Թրամփը «հարվածեց» Պուտինին, ոչ թե Ասադին. Սպասենք Պուտինի քայլին

Apr 18, 2018 Չի մեկնաբանվել

Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգները դաշնակիցների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարվածներ հասցրեցին Սիրիային՝ ի պատասխան անցած շաբաթ տասնյակ մարդկանց կյանքեր խլած քիմիական գրոհի, որը, ենթադրաբար, իրականացրել են երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ կառավարական զորքերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշնակիցների գրոհի մասին հայտարարեց Սպիտակ տնից հեռարձակված տեսաուղերձով, նշելով, որ դրա նպատակն է վերջ դնել զանգվածային ոչնչացման զենքի կիրառման նմանօրինակ դեպքերին։

Ապրիլի 7-ին Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար թունավոր գազ է կիրառվել, որը 43 քաղաքացիական անձանց կյանք է խլել։ Այդ միջադեպից հետո Թրամփը սպառնացել էր, որ «մարդասպան դիկտատոր» Ասադը, ում ԱՄՆ նախագահը «հրեշ» և «հանցագործ» էր անվանել, «շատ թանկ է վճարելու»։

Ապրիլի 13-ին՝ արդեն իսկ Թրամփի հայտարարության պահին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում լսելի էին պայթյունների ձայնը։ Պենտագոնը նշեց, որ սիրիական թիրախների ուղղությամբ ավելի քան 100 հրթիռային հարձակում է իրականացվել։ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը հայտարարել է, որ գրոհի հետևանքով ԱՄՆ և դաշնակիցների կորուստների մասին տվյալներ չկան։ Բուն հարձակումը Մաթիսը բնութագրել է որպես «ծանր, բայց մանրակրկիտ կերպով թիրախավորված»։ ԱՄՆ Պնախարարը նաև նշել է, որ նոր հարվածներ չեն ծրագրվում և «սա մեկանգամյա գործողություն էր»։ Հետագա ռազմական գործողությունները կախված են այն բանից, թե արդյոք Սիրիան կշարունակի քիմիական զենք օգտագործել, հավելել էր նա։ Բրիտանիայի ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ հարվածները «հաջողությամբ ոչնչացրել են նախանշված թիրախները»։

Սիրիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք, Ասադի դաշնակից Ռուսաստանի օգնությամբ, բավական հզորացվել են վերջին շրջանում, արձագանքել են արևմտյան դաշնակիցների գրոհին։ Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է չեզոքացնել 13 հրթիռ։ Սիրիացի պաշտոնյաները տեղեկացրել են, որ թե՛ զինված ուժերի, և թե՛ քաղաքացիականների շրջանում հարվածների հետևանքով վիրավորներ կան։ Ռուսաստանը զգուշացրել է, որ հարվածները «անհետևանք չեն մնա», իսկ Սիրիան ու Իրանը դրանք բնութագրել են որպես «միջազգային օրենքի աղաղակող խախտում»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Սիրիայում ՌԴ-ի օդային և ծովային ռազմակայանների մերձակայքում որևէ հարված չի իրականացվել։ ՌԴ ՊՆ-ն հաղորդում էր, որ Սիրիայի կառավարական զորքերի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է չեզոքացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարվածների մեծամասնությունը։ Թրամփն իր հերթին կոչ է արել ՌԴ-ին և Իրանին դադարեցնել աջակցությունը Ասադի «մարդասպան» և «սարսափելի ռեժիմին»։

Ինչպես հայտնի է, Մոսկվան խոստացավ անպատասխան չթողնել Սիրիային ուղղված հարվածները: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ այդ հարվածն անպատասխան չի մնա: «Մեր վատագույն սպասումներն արդարացան: Մեր նախազգուշացումները չլսեցին: Իրականացվում է նախապես ծրագրված սցենար: Մեզ կրկին սպառնում են: Մենք զգուշացրել էինք, որ այդպիսի գործողություններն անպատասխան չեն մնա: Դրանց ամբողջ պատասխանատվությունը կկրեն Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը»,- ասվում էր դեսպանի հայտարարության մեջ: Դեսպանը նաև նշել է, որ ՌԴ նախագահի նատմամբ հարձակումներն անընդունելի և անթույլատրելի են: Ավելի վաղ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալենքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում հարվածել բոլոր հրթիռները: ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն էլ ասել էր, որ «Սիրիայում ռուս զինվորականների նկատմամբ վտանգի առաջացման դեպքում» կրակ կբացվի ոչ միայն հրթիռների վրա, այլև դրանց կրիչների:

Ի պատասխան իր դաշնակից Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների հրթիռակոծման՝ Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանը ամենակոշտ կերպով դատապարտում է Սիրիայի դեմ իրականացված հարձակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում ԱՄՆ-ի ու դաշնակիցների «ագրեսիվ քայլերը քննարկելու համար»: Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Դամասկոսից քիչ հեռու` Դումա քաղաքում, անցած շաբաթավերջին տեղի ունեցածը բեմականացում էր, որն իրականացվել է այս հարձակումն արդարացնելու համար:

«Ինչպես և մեկ տարի առաջ, երբ Նահանգները հարձակվեցին սիրիական «Շայրաթ» ավիաբազայի վրա որպես պատրվակ բերելով քաղաքացիական անձանց դեմ իբրև թե իրականացված քիմիական հարձակումը, հիմա էլ նույնն է կրկնվում Դումայում», նշել է Պուտինն ու պնդել, թե ռուս ռազմական փորձագետները տեղում քլորի կամ այլ թունավոր նյութի հետքեր չեն գտել, տեղացիներն էլ չեն հաստատել քիմիական հարձակման մասին հաղորդումները: «Իր գործողություններով ԱՄՆ-ն է՛լ ավելի է խորացնում Սիրիայի հումանիտար աղետը, տառապանք պատճառում խաղաղ բնակչությանը, ըստ էության աջակցում ահաբեկիչներին, որոնք յոթ տարի է` կեղեքում են Սիրիայի ժողովրդին», -ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Սրա հետ մեկտեղ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, թե ռուսական ուժերը Սիրիայում չեն կործանել ԱՄՆ-ի ու դաշնակիցների` Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները: Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե անցած գիշեր Սիրիայում արձակվել են ավելի քան հարյուր «օդ-երկիր» տեսակի հրթիռներ, սակայն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը որևէ մեկին չեն հարվածել, քանի որ դրանք ուղղված չեն եղել Ռուսաստանի կողմից պաշտպանվող օբյեկտների դեմ: Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, թե սիրիական համակարգերն են իրենց միջոցներով տասնյակ հրթիռներ կործանել:

ՄԱԿ ԱԽ-ն չընդունեց Սիրիայի հարցով ՌԴ-ի առաջարկած բանաձևը: Փաստաթուղթը քվեարկության էր դրվել Մոսկվայի նախաձեռնությամբ: Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բոլիվիան: 8 երկիր դեմ է քվեարկել, 4 պատվիրակություն ձեռնպահ է մնացել: Բանաձևի տեքստում Ռուսաստանը դատապարտում է կոալիցիայի գործողությունները և պահանջում «ԱՄՆ-ից և դաշնակիցներից անհապաղ դադարեցնել ագրեսիան Սիրիայի նկատմամբ, ինչպես նաև զերծ մնալ ուժի հետագա կիրառումից՝ հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի»:

Ի դեպ, երեկ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողությունները կոպտորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները: «Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ակտիվացնել երկկողմանի փոխազդեցությունը` Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն ակտիվացնելու ուղղությամբ», հայտնում էր Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նախագահները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ խնդիրների ու տարածաշրջանի հարցերի շուրջ:

Նկատենք, որ Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածները Սիրիայում: «Մեր համոզմամբ, Նահանգների և դաշնակիցների կողմից իրականացված քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», -ասել է արտգործնախարարության պաշտոնյան:

Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Անկարան աջակցում է նախագահ Ասադի ընդդիմադիր ուժերին, իսկ Մոսկվան, ինչպես հայտնի է, աջակցում է Ասադին:

Այսպես, դեսպանների մակարդակով պաշտոնական Մոսկվան վստահեցրեց, որ հրթիռակոծումը անպատասխան չի մնա: Ինչպիսին կլինի Պուտինի պատասխանը՝ ցույց կտա ժամանակը: Պուտինի տարածած հայտարարությունն, իհարկե, կոշտ է, սակայն նրանում, կարծես, բացակայում է վճռականությունը՝ Մոսկվայի հնարավոր պատասխանի առնչությամբ:

Նախընտրական շրջանում Պուտինի, ապա՝ վերջին օրերին ռուս դեսպանների կոշտ հայտարարություններից հետո, ԱՄՆ-ն, կարծես, առավելապես նպատակ դրեց պատասխանել Պուտինին՝ Սիրիայում: Քայլն արված է, մնում է սպասել Պուտինի քայլին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Թրամփը «հարվածեց» Պուտինին, ոչ թե Ասադին. Սպասենք Պուտինի քայլին”

Մեկնաբանել