Կարեն Կարապետյանը կհեռանա՞, թե «սալյուտը» կխփի ներսից

Mar 23, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը կհեռանա՞, թե «սալյուտը» կխփի ներսից

Ապրիլյան զարգացումներին ընդառաջ  ներիշխանական տիրույթում բեւեռացումն ավելի է սրվում: Ազգային ժողովում կառավարության հետ ավանդական դարձած հարցուպատասխանին հետևելիս տպավորություն ձևավորվեց, որ ՀՀԿ-ում սալյուտը խփվելու է ներսից: Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  կուսակիցներին անակնկլի բերեց tert.am-ին տված հարցազրույցով, որով կասկածի տեղ չի թողնում, որ ապագա վարչապետը լինելու հենց  ինքը: Փորձագիտական շրջանակներում Սերժ Սարգսյանի շտապողականությունը մեկնաբանվեց այն համատեքստում, որ վերջինս նախապես թիմում հայտարարում է իր պլանների մասին, քանի որ ապրիլի 9-ից, երբ կլրանա Սարգսյանի նախագահության պաշտոնավարման ժամկետը, մինչեւ ապրիլի 17-ը՝ ՀՀ նոր վարչապետի ընտրությունը Հայաստանում այսպես կոչված անիշխանություն իրավիճակ է լինելու եւ երկրի թիվ մեկ պաշտոնյան համարվելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնանկության օրը մեխանիկորեն ազատվում է նաեւ կառավարությունը, ի դեմս վաչապետի , կառավարության բոլոր անդամները դառնալու են ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն ժամանակավոր պաշտոնակատարի դերում էլ Կարեն Կարապետյանը կարող է որոշումներ արձակել, ընդունել, պաշտոնանկության հրամաններ ստորագրել եւ այլն: Այսինքն, սա դառնալու է մի փուլ, երբ ռեալ հնարավորություն է առաջանալու երկրում հանգիստ իշխանափոխություն իրականացնելու: Այսպիսով՝ Կարեն Կարապետյանի՝ հարցուպատասխանի ընթացքում թափանցիկ ակնարկերից նշմարվում է, որ դեռեւս գործող վարչապետի համար միանանակ չէ Սերժ Սարգսյանի առաջադրումը: Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօր հիշեցրեց , որ Կարեն Կարապետյանը  ժամանակին ասել էր, թե պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել: «Արդեն ակնհայտ է, որ դուք առաջին փոխվարչապետ եք աշխատելու, դա կկայունացնի՞ բիզնես միջավայրը, անորոշությունը կվերանա՞»,- հետաքրքրվեց Մարուքյանը՝ հասկացնելով, որ Սերժ Սարգսյանն իրեն է վերցնում վարչապետի պաշտոնը: Սակայն Կարապետյանը շրջանցեց առաջին փոխվարչապետի վերաբերյալ հարցադրումը եւ պատասխանեց միայն տնտեսական մասով ու հիշեցրեց, որ այո, դեռեւս անցած տարեվերջին ինքը պատասխանելով հարցին, ասել է, որ պատրաստ է շարունակել վարչապետի պաշտոնում նաեւ ապրիլից հետո:  Ընդդիմադիր պատգամավորն   հավելյալ հարցապնդում արեց, սակայն ժամանակը չբավարարեց, որպեսզի ավարտեր միտքը: Լսելի դարձավ, որ նա հետաքրքրվում էր՝ իսկ ով է լինելու հաջորդ վարչապետը:

«Բայց դրա քննարկումը եղե՞լ ա, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ: Հարց եք տվել՝ պատրաստ եք, թե չէ, ասել եմ՝ հա: Էդ քննարկումը դեռ չկա»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Սա առնվազն տարօրինակ է այն առումով, քանի որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ՀՀԿ-ականները բացահայտ հայտարարում են, որ, այո, հենց նա էլ լինելու է վարչապետը ու դա հասկացվում է նաեւ ՀՀԿ ղեկավարի հարցազրույցից: Ուշագրավ է, որ այս պարագայում Կարեն Կարապետյանն ասում է, թե քննարկումներ չկա, ասել է թե՝ պնդում է, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի վարչապետական հայտը իր թիմի մասով առնվազն ընդունելի չէ եւ պետք է քննարկում կազմակերպել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մենք գրել էինք, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերություններն առերեւույթ են լավ, իսկ իրականում նրանց միջեւ հակասությունը խորանում է: Կարապետյանը մտերիմների շրջանում չի թաքցնում, որ հնարավոր է ինքը հրաժարվի անգամ առաջին փոխվարչապետի պաշտոնից եւ վերադառնա այնտեղ, որտեղից, որ եկել է:
Արդյոք Սարգսյան-Կարապետյան դիմակայությունը այդպիսի վախճան կունենա, թե Կարեն Կարապետյանը, այնուամենայնիվ պատրաստ է մինչեւ վերջ գնալ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: