Չումբոյի հովանավորները ազդեցիկ և հզոր մարդիկ են. ինչպե՞ս է ծախսվել 850 մլն դրամը

Mar 26, 2018 Comments Off on Չումբոյի հովանավորները ազդեցիկ և հզոր մարդիկ են. ինչպե՞ս է ծախսվել 850 մլն դրամը

 

 

Սոցիալական ցանցերում «Չումբո» նախաձեռնող խումբը օրերս հայտարարեց, թե հանդիպել է կրթության և գիտության նախարարին և փոխնախարարին, մշակույթի փոխնախարարին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետին, որի ընթացքում որոշվել է Հայաստանի բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը վստահել «Չումբո»-ին։

ԿԳ նախարարությունը անմիջապես հանդես եկավ հերքմամբ, նշելով, որ նման բան չկա. Չումբոյից պահանջվել է ծրագիր, ինչը նա չի նրեկայացրել, իսկ հանդիպումը նախարար Լևոն Մակրտչյանի ու փոխնախարար Մանուկ Մկրատչյանի հետ եղել է աշխատանքային և հրապարակման ոչ ենթակա: ԿԳՆ-ն պահանջել էր հեռեցնել տեսանյութը,  որից հետո «Չումբո» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից ոչ միայն նախկին նյութը չհանվեց, այլ  հրապարակեց մոտ 1 տարի առաջ պատրաստված մեկ այլ տեսանյութ, որտեղ կրթության փոխնախարարը ծրագրի մասին դրական է արտահայտվում և շնորհակալություն հայտնում նախաձեռնության գործունեության համար:  «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նորից հայտարարեց, որ  ԿԳՆ-ն «Չումբո» նախաձեռնող խմբի հետ ոչ մի համաձայնություն չի ունեցել և չի կարող ունենալ: «Դեռևս 2017 թվականի հունիսին Կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը ուսումնասիրել է տվյալ կազմակերպության գործունեությունը, տվել բացասական եզրակացություն:  Միաժամանակ ԿԳ նախարարությունը գրավոր առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով  հանձնարարել քաղաքապետարանի ենթակայությամբ  գործող հանրակրթական ուսումնական հաստատություններին դադարեցնել «Չումբո նախաձեռնող խմբի» հետ միջոցառումների կազմակերպումը:Մենք բաց ենք ցանկացած կազմակերպության հետ քննարկումներ իրականացնելու հարցում, սակայն բոլոր կազմակերպությունների հետ մենք համագործակցում ենք ներկայացված ծրագրերի հիման վրա, որոնք հաստատվում են ՀՀ ԿԳՆ կողմից: Չեմ կարող ասել, թե տվյալ կազմակերպությունը լավ գործ է անում, թե ոչ, քանի որ այդ կազմակերպության կողմից երբևէ ոչ մի ծրագիր չի ներկայացվել», -նշել է Աշոտ Արշակյանը:

Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ 2018 թվականի փետրվարի 12-ին «Չումբո նախաձեռնող խումբը»  գրություն է ներկայացրել  ՀՀ ԿԳ նախարարություն՝  բուհերի և հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար մշակութային միջոցառումներ կազմակերպելու առաջարկությամբ: Մասնավորապես առաջարկվել է աշակերտների և ուսանողների համար այցեր կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստան :Նախարարության կողմից  այս առաջարկը ևս  մերժվել է, քանի որ բարձրագույն կրթության ոլորտի իրավական ակտերով սահմանված է, որ  այս կարգի համագործակցության առաջարկներ ներկայացվում են անմիջապես բուհերին . «Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին,  ապա նշեմ, որ  նմանատիպ ծրագրեր իրականացվում են   բացառապես   ծնողների   ցանկությամբ  և  համաձայնությամբ»,- նշում է  նախարարության պաշտոնյան:

Պարզվում է սակայն, ի տարբերություն նախարարության, Երևանի քաղաքապետարանը Չումբոյից գրավոր առաջարկ ստացել է: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի տեղեկացմամբ` ինքը բացասական կարծիք է տվել «Չումբո» նախաձեռնող խմբի կազմակերպված միջոցառումներին և առաջարկած ծրագրին. «Ես իրականում ստացել եմ որոշակի ծրագիր այս կազմակերպությունից, սակայն, այն, ինչ թղթի վրա գրված է, որևէ կերպ չի համապատասխանում այսօրվա մեր կրթական պահանջներին: Անցյալ միջոցառումից հետո հանդիպել եմ տնօրենների և մանկավարժների հետ և իրենց դատողություններից ելնելով վերլուծություն եմ արել ու դեմ եմ արտահայտվել այդ նախաձեռնությանը», -նշել է Աննա Ստեփանյանը:

Երևանի ավագանու անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ Չումբոն կարողացել է մուտք գործել Երևանի ավելի քան 90 դպրոց` քաղաքապետարանի բանավոր թույլտվությամբ և ինքն այս փաստը հավաստող գրություն ունի`  դեռ անցյալ տարվանից. «Քաղաքապետարանը թույլ է տվել այդ կազմակերպության մուտքը դպրոցներ` առանց պայմանագրի: «Չումբոյի» գործունեությունն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ այս կազմակերպության մուտքը հանրակրթության ոլորտ պետք է խստիվ արգելվի: Դատարկ գարեջրի շշերով, վիսկիներով, մերկապարերով լուսանկարները արդեն պետք է խզեր կապը այդ կազմակերպության հետ: Այդ կազմակերպության ներկայացուցիչները ասում են, որ 850 միլիոն դրամ են ներդրել, սակայն անցյալ միջոցառումից հետո պարզ դարձավ, որ նրանք ոչ թե բարեգործություն են արել, այն փող են աշխատել երեխաների ծնողներին սնունդ վաճառելով: Այն էլ այդ տարիքի երեխաների համար արգելված սնունդ. չիփսեր, գազավորված ըմպելիքներ» – հայտարարել է  Արայիկ Հարությունյանը և կոչ արել լրագրողներին և քաղաքացիական հանրությանը` պահանջել, որպեսզի «Չումբո» նախաձեռնող խումբը հաշվետվություն ներկակացնի` ինչ է արել, որտեղ է ծախսել  850 մլն դրամը: Հիշեցնենք, որ Չումբո նախաձեռնության տնօրենը, ըստ հրապարկված տեսագրության, կրթության պատասխանատուների ներկայությամբ հայտարարում է, որ իրենք 850 մլն դրամ գումար են ծախսել, պետությունը 10 լումա չի ծախսել: Խոսվում է, որ այս գումարները իրենց տվել է են հովանավորները և ինչ-որ ամերիկացի բարերար:  Տեղեկություններ կան, որ Չումբո խմբի հովանավորների թվում է նաև  Ռուսաստանում գրանցված հայկակական հայտնի ընկերություններից  մեկը:

Տվյալ պարագայում սակայն առաջնայինը ոչ այնքան գումար տվողների ինքնությունն է, որքան գումարների աննպատակ վատնումը: Հասկանալի է, որ «Չումբոյի» հովանավորները բավական ազդեցիկ և հզոր մարդիկ են, այլապես «Չումբոն» չէր կարողանա անարգել մտնել դպրոցներ ու հարյուրավոր երեխաների տանել իր միջոցառումներին: Անհասկանալի է սակայն, թե ինչպե՞ս են  այս կարգի լուրջ գումարները` շուրջ 850 մլն դրամ, վստահվել մի խումբ  ջահելների, որոնց արժեքները, դատելով անձնական էջում հրապարակված լուսանկարներից,  սահմանափակվում են գարեջրի դատարակ շշերով, մերկապարուհիներով և սիգարներով:

Կարինե Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: