Կարեն Կարապետյանը ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ

Apr 15, 2018 Չի մեկնաբանվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, թե ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ Կարեն Կարապետյանին օգտագործեց որպես տեխնոլոգիա:
«Ավարտվեց թնջուկը, երբ հարցնում էինք՝ կարո՞ղ ա Դուք լինեք վարչապետ, ասում էիք՝ կարող ա, հարցնում էինք՝ պատրա՞ստ եք աշխատել, ասում էիք՝ պատրաստ եմ: Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապել, բայց ՀՀԿ-ն ձեզ որպես լավ տեխնոլոգիա կիրառեց ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ հասարակության մոտ մեծ հիասթափություն կա»,- հայտարարել է Մարուքյանը:
«Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատականների հետ…»,-երկմտել է Կարեն Կարապետյանը։
Էդմոն Մարուքյանն էլ լրացում է կատարել` ասելով, որ ինքն անձամբ չի հիասթափվել, որովհետև ոչ մի հույս չէր կապում Կարեն Կարապետյանի հետ, բայց կային մարդիկ, ովքեր հույս էին կապել։
Ըստ էության Կարեն Կարապետյանը հայտնվել է մարդկայնորեն բավականին տհաճ իրավիճակում. նա ստիպված է անձամբ վարչապետի թեիկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ մեկ տարի անձամբ ղեկավարում էր ՀՀԿ համամասնական ցուցակը` որպես վարչապետի թեկնածու: Ըստ էության քարոզարշավի ՊՌ դեմքը Կարեն Կարապետյանն էր, և եթե այսօր ՀՀԿ-ն նրան փորձառության պակասի պատճառով չի վստահում վարչապետի պորտֆելը, այլ գերադասում է այդ պոստում տեսնել Սերժ Սարգսյանին, ապա հարց է առաջանում` ինչու 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակը Սերժ Սարգսյանը չէր գլխավորում: Այս առումով Էդմոն Մարուքյանի դիտարկման մեջ կա ճշմարտություն. իսկապես ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին օգտագործեց որպես գեղեցիկ դեկորացիա, որի նորաոճ կոստյում- ժիլետներով հրապուրվում էին երիտասարդ աղջիկները, կանայք, կառավարման նոր մշակույթի սպասող երիտասարդները:

Կարեն Կարապետյանը տարբեր առիթներով, երբ իրեն հարց է ուղղվել` 2018-ի ապրիլից հետո շարունակելո՞ւ է լինել ՀՀ վարչապետ, պատասխանում էր, թե այո` կշարունակի պաշտոնավարել, եթե արդյունավետ աշխատի: Բայց այսօր նույն Կարապետյանը հայտարարում է, որ քաղաքական փորձի տեսանկյունից նպատակահարմար է Սերժ Սարգսյանին թողնել առաջին դեմք: Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանին նույն հարցը տալիս էին, նա չգիտեր, որ ապրիլից հետո վարչապետ դառնալու քաղաքական համաձայնություն չունի:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հայտարարել է, թե ՀՀԿ-ն չի խաբել ու չի <<քցել>> Կարեն Կարապետյանին: Այսինքն` բաց տեքստով ՀՀԿ խոսնակն ասել է, որ ի սկզբանե Կարեն Կարապետյանն իմացել է, որ ապրիլից հետո վարչապետի պաշտոնում չի կարող աշխատել: Այս դեպքում ինչո՞ւ էր Կարեն Կարապետյանը այդքան վստահ հայտարարում, թե ինքը պատրաստ է աշխատել նաև ապրիլից հետո: Փաստորեն Կարեն Կարապետյանը ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ` ի վերջո այսքան վստահ տոնով հայտարարելու փոխարեն, կարելի էր ավելի շրջահայաց գտնվել և ասել, որ այդ հարցը կքննարկվի, երբ կգա ժամանակը: Թերևս քաղաքական փորձառության պակաս է: Ինչևէ, եղել է այն, ինչ եղել է: Այն, որ Սերժ Սարգսյանը պիտի վերցներ վարչապետի պաշտոնը, պարզ էր դեռ մինչև Կարեն Կարապետյանի Հայաստան գալը: Պարզ էր այն պահից, երբ Հայաստանում նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխություններ: ՀՀԿ ԳՄ նիստում արդեն քննարկվել է ապագա վարչապետի հարցը. թեկնածուն, ինչպես արդեն ասվել է, Սերժ Սարգսյանն է: Կարեն Կարապետյանի առաջարկն ընդունվել է միաձայն: Իսկ պաշտոնական հայտարարությունը կլինի շաբաթ օրը` ապրիլի 14-ին:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կարեն Կարապետյանը ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ”

Մեկնաբանել