Արմեն Սարգսյանը մտածում է ռուսերեն, շնորհավորել է Վլադիմիր Վլադիմիրիչին

Apr 15, 2018 Չի մեկնաբանվել

Հայաստանը հավանաբար այն երկիրն է, որի նախագահը, անգամ եթե խոսքը վարչական և քաղաքական շատ թույլ լծակներով օժտված նախագահի մասին է, չի կարող առանձնահատուկ մոտեցում չցուցաբերել Կրեմլին: Երբ Հայաստանի նորանշանակ նախագահին առաջինը շնորհավորեց Մեծ Բրիտանիայի թագուհին, հնարավոր է, որ դա անձնական վերաբերմունքի խնդիր էր, որովհետև նախկինում Հայաստանի որևէ նախագահի Անգլիայի թագուհին այդքան արագ չէր շնորհավորել:

Բայց երբ Սահմանադրության մեջ ամրագրված երդման տեքստը նոր-նոր արտաբերած Հայաստանի չորրորդ նախագահի առաջին մեդիա-հանդիպումը կատարվում է ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, և հարցազրույցն ամբողջությամբ վերաբերում է հայ-ռուսական զարգացումներին, ակնառու է դառնում, որ Կրեմլը մնում է Կրեմլ` անկախ հանգամանքից, որ նախագահը ժամանել է Լոնդոնից:

Ըստ նախագահի պաշտոնական լրատվության` ռուս լրագրողները Հայաստանում էին Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: Զրույցի ընթացքում հանրապետության նախագահը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են հայ-ռուսական երկխոսության բազմաբնույթ օրակարգին, արցախյան հիմնախնդրին, նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ստորագրած առաջին փաստաթղթին, առաջին քայլերին ու ծրագրերին:

Լրագրողի հարցին` ե՞րբ  է նախատեսում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն, Արմեն Սարգսյանը պատասխանել է. << Ես դեռ նոր եմ ստանձնելու նախագահի պաշտոնը (ծիծաղում է): Բնականաբար, շատ հետաքրքրված եմ լինելու, որպեսզի ամենամոտ ժամանակներս Հայաստանի նախագահի կարգավիճակով այցելեմ Մոսկվա: Ավանդաբար, Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցելությունները կատարում են հենց Մոսկվա: Առայժմ կոնկրետ ժամկետներ չկան, սակայն ТАСС-ն առաջիններից կլինի, որ կիմանա այդ մասին>>,- ասել է ՀՀ նախագահը` նկատի ունենալով Ռուսաստանի պետական լրատվական գործակալությանը: Ըստ երևույթին Արմեն Սարգսյանը ակնարկել է, որ ինքը Մոսկվա կմեկնի այն ժամանակ, երբ Կրեմլից հրավեր ունենա: Իսկ Կրեմլի հրավերների և մտադրությունների մասին առաջինը իմանում է ТАСС-ը:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին խոսելիս Արմեն Սարգսյանը հատուկ կարևորել է Մոսկվայի դերակատարումը. << Արդեն 25 տարուց ավելի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների ու տարրերի հիման վրա: Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահ, առանցքային դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հիշեցնեմ, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հրադադարը հաստատվեց հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ>>,- ասել է Արմեն Սարգսյանը:

Զրույցի ավարտին Արմեն Սարգսյանին հարց են ուղել` ի՞նչ նշանակություն ունի Ռուսաստանը Ձեզ համար: << Ինձ համար Ռուսաստանը նախևառաջ եղբայրական երկիր է, որի հետ մեզ կապում են մեր ժողովուրդների բարեկամության ամուր կապերը, որոնք ունեն ոչ մեկ հարյուրամյակի պատմություն: Ռուսական մշակույթը, արվեստը, գրականությունը Հայաստանի բազմաթիվ սերունդների և, մասնավորապես, ինձ համար եղել և մնում են ոգեշնչման աղբյուր, դրանք կարևոր դեր են խաղացել աշխարհայացքի ձևավորման գործում: Իմիջիայլոց, ես շատ բանի համար պարտական եմ խորհրդային իրականությանը, մասնավորապես՝ իմ կրթության և իմ գործունեության առաջին քայլերի համար: Հպարտությամբ հիշեցնեմ, որ 1984-85թթ-ին ես եղել եմ միակ խորհրդային գիտնականը, ով դասավանդել է Քեմբրիջում: Եվ երբ ես մտածում եմ ֆիզիկայի մասին, մինչ այժմ մտածում եմ ռուսերեն լեզվով:

Օգտվելով առիթից՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին անկեղծորեն մաղթում եմ նոր մեծ հաջողություններ երկրի տնտեսության զարգացման, քաղաքացիների բարեկեցության բարձրացման և միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման գործում: Որպես Հայաստանի նախագահ՝ ես, անկասկած, իմ խնդիրն եմ համարում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդումը, մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդումը, մարդկային շփումների զարգացումը>>,- ասել է նա:

Փաստորեն նախագահական երդումից հետո ոչ պաշտոնական երկրորդ հեռակա երդումը` ուղղված Պուտինին, արդեն տրված է. մտածում է ռուսերեն, շնորհավորել է Վլադիմիր Վլադիմիրի վերընտրվելը: Սպասենք, մինչև որ Վլադիմիր Վլադիմիրիչն էլ կշնորհավորի Արմեն Սարգսյանին:

 

Հայկ  Դավթյան  

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Արմեն Սարգսյանը մտածում է ռուսերեն, շնորհավորել է Վլադիմիր Վլադիմիրիչին”

Մեկնաբանել