Իշխանությունը վստահեցնում է՝ Քոչարյանը չի ստում

Mar 23, 2018 Comments Off on Իշխանությունը վստահեցնում է՝ Քոչարյանը չի ստում

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, հայտարարելով, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ նախագծում կա պահանջ Ազգային ժողովի կողմից իրավապահ մարմիններին քննության ավարտի ժամկետներ պարտադրելու դրույթ: Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը չի կարող տարածական մեկնաբանության ենթարկվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվել են այն մտքի հետ, որ այս նախագծի բովանդակությունը որևէ կերպ չի փարատում մեր մտահոգությունները»,- ասաց Կոստանյանը: Հայտարարության նախագծով «Ելք»-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Հիշեցնենք, երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ`դիմելով պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»:

Գեւորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ 55 էջանոց փաստաթղթից, հրապարակվում է միայն առաջին եւ վերջին էջերը ու փորձ է արվում դրանք կապել իրար հետ, ինչ-որ բաներ գտնել. «ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյոք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղե՞լ է «բացարձակ անհրաժեշտ», արդյոք խախտվե՞լ են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե՞ ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ պետք է լինի համաչափ, իրավաչափ եւ բացարձակ անհրաժեշտ: Կոստանյանը պարզաբանեց, որ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ոչ թե մահվան դեպքերին: «Մահվան հանգամանքների հետ կապված դա ընդհանրապես կապ չունի: Ես ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ, բայց մահվան հանգամանքների հետ կապված դեռ չգիտենք»: Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, թե ընդդիմադիրները մեքենաների հետեւից դուրս են եկել, կրակել ոստիկանների ուղղությամբ, Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ բոլոր ձայնագրությունները, որոնց մասին խոսել է երկրորդ նախագահը, գտնվել եւ գտնվում են նախաքննության տրամադրության տակ:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: