Մենք ունենք հանրային ընկալման խնդիր. Սերժ Սարգսյան

Mar 23, 2018 Comments Off on Մենք ունենք հանրային ընկալման խնդիր. Սերժ Սարգսյան

Մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանում ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով օրերս ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին, նշել է.

«Շնորհավորում եմ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում եւ հաջողություն այս շատ կարեւոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին:

Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում եւս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է եւ համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երեւույթները շարունակական լինեն:

Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին:

Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու եւ ներկայացնելու խնդիր: Այստեղ եւս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաեւ նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարեւոր չէ՝ նաեւ ընկալման մակարդակը բարձրացնելու համար:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս եւ բարի երթ»:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: