Կգտնի՞ Պուտինը թույնի հետքերը

Mar 25, 2018 Comments Off on Կգտնի՞ Պուտինը թույնի հետքերը

Վերջին շաբաթներին լրատվամիջոցները ողողված են Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյային թունավորելու մանրամասներով: Սկանդալն արդեն վաղուց վերաճել է դիվանագիտական առճակատման:

Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման կապակցությամբ Լոնդոնի կողմից որպես պատժամիջոց արտաքսման հրահանգ ստացած 23 ռուսաստանցի դիվանագետներ երեկ լքեցին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության տարածքը: Վարչապետ Թերեզա Մեյի պնդմամբ, առաջին անգամ Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայում մի երկիր մյուս երկրի տարածքում սպանության նպատակով քիմիական զենք է կիրառել: Դիվանագետները, ըստ Մեյի, ներգրավված էին ապօրինի հետախուզական գործունեության մեջ և պարտավոր են հեռանալ:

Ռուսաստանցի դիվանագետները դիվանագիտական պետհամարանիշներով երեք ավտոբուսով երեկ առավոտյան հեռացել են Լոնդոնում ՌԴ դեսպանության համալիրից: Դիվանագետներին ճանապարհելուց առաջ դեսպանատանը կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ասել է, որ հավաքը կազմակերպվել է գործընկերներին հրաժեշտ տալու համար․ – «Նրանք մարտի 20-ին մեկնում են Մոսկվա, այս օրն ազդարարում է Լոնդոնում նրանց գործուղման ավարտը և կենսագրության նոր էջ, նրանք, իհարկե, շարունակելու են դիվանագիտական աշխատանքը»: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում արտաքսված դիվանագետների հետ նախատեսված չէ. «Եկեք սթափ մնանք ու նախևառաջ սպասենք բրիտանական կողմից ներկայացվելիք ապացույցներին, հասկանանք, թե արդյո՞ք ինչ-որ իրական բան կա Լոնդոնում ամենաբարձր մակարդակով հնչեցված պնդումների հիմքում»:

Հիշեցնենք, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին մարտի 4-ին հայտնաբերել էին անգիտակից վիճակում Սալսբերի ավանում: Ըստ բրիտանացի քննիչների, նախկին լրտեսին և նրա դստերը թունավորել են խորհրդային ժամանակաշրջանում բանակի և հատուկ ծառայությունների համար ստեղծված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Լոնդոնը պնդում է, որ թունավորումը Մոսկվան է կազմակերպել:

Դիվանագետներին արտաքսելուց բացի, Լոնդոնը հայտնել է, որ պաշտոնական պատվիրակություն ներկա չի լինի Ռուսաստանում ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ռուսաստանյան կողմը հայտարարել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսելու, Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսարանի վերաբացումը չեղարկելու և մշակութային ծրագրեր իրականացնող Բրիտանական խորհուրդը փակելու որոշումների մասին:

Ռուսաստանցի քիմիկոս Լեոնիդ Ռինկը, ով ժամանակին զբաղվել է «Նովիչոկ» տեսակի նյութի ստեղծմամբ, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, թե, իր համոզմամբ, ռուսական կողմը կապ չունի Սկրիպալների թունավորման հետ․ – «Աղաղակող անտեղյակություն, ծիծաղելի և անընդունելի պնդումներ են, «Նովիչոկն» անմիջապես կսպաներ հորը և աղջկան, այդ նյութի հետքերը Ռուսաստանում որոնելն անիմաստ է»:

Մինչդեռ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն իրենց համերաշխությունն են հայտնել Լոնդոնին: Բրյուսելում, Վաշինգթոնում, Փարիզում և Բեռլինում բարձրաստիճան ղեկավարներն ասել են, որ ռուսական կողմը, ամենայն հավանականությամբ, կապ ունի Սկրիպալների թունավորման հետ:

Անձամբ Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում Սկրիպալի թունավորման միջոցներ չկամ: Նա հավելել է, որ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան գործընկերների, քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել է: «Առաջին բանը, որ մտքովդ անցնում է, այն է, որ եթե դա մարտական թունավոր նյութ լիներ, մարդիկ կմեռնեին տեղում», ասել է նա լրագրողներին իր նախընտրական շտաբում:

Չորրորդ անգամ հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում, Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ ողբերգության մասին լրատվամիջոցներից է իմացել, Ռուսաստանի անմեղությունը ապացուցելու համար էլ, պնդեց, պահն էր անհարմար: «Առողջ բանականությամբ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ լիակատար անհեթեթություն և զառանցանք է կարծել, թե Ռուսաստանում ինչ-որ մեկն իրեն թույլ կտար նման քայլի գնալ նախագահական ընտրությունների և ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին», – ասաց Պուտինը: Միաժամանակ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Սերգեյ և Յուլյա Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը և պատրաստ է բոլոր հարցերի համատեղ քննարկմանը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատանքի, «ցանկացած հարցերի քննարկման և ցանկացած դժվարությունների հաղթահարման»:

Իսկ ահա Մեծ Բրիտանիան պնդում է, թե պատրաստվում է Ռուսաստանի դեմ ապացույցները ներկայացնել միջազգային փորձագետներին: Լոնդոնը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը վերջին տասը տարիների ընթացքում արտադրել և կուտակել է նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութի պաշարներ, որով թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, BBC- ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ այսօր Լոնդոնը Ռուսաստանի դեմ ունեցած փաստերն ու ապացույցները ներկայացնելու է միջազգային փորձագետներին: «Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության տեխնիկական փորձագետները Հաագայից կգան Բրիտանիա, մենք նրանց կտրամադրենք մեր ունեցած նմուշները, որոնք փորձաքննության կենթարկվեն աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի լաբորատորիաներում», – ասել է Ջոնսոնը:

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը նույնիսկ պնդել է, թե թունավոր նյութը գուցե ստեղծվել է Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ Պորտոն Դաուն քաղաքում գտնվող գիտատեխնիկական լաբորատորիայում, որը Սոլսբերիից ընդամենը 12 կիլոմետր է հեռու: «Երբ դու նյարդապարալիտիկ կամ այլ նյութ ունես, այն համեմատում ես այն նմուշների հետ, որ պահում ես քո լաբորատորիաներում: Պորտոն Դաունը, ինչպես գիտենք, ամենամեծ ռազմական կառույցն է Միացյալ Թագավորությունում, որտեղ քիմիական զենքի ուղղությամբ հետազոտություններ են իրականացվում, և այն իրականում ընդամենը 8 մղոն է հեռու Սոլսբերիից», – հայտարարել է Չիժովը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև պնդել է, թե այս ոլորտում մասնագիտացած որոշ գիտնականներ Խորհրդային Միության փլուզումից հետո հեռացել են Ռուսաստանից և հիմա ապրում են Միացյալ Թագավորությունում: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը «ծաղր» է որակել Չիժովի այդ ակնարկները:

Չի կարելի բացառել, որ առաջիկայում դիվանագիտական այս լարվածությունը է՛լ ավելի խորանա. Մեծ Բրիտանիան հայտարարում է, թե այժմ բանակցում է արևմտյան դաշնակիցների հետ՝ Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու շուրջ:

Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները նախօրեին ամենախիստ կերպով քննադատեցին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը՝ կոչ անելով Ռուսաստանին հրատապ արձագանքել Մեծ Բրիտանիայի մեղադրանքներին: «Եվրամիությանը ցնցել է Ռուսաստանում մշակված նյարդապարալիտիկ նյութի կիրառումը Եվրոպայի տարածքում, որն առաջին դեպքն է վերջին 70 տարում», – նշվում էր արտգործնախարարների ընդունած հայտարարությունում, ընդգծելով՝ եվրոպական ընտանիքը ծայրահեղ լուրջ է վերաբերվում Մեծ Բրիտանիայի գնահատականներին, ըստ որոնց՝ ՌԴ-ն է այս թունավորման պատասխանատուն:

«Ծանոթանալով Մեծ Բրիտանիայի ներկայացրած վերլուծությանը՝ ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի մեղավորությունից բացի որևէ այլ խելամիտ բացատրություն չկա», – հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարարը: Դատապարտելով Կրեմլին ու փաստելով, որ քիմիական զենքի կիրառումը խախտում է միջազգային նորմերը, Եվրամիության արտգործնախարարները միաժամանակ դեռ չեն հստակեցնում՝ ինչ հնարավոր քայլեր կարող են կիրառվել Կրեմլի նկատմամբ: «Անշուշտ, մեզ միշտ չէ, որ հաջողվում է միասնական դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, սակայն, կարծում եմ, այս քննարկումը լավ հիմք կդառնա հետագա քայլերի համար, և այս առումով շատ, շատ կարևոր է, որ մենք միասնաբար մեր համերաշխությունն ենք հայտնում Միացյալ Թագավորությանը», – նշել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալյստրոմը:

Դիվանագիտական այս ջանքերին զուգահեռ՝ Հաագայից Լոնդոն են ժամանել Քիմիական զենքի կիրառումն արգելող միջազգային կազմակերպության փորձագետները, որոնց Միացյալ Թագավորությունը մտադիր է փոխանցել Ռուսաստանի դեմ ունեցած փաստերն ու ապացույցները: «Դրանք կստուգվեն աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի լաբորատորիաներում», նշել էր արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնելով՝ փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան շուրջ երկու շաբաթ անց:

Արձագանքելով Կրեմլից հնչող հայտարարություններին՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Բրյուսելում պնդել է՝ իր մեղսակցությունը հերքելու Ռուսաստանի փորձերը գնալով դառնում են առավել անհեթեթ: «Նրանք մեկ ասում են, թե երբեք «Նովիչոկ» չեն արտադրել, հետո թե՝ արտադրել են, սակայն պաշարներն են վերացրել, վերջում էլ թե՝ այդ նյութի մի մասը խորհրդավոր կերպով հասել է Շվեդիա, Չեխիա, Սլովակիա, անգամ՝ Միացյալ Նահանգներ ու Մեծ Բրիտանիա: Սա Ռուսաստանի դասական ռազմավարությունն է՝ ճշմարտության ասեղը թաղել ստի դեզի մեջ: Հստակ է, որ Լիտվինենկոյի մահվանից 12 տարի անց ռուսները Լոնդոնում այլևս որևէ մեկի չեն կարող հիմարացնել», – հայտարարել է Ջոնսոնը: Հիշեցնենք, ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից, հետագայում Պուտինի կոշտ քննադատ Ալեքսանդր Լիտվինենկոն թունավորվել էր 2006-ին՝ «Պոլոնիում-210» ռադիոակտիվ նյութով: Երկարատև քննությունից հետո բրիտանացի քննիչները հայտարարել էին՝ սպանությանը, ամենայն հավանականությամբ, հավանություն են տվել անձամբ նախագահ Պուտինն ու Անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար Նիկոլայ Պատրուշևը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: