Նախապատրաստված ծուղակ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար

Apr 15, 2018 Comments Off on Նախապատրաստված ծուղակ ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար

Կառավարությունն այս շաբաթ գումարել է առաջին փակ նիստը. ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքը, որով, հիշեցենենք, սահմանված է կառավարության նիստերի դռնփակ ձևաչափ: Նիստն առանձնացել է նրանով, որ սովորականից անհամեմատ երկար է տևել, աննախադեպ շատ են եղել նաև քննարկված հարցերը՝ ավելի քան 70, այն դեպքում, երբ սովորաբար հարցերի թիվը չի գերազանցում 50-ը:Բացի օրակարգային հարցերից` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը օրակարգից դուրս հայտարարություն է արել, որը, կարելի է ասել, նախապատրաստված ծուղակ է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համար:
Կարեն Կարապետյանն առաջարկել է իջեցնել եկամտային հարկի դրույքաչափը, ինչը նշանակում է, որ մարդկանց ախատավարձերից կատարվող պահումները կարող են նվազել, իսկ որպես արդյունք՝ քաղաքացիների փաստացի եկամուտը կավելանա. «2017 թվականին արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ինչպես նաև գրանցվեց հաստատված հարկերի ծրագրային ցուցանիշի գերակատարում: Այս զարգացումները հիմք են հանդիսանում ավելի ուժեղացնել մեր երկրի տնտեսության ներուժը, ինչպես նաև ապահովել՝ երկարատև, ֆունդամենտալ և հասարակության լայն շրջանակների համար շոշափելի բարեփոխումներ: Մեր նախնական գնահատումները փաստում են, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթևացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն և կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաև բյուջետային կայունությունը»,- նշել է նա։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, նախարարների պաշտոնակատարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները և գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման և հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:
10 օր հետո Կարեն Կարապետյանն այլևս վարչապետ չի լինելու, հետևաբար եկամտահարկի իջեցման պարտականությունը փոխանցվում է նոր վարչապետ Սերժ Սարգսյանին: Եկամտահարկի իջեցումն ամենապոպուլյար քայլն է, որով, որպես կանոն, ցանկացած կառավարություն փորձում է շահել էլեկտորատի համակրանքը: Այդ տեսանկյունից՝ վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ Կարեն Կարապետյանի այս ժեստը մի տեսակ գեղեցիկ հեռանալու տպավորություն էր թողնում: Ամբողջ խնդիրը սակայն այն է, թե որքանով է իրատեսական եկամտահարկի իջեցումը, եթե հաշվի առնենք, որ պետական բյուջեի մուտքերում եկամտահարկի բաժինը բավականին մեծ է: Եկամտահարկի իջեցումը կարող է հարվածի տակ դնել պետական բյուջեի կատարումը, իսկ դա նոր վարչապետի և կառավարության համար դժվարին կացություն կստեղծի: Եվ ի վերջո, եթե եկամտահարկի շեմի իջեցումն իրատեսական էր, ինչու Կարեն Կարապետյանն այդ քայլին չէր գնում տարեսկզբին, երբ գործածության մեջ դրվեց Հարկային նոր օրենսգիրքը, որտեղ, ի դեպ, արդեն իսկ կատարված էր եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխություն: Հիշեցեննք, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի դրույքաչափը իջեցվեց՝ նախկին 26 տոկոսի փոխարեն սահմանվեց 23 տոկոս դրույքաչափ, 150 հազար դրամից մինչև 300 հազար դրամ եկամուտ ունեցողների համար՝ 26 տոկոս, իսկ 300. 000-ից մինչև 2. 000 000 դրամը ներառյալ՝ 28 տոկոս: Արդյունքում 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձինք ունեցան փաստացի եկամուտների նվազում, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ կիրառվող դրույքաչափն ավելացավ:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: