Իսկ ինչո՞ւ Արմեն Դարբինյանը չի հիշում իր ոչ լեգիտիմության մասին

Apr 15, 2018 Comments Off on Իսկ ինչո՞ւ Արմեն Դարբինյանը չի հիշում իր ոչ լեգիտիմության մասին

Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտը լակմուսի յուրօրինակ էֆեկտ ունեցավ` բացահայտումների և բացահայտվողների առումով: Այն, որ Սերժ Սարգսյանի տասնամյա նախագահական գործունեությունը շատերն են գնահատում,  անշուշտ բնական է: Շատ դեպքերում գնահատանքներում կա անթաքույց ակնկալիք, և հենց այստեղ է, որ գնահատանքը դառնում է գովասանք, քծնանք, երբեմն անգամ դավաճանություն: Հայ-ռուսական սլավոնական համալսարանի  ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի ֆեյսբուքյան գրառումն այս առումով դասական օրինակ է. <<Տաս տարի պաշտոնավարած Նախագահը՝ եթե մնում է իշխանության մեջ որպես Վարչապետ Խորհրդարանական կառավարման համակարգում, այլ ճանապարհ չունի, քան ազգային առաջնորդի բեռ վերցնելը:
Նրա կերպարը իհարկե հակասական է. լինելով ՀՀ նորանկախ պետության թերևս ամենափորձառու գործիչը, նա բնականաբար կրում է և՛ մեզ հետ կատարված լավի, և՛ վատի ամբողջական պատասխանատվությունը: Բայց նրա առանձնահատկություններից թերևս ամենակարևորը հենց պատասխանատվություն կրելն է և իրավիճակին տեր կանգնելը. ճանաչելով նրան պետականաշինության առաջին իսկ տարիներից՝ չեմ հիշում մի դեպք, երբ փորձեր խուսափել: Նրա՝ Նախագահական տասնամյակի արդյունքներն ամփոփելիս, ուզում եմ նշել իմ կարծիքով ամենակարևոր երեքը. 1) Նախագահ Սարգսյանը ոչ միայն իշխանությանը, այլև երկրին, պետությանը և քաղաքացուն կարողացավ վերադարձնել 96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը: Այո, և քաղաքացուն, հատկապես՝ քաղաքացուն. մենք սովոր ենք լեգիտիմության չափանիշով չափել միայն իշխանությանը՝ մոռանալով, որ ոչ լեգիտիմ իշխանության պարագայում հարվածի տակ է դրվում և՛ պետության, և՛ քաղաքացու լեգիտիմությունը: 2) Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի առաջնորդությամբ այսօր աշխարհում ՄԻԱԿ երկիրն է, որը գտնվելով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքում, ունի քաղաքական համաձայնագիր Եվրոպական Միության հետ, և առևտրային արտոնյալ պայմաններ Միացյալ Նահանգների, ԵՄ, Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի հետ, և այս երկրների ցանկը ընդարձակվելու է: Սա իսկապես գրոսմայստերական արդյունք է: 3) Հայաստանը այսօր, գտնվելով ըստ էության չավարտված և ամեն վայրկյան վերսկվելու վտանգ պարունակող պատերազմի պայմաններում, կարող է դասվել աշխարհի ամենախաղաղասեր երկրների շարքին>>,- գրում է Արմեն Դարբինյանը:

Նրա վերջին երկու դիտարկումների հետ, անշուշտ, կարելի է համաձայնվել, բայց Սերժ Սարգսյանի գործունեությունը բնորոշող առաջին կետը քարեր նետելու տպավորություն է թողնում: Արմեն Դարբինյանը այդ ի՞նչ չափիչ սարք է օգտագործել, որ որոշել է, իբր Սերժ Սարգսյանը մեզ վերադարձրել է <<96-ից կարծես անվերադարձ կորսված լեգիտիմությունը>>: 2008-ի մարտի մեկի խայտառակ ընտրություններն ու դրան հաջորդած սպանություննե՞րն էին լեգիտիմության առհավատչյան, թե՞ Արմեն Դարբինյանը մոռացել է, որ այդ ընտրությունների արդյունքում է Սերժ Սարգսյանը դարձել նախագահ:  Լեգիտիմության մյուս առհավատչյան 10 հազար դրամով գնված ձայնե՞րն են, թե՞ Արմեն Դարբինյանը տեղյակ չէ, որ իշխանությունը քաղաքացու ձայները գնել է փողով:

Նախկին վարչապետը խոսում է ամեն ինչի համար պատասխանատվություն վերցնելու համարձակության մասին, սակայն Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվության ողջ բեռը դրվեց նախկին նախագահ Քոչարյանի վրա: Սա իմիջիայլոց: Արմեն Դարբինյանը  Ռոբերտ Քոչարյանի օրոք, ում համարում է ոչ լեգիտիմ նախագահ, զբաղեցրել է երկրի ամենակարևոր պաշտոններից մեկը` 1998-1999թթ. եղել է ՀՀ վարչապետ, իսկ 1999-2000թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարար: Այդ ժամանակ հավանաբար Արմեն Դարբինյանը դեռ չէր գիտակցում, որ 1996-ից մեր երկրում անհետացել է լեգիտիմությունը, հակառակ պարագայում ազնվորեն կհրաժարվեր վարչապետի, ապա նաև նախարարի պորտֆելից: Ավելի քան 20 տարի անց նա հայտարարում է, որ Քոչարյանը եղել է ոչ լեգիտիմ նախագահ, իսկ դա նաև խոստովանություն է, որ ինքը` Արմեն Դարբինյանը եղել է ոչ լեգիտիմ վարչապետ: Իբրև վարչապետ` Արեմն Դարբինյանը շատ  նման էր Կարեն Կարապետյանին. իրական արդյունքներ ապահովելու փոխարեն` անընդհատ խոսում էր արհեստավարժ կառավարություն ստեղծելու մասին: Այն ժամանակ անգամ անեկդոտ կար` մարդիկ կառավարությանը արհեստավարժանոց էին կոչում և ծիծաղում: Իբրև քաղաքական գործիչ և անհատականություն` Արմեն Դարբինյանը ասպարեզ է ստացել Ռոբերտ Քոչարյանի օրոք, և այսօր առնվազն տգեղ է` քարեր նետել այն ճանապարհի վրա, որով ժամանակին քայլել ես: Սերժ Սարգսյանից ունեցած ոչ մի ակնկալիք չի կարող արդարացնել այդ պահվածքը:

 

Հայկ  Դավթյան  

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: