Գազային կրքեր. խողովակից մինչև բարձր աշխատավարձ

Mar 23, 2018 Comments Off on Գազային կրքեր. խողովակից մինչև բարձր աշխատավարձ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը խորհրդարանում հայտարարել է, որ  Թուրքմենստանից Հայաստան գազ ներկրելու վերաբերյալ այս փուլում քննարկումներ կան, բայց գինը ձեռնտու չէ. «Մեզ առաջարկվող գները մրցունակ չեն մեր կողմից ստացվող գազի գնի հետ համեմատած, այդ պատճառով էլ բանակցություններում տեղաշարժ չկա»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ճշտող հարցին, թե փաստորեն կարելի՞ է ֆիքսել, որ Ռուսաստանից ստացվող գազի գինն ավելի մրցունակ է, նախարարը նման պատասխան տվեց. «Այո, դուք շատ ճիշտ հասկացաք»: Ինչ վերաբերում է իրանական գազին, ապա այստեղ ևս հուսադրող ոչինչ չկա. մրցունակ առաջարկ, ըստ նախարարի, Հայաստանը չի ստացել: Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպանների հայտարարություններին, թե պատրաստ են արտոնյալ գնով գազ տրամադրել Հայաստանին, անգամ 1000 խմ դիմաց 100 դոլար գնի մասին են խոսել, նախարարը պատասխանել է, որ առայժմ Իրանից մրցունակ առաջարկ չի ստացվել:

Հարցին, թե հայկական կողմը փորձե՞լ է  Իրանից պարզել, թե ինչ գնով են պատրաստ գազ տրամադրել Հայաստանին, նախարարը պատասխանեց, որ հայկական կողմն Իրանից 100 դոլար գնի առաջարկ չի ստացել: Իսկ թե ինչ գին են ասել, չի մանրամասնել: Նախարարն ասել է, որ օնլայն ռեժիմով է աշխատում Իրանի դեսպանի հետ, այն պահին, երբ կլինի մրցունակ առաջարկ, կքննարկեն: Իսկ այսօր առաջարկվող գինը ռուսական գազից թանկ է և մրցունակ գին համարել հնարավոր չէ, ու այս հարցում դեռևս տեղաշարժ չկա: Դիտարկմանը, որ գազի հարցը քաղաքական հարց է, Հայաստանն ավելի շահագրգռված է ռուսական կողմի հետ համագործակցել այդ հարցում, Աշոտ Մանուկյանը վստահեցրելէ. «Վստահորեն կարող եմ ասել, որ որևէ քաղաքական գործոն չկա»:

Ինչ վերաբերում է ոչ քաղաքական գործոնով պայմանավորված ռուսական գազին, որը սահմանին 150 դոլարով է ստանում  Հայաստանը, իսկ քաղաքացուն վաճառվում է 290 դոլարով, Աշոտ Մանուկյանը բացատրել է, որ գազի բաշխման ծախսերը կախված են նաև խողովակների շահագործման ու նորոգման ծախսերից: Իսկ խողովակներն ունեն նաև վերանորոգման անհրաժեշտություն, հետևաբար գազի գինը 150 դոլարից 210 դոլարի է հասնում հենց այս պահպանման ու նորոգման ծախսերի պատճառով, դրան գումարվում են 7.25 տոկոս կորուստները: Բացի այդ` Գազպրոմ Արմենիան ունի մոտ 5800 աշխատակից, նրանց պետք է աշխատավարձեր վճարվեն, ընդ որում բարձր, դա ևս մտնում է գազի գնի մեջ: Արդյունքում ստացվում է 290 դոլար` համարյա 2 անգամ ավելի բարձր, քան ստանում ենք սահմանին: Լավ, այսքան բարձր գին վճարելու դիմաց գոնե որակապես լավ գազ ստանանք.

Աշոտ Մանուկյանը պատմել է, որ նախքան նախարար դառնալը անընդհատ այդ հարցը բարձրացնում էր, որովհետև գտնվում էր հակառակ կողմում: «Ես ղեկավարում էի Հրազադանի ՋԷԿ-ը, օրը երեք անգամ մենք չափում էինք կալորիականությունը, երեք անգամ էլ ստանում էինք տարբեր տվյալներ: Սա միանգամայն բնական պրոցես է»:

Մի խոսքով` ավանդական խնդիրներ, ոչ մի նոր լուծում. ոչ մի հիմնավորում, թե խողովակների շահագործման ծախսը ինչո՞ւ է այսքան բարձր: Երբ խողովակն արդեն կա, գազն էլ դրա միջով հանգիստ անցնում է, ինչպես է ստացվում, որ 100 խմ գազի տեղափոխումը 60 դոլար է կազմում: Այդպիսի թիվ աշխարհի որևէ երկրում կա՞:

Նախկինում ստեղծված գազային հարցերն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը արձանագրել էր` ոչ, չկա: Մի խոսքով`

Էներգետիկ հարցերով ԱԺ լսումները ընդամենը գազ բաց թողեցին` ուրիշ ոչինչ:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: