Նիկոլ Փաշինյանի հուժկու հանրահավաքն ու Սերժ Սարգսյանի պլան Բ-ն

Apr 15, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի հուժկու հանրահավաքն ու Սերժ Սարգսյանի պլան Բ-ն

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած <<Իմ Քայլը>> քայլարշավն ու դրան հաջորդած հանրահավաքը բավականին ազդեցիկ ստացվեց: Ազատության հրապարակում սպասվածից մարդաշատ էր` չնայած ոչ բարենպաստ եղանակին: Հատկանշական է, որ ոստիկանությունն էլ առանձնապես ակտիվ չէր և կարծես թե չէր խոչընդոտում, անգամ, երբ հանրահավաքի մասնակիցները փակում են Երևանի կենտրոնական փողոցներն ու հրապարակները: Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանի առաջարկով` ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակի բոլոր մուտքերը: Այս առիթով ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ վերաբերմունքի բավականին հետաքրքիր դրսևորում կար. <<Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որպես երթի կազմակերպիչ, երթի մասնակիցներին ուղղորդել է Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ՝ ամբողջությամբ դադարեցնելով երթևեկությունը: Ֆրանսիայի հրապարակում հատվող փողոցները մայրաքաղաքի համար կենսական նշանակության ճանապարհներ են, որոնցով երթևեկող ՀՀ քաղաքացիների համար արդեն իսկ առաջացել են տեղաշարժման սահմանափակումներ և անհարմարություններ:
Հավաքի բնականոն ընթացքի ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, հավաքի վայրում կարգադրիչների բացակայությունը, ոստիկանության ներկայացուցիչների հետ չհամագործակցելը, հավաքի մասնակիցների կողմից համայնքային սեփականություն հանդիսացող գույքի տեղափոխումը հավաքի վայր փաստում են, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է հավաքի կազմակերպիչներին՝ չկորցնել զգոնությունը և ցուցաբերել օրինավոր վարք>>,- նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Ուշագրավ է, որ  ոստիկանությունը զգուշացնում է, բայց չի պահանջում ազատել Ֆրանսիայի հրապարակը:

Արդյոք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի հուժկու հանրահավաքը այս պահին չի խանգարում, հնարավոր է անգամ` օգնում է Սերժ Սարգսյանին: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի արած քաղաքական ամենալուրջ հայտարարությունը առնչվում էր իշխանության փոխանցմանը նոր, ավելի երիատասարդ կադրրեին: Սերժ Սարգսյանը գրեթե բացեց փակագծերը` հստակեցնելով, թե ով է լինելու 2022-ին իշխանության երիտասարդ ժառանգորդը: Սերժ Սարգսյանը  փորձառու է և հրաշալի հասկանում է, որ 10-ամյա կառավարման ձախողումներից հետո, դրժելով նախկինում տված խոստումը, իշխանությունը վերստին սեփական ձեռքերում պահելու և այն յուրայինին փոխանցելու ծրագիրը վտանգավոր է հատկապես ներիշխանական հիերարխիայում, մասնավորապես պրոռուսական և պրոկրեմլյան թևում: Օրինակ` պարզ չէ, թե  ապագա ժառանգորդի հարցում ինչ մոտեցում ունի Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգում աննախադեպ ակտիվացած Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանի որոշումը նրա ստրով է, թե ոչ` պարզ չէ, իսկ եթե կան անգամ աննշան կասկածներ, որ բացառված չէ, թե կրեմլյան թևը կարող է նաև ընդդիմանալ:

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը բավարար հիմքեր է ստեղծում, որ հասարակությունը շատ արագ իջնի հրապարակ` անկախ նրանից, թե ով և ինչ առաջարկով է հրավիրում: Հիասթափված հասարակությունը պատրաստ է դուրս գալ պայքարի, պատրասատ է հավատալ, ինչպես որ ժամանակին հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին, հավատաց Լևոն Տեր-Պետրոսյանին…. Հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները դառնում են անհրաժեշտություն. եթե հրապարակ իջնելու հրավերը չարվեր նրա կողմից, նման բան կարող էր անել մեկ այլ, գուցե դեռևս չձևավորված ընդդիմություն: Իհարկե կա նաև <<Բարգավաճ Հայաստան>>-ի տարբերակը, բայց Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի վերջին քվեարկությունները ցույց տվեցին, որ իշխանության հետ Ծառուկյանը գտնվում է գործընկերային տիրույթում: Եթե անգամ Սերժ Սարգսյանի վարչապետությանը ԲՀԿ-ն դեմ քվեարկի, միևնույնն է Հրապարակում ընդդիմություն լինելու համար Նիկոլը, անշուշտ, ավելի ռեալ թեկնածու է: Մնում է, որ պայքարը նույնպես ռեալ արդյունք տա:

 

Հայկ Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: