Սերժ Սարգսյանի փախուստը. Նիկոլ Փաշինյանը ստիպված է շրջափակել ԱԺ շենքը

Apr 16, 2018 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած <<Իմ Քայլը>> քայլարշավով ու դրան հաջորդած հանրահավաքով, կարելի է ասել, գրանցեց առաջին հաղթանակը: ՀՀԿ-ն ստիպեց փոխել Սերժ Սարգսյանի առաջադրման նիստի վայրը` այն Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակից տեղափոխելով Ծաղկաձոր:

Թեպետ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե իրենք դեռ մի շաբաթ առաջ էին պլանավարել նիստը Ծաղկաձորում անցկացնել, սակայն ակնհայտ է, որ իշխող մեծամասնությունը այդ որոշումը կայացրել է հապշտապվախենալով Փաշինյանի և նրան կողմնակիցների` ՀՀԿ շենքը շրջափակելու նախաձեռնությունից: Եվ մինչ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ջատագովները մտածում էին փակել Մելիք-Ադամյան փողոցը, հանկարծ պարզվեց, որ նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում: Այս մասին, սակայն, որևէ հայտարարություն նախապես չէր արվել, ինքը` Շարմազանովը, ով բավականին բաց ու թափանցիկ է աշխատում և, որպես կանոն, իրազեկում է կուսակցության նիստերի օրն ու ժամը, այդ մասին նախապես ոչինչ չէր ասել: Անգամ մամուլում տեղեկատվական արտահոսք չէր եղել, ինչը հայաստանյան իրականության մեջ շատ քիչ է պատահում:

Ինչևէ, երբ հայտարարվեց, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի առաջադրման պատմական որոշումը կայացնելու է Ծաղկաձորում, ցուցարարները հայտարարեցին դեպի Ծաղկաձոր ավտոերթի մասին: Ավտոերթը տեղի էր ունենալու ժամը 16:30-ին, նպատակն էր շրջափակել այն հյուրանոցը, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀԿ արտագնա նիստը: Սակայն դեռ ժամը 16:30-ը չկար, երբ հայտարարվեց, որ ՀՀԿ նիստն արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանի առաջադրումն արդեն արված է: ՀՀԿ-ն տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, որի համաձայն` Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: <<Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը>>,- նշվում էր հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ կուսակցությունը առաջնորդի նկատմամբ ցուցաբերել է այսպիսի բարձր վստահություն, սակայն առաջնորդը անգամ ելույթով հանդես չի եկել, ինչը ՀՀԿ-ի պարագայում խիստ տարօրինակ է: Եթե հավատանք Շարմազանովի պարզաբանմանը,       ՀՀԿ-ն նախկինում ևս ունեցել է արտագնա նիստեր: Կոնկրետ այս անգամ իրենք նախընտրել են Ծաղկաձորը, որովհետև նիստին, բացի կուսակցության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև տարբեր տարածքային կառույցների ղեկավարներ` 250-ից ավել մարդ. <<Իսկ կուսակցության կենտրոնական գրասենյակում մենք նման դահլիճ չունենք, որ այդքան մարդ տեղավորեր»,- ասել է ՀՀԿ խոսնակը: Այսինքն` ՀՀԿ նիստը ոչ ստանդարտ ֆորմատով է գումարվել, մասնակցել են ավելի շատ թվով կուսակցականներ, և վերջապես կուսակցությունը առաջադրել է վարչապետի թեկնածու, ով նոր սահմանադրությամբ երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան է: Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանն անգամ շնորհակալություն չի հայտնել կուսակիցներին` նման վստահության համար և չի ներկայացրել իր պահանջներն ու պատկերացումները ՀՀԿ-ի քաղաքական նոր դերակատարման վերաբերյալ: Համենայն դեպս նախկին արտագնա նիստերի ժամանակ Սերժ Սարգսյանը միշտ ծավալուն ելույթով է հանդես եկել, և ՀՀԿ արտագնա նիստերը ավելի երկարտև են եղել, քան երևանյան նիստերը: Մինչդեռ ապրիլի 14-ի նիստը շատ արագ է ավարտվել. այնպիսի տպավորություն է, որ կամ այդ նիստը ավելի վաղ է արվել, կամ էլ հապշտապ հավաքվել, քվեարկել են և տարածել հաղորդագրությունը: Գուցե դրանից հետո ՀՀԿ նիստը շարունակվել է, բայց արդեն հույժ գաղտնի:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը քայլարշավով գնում էր փողոցից փողոց` այդ ընթացքում հարճ ժամանակով որոշ կենտրոնական փողոցներ ցուցարարները փակեցին, սակայն օրվա իրադարձությունը դարձավ ներխուժումը Հանրային ռադիոյի շենք, որը պետական պահպանության տարածք է: Փաշինյանն ու նրա կողմնակիցները տապալեցին ռադիոյի մուտքի մոտ հերթապահություն կատարող ոստիկանին, մտան շենք ու անընդհատ պահանջում էին ուղիղ եթեր: Անշուշտ Փաշինյանը` որպես պատգամավոր, իրավունք ունի Հանրային ռադիոյում և Հանրային հեռուստաընկերությունից պահանջել ուղիղ եթեր. եթե պատգամավորն ասելիք ունի հանրությանը, ապա դա պետք է արվի հենց Հանրայինով: Տվյալ պարագայում պետական քարոզչության ոչ ադեկվատ արձագանքը, որը հնից ժառանգած արատավոր սովորույթ է, տվյալ պարագայում արդարացման ալիբի ստեղծեց Նիկոլի անօրինական ներխուժմանը ռադիոյի շենք: Իշխանությունը այստեղ էլ իր ոճի մեջ էր` ռադիոն հոսանքազրկվեց, ռադիոյի փոխտնօրենը եթեր առաջարկեց` ժամը 19:00-ին, բայց Նիկոլը  հեռացավ` առանց ուղիղ եթերի:

Հրապարակը մեկ օր էլ ապրեց, բայց շարժման կուլմինացիոն կետի մասին խոսելը դեռ վաղ է, եթե ոստիկանությունը պահպանի թավշյա դիրքորոշումը, Նիկոլին գուցե հաջողվի շրջափակել ԱԺ շենքը, որովհետև խորհրդարանի արտագնա նիստ, այնուամենայնիվ դժվար է  պատկերացնել:

 

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանի փախուստը. Նիկոլ Փաշինյանը ստիպված է շրջափակել ԱԺ շենքը”

Մեկնաբանել