Սկանդալային զեկույց. առողջապահության նախարարը պարտավոր է հրաժարական տալ

Apr 01, 2018 Comments Off on Սկանդալային զեկույց. առողջապահության նախարարը պարտավոր է հրաժարական տալ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը ներկայացրել է սկանդալային հետազոտական տվյալներ, որի հրապարակումից հետո առողջապահության նախարարը պարտավոր է հրաժարական ներկայացնել:

«Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում նշվում է, որ հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման աշխատանքներ են կատարվել, բոլոր այցերը կրել են չհայտարարված բնույթ և  իրականացվել են հատուկ խմբերով:

Պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է արձանագրել: Առկա են եղել նաև քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ:

Մշտադիտարկումների ընթացքում Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ կենսաթոշակ ստացող պացիենտները կենսաթոշակի գումարի մի մասը տալիս են աշխատակիցներին՝ իրենց խնամելու համար: Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և այդ անձանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել գրություն: ՄԻՊ-ը հույս ունի, որ ուսումնասիրություն է իրականացվելու: «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկում արձանագրվել են թվով ամենաշատ խախտումներըՄշտադիրտարկման արդյուքնում վեր հանված առաջնահերթ խնդիրներից մեկը այն է, որ չնայած հոգեբուժական օգնությունը և սպասարկումն անվճար է, սակայն արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, իսկ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են եղել: «ՀՀ օրենքը պետությանը պարտադրում է անվճար բուժօգնություն ցուցաբերել: Այս կապակցությամբ մտահոգիչ է ներկայումս տարվող օրենսդրական քաղաքականությունը, հարց այն է, որ Առողջապահության նախարարությունը  նախագիծ է ներկայացրել, որը ներառում է անվճար բուժօգնության ենթակա  հիվանդությունների հիմնական ցանկը, բայց հոգեկան հիվանդությունների ցանկը չկա այնտեղ, այս մասին մենք մեր առարկությունը հայտնել ենք: Ավելին, հոգեկան բուժօգնության վճարովի ցուցակ կա մի շարք հոգեբուժական կազմակերպություններում՝ Ավանում, Նուբարաշենում, Գյումրիում, Սյունիքի և Լոռիի դիսպանսերներում: Այդ սակագները սահմանված են ներքին իրավական ակտերով, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կենտրոններում մարզպետարանի որոշմամբ»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը և հավելել, որ մարզպետարանների ենթակա հոգեբուժարաններում արձանագրվել են առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգերի մի շարք խախտումներ:

Խնդրահարույց է նաև ժամկետանց դեղերի ու բժշկական պարագաների խոտանման ոչ պատշաճ կազմակերպումը, որը կարող է վտանգավոր լինել ոչ միայն հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց, այլև շրջակա միջավայրի համար. «Օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում չեն պահպանվում առողջապահության նախարարի հրաման-պահանջները և բժշկական թափոնները հայտնվում են տուն-ինտերնատին կից դիահերձարանի մոտակայքում»:

Թաթոյանի խոսքով՝առանձին կազմակերպություններում հոգեկան խնդիրներ ունեցող որոշ անձինք ազատ հնարավորություն ունեն հոգեբուժական կազմակերպություններից դուրս գտնվող դեղատներից դեղեր ձեռք բերելու. «Օրինակ, Ավան հոգեկան առողջության կենտրոնում հոգեբանական առողջական խնդիրներ ունեցող անձանցից մեկի մոտ առկա է եղել անալգին և ևս մեկ անհայտ ծագման դեղամիջոց, որի վերաբերյալ անձնակազմը տեղյակ չի եղել»:

Մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում: Հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, չկան նեղ մասնագետները (օրինակ՝ մանկական հոգեբույժներ), չկա գիշերային ժամերին հոգեբույժների հերթապահություն, իսկ հերթապահություն, իրականացնող միջին բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, այդ թվում՝ նաև Երևանում: Չի ապահովվում կին և տղամարդ հիվանդների առանձնավումը, ինչն անթույլատրելի է:

Թվում է, թե ավելի վատ չի լինում. մնում է հասկանալ, թե ով է այս խայտառակ վիճակի պատասխանատուն և ինչ քայլեր են հետևելու ՄԻՊ սկանդալային զեկույցին:

 

Հայկ Դավթյան

 

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: