծմանը:

Պարզ է պաշտոնական Երևանքի քաղաքականությունը: Հայաստանի համար ձեռնտու չէ գերտերությունների բախման արդյունքում հայտնվել «թատերաբեմում»: Սա, ինչպես ասում են՝ աշխարհաքաղաքական մասը:

Հայաստանի դիրքորոշումը թե՛ Սիրիայի հարցում, թե՛ ժամանակին՝ Իրանի հարցում հասկանալի, ընկալելի է եղել գերտերությունների կողմից: Թե՛ Սիրիայում, թե՛ Իրանում մեր հայրենակիցներն են ապրում, որտեղ նրանց նկատմամբ հարգանք կա, և պարզ է, որ Հայաստանին այս երկրներում հակամարտությունների, խնդիրների, առճակատման զարգացումները ցանկալի սցենար չեն:

Բայց այլ է բան է, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում է իրեն պարտավորված է զգում դառնալ Ռուսաստանի քաղաքականության գերին, ընդ որում, ոչ Սիրիայի հարցում, այլ ընդհանրապես: Հայաստանը կրկին անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր է: Այստեղ հարցը Սիրիան չէ, կամ՝ Ասադի աջակցությունը, այլ հարցը, թե որքան է Հայաստանի ինքնուրույն ու ինքնիշխան: Այլ բան է, երբ Հայաստանն ինքնուրույն է իր դիրքորոշումը արտահայտում, այլ բան է, երբ ստիպված է այս կամ այն միությունում դիրքորոշում ցույց տալ՝ ի աջակցություն Ռուսաստանի:

Հետևաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի համարժեք պատասխանի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից, որը չի կարելի բացառել:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: