Բացառիկ դեպք՝ զրկում են ոչ միայն նախագահին, այլեւ վարչապետին

Mar 26, 2018 Comments Off on Բացառիկ դեպք՝ զրկում են ոչ միայն նախագահին, այլեւ վարչապետին

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը նախագծում որևէ փոփոխություն չի կատարել, նախագծի վերաբերյալ միակ առաջարկը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը, որը չի ընդունվել:

Խմբակցությունն առաջարկել է սահմանել, որ չեն կարող պարգեւատրվել ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողով ի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: «Գործող օրենքում արդեն իսկ սահմանված է, որ հանրապետության նախագահը չի կարող պարգևատրվել, քանի որ պարգևատրողը հենց ինքն է և պարգևատրողն ու պարգևատրվողը տվյալ դեպքում համընկնում են» առաջարկի մերժումը հիմնավորեց փոխնախարարը շարունակելով․«Մենք օրենքում ավելացրել ենք նաև, որ չի կարող պարգևատրվել նաև վարչապետը, քանի որ վարչապետին պարգևատրելու համարն նախագահին միջնորդություն ներկայացնողը հենց ինքը վարչապետն է, հետևաբար, այստեղ մենք արգելք ենք սահմանել, քանի որ վարչապետը չի կարող նախագահին միջնորդել իրեն պարգևատրելու վերաբերյալ: Սակայն Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեպքում վարչապետը լիազորություն ունի միջնորդություն ներկայացնել պարգևատրման համար, ուստի մենք չենք ընդունել ՀՅԴ-ի առաջարկը, որովհետև վարչապետը կարող է նախագահին միջնորդություն ներկայացնել, օրինակ, Ազգային ժողովի նախագահին պարգևատրելու մասին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ վարչապետին պարգևատրելու լիազորություն սահմանել նախագահի համար: Արթուր Հովհաննիսյանը բացատրեց, որ օրենքով հստակ սահմանված է, որ պարգևատրումը նախագահի կողմից իրականացվում է բացառապես միջնորդավորված: «Այսինքն՝ մենք չենք կարող նախագահի համար նման լիազորություն սահմանել, քանի որ պարգևատրումը պետք է բացառապես միջնորդավորված լինի, ինչ-որ մեկը պետք է միջնորդի, որպեսզի նախագահը պարգևատրի, իսկ տվյալ դեպքում վարչապետի պարգևատրման համար միակ միջնորդողը հենց ինքը վարչապետն է, ուստի մենք այդ արգելքը դրել ենք»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց՝ եթե Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ուրեմն պետք է ինքը կարողանա հասկանալ, թե ՍԴ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԱԺ նախագահը որքանով են կարողանում պատշաճ կատարել իրենց պարտականությունը, հիմա ինչո՞ւ պետք է անպայման վարչապետը ներկայացնի նրանց պարգեւատրման: «Նորից վարչապետի քաղցր աչքի տակ, քաղցր հայացքի տակ պահելու մի միջոց է: ՍԴ նախագահը անկախ է վարչապետից, ԱԺ նախագահը անկախ է վարչապետից, ինչի՞ պիտի անպայման նրանց պարգեւատրման համար վարչապետը ներկայացնի»: Փոխնախարարը կրկին վկայակոչեց մայր օրենքը, ասելով, որ նախագահը պետք է միջնորդավորված պարգեւատրի, Սահմանադրությունն է պարտադրում: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: