Պուտինի կարիքը կա, առանց ՌԴ-ի հնարավոր չէ. շատերն են դա հասկացել

Mar 25, 2018 Comments Off on Պուտինի կարիքը կա, առանց ՌԴ-ի հնարավոր չէ. շատերն են դա հասկացել

Արևմուտքի առաջնորդները չեն շտապում շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ: Պուտինին չի շնորհավորել նաև Ուկրաինայի նախագահը։ Փոխարենը Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ղրիմում և Սևաստոպոլում ապօրինի քվեարկություն է տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ համաշխարհային առաջնորդները պատրաստ չեն ճանաչել թերակղզում ընտրությունների արդյունքները։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի նորընտիր նախագահը մի շարք ուղերձներ ստացել է։ Նրան շնորհավորել են նախկին ԽՍՀՄ երկրների նախագահները, Չինաստանի, Սերբիայի, Վենեսուելայի, Կուբայի, Բոլիվիայի նախագահները։

Սակայն երեկ ստացվեց տեղեկություն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Թրամփը հավելել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը: Դոնալդ Թրամփը Սպիտակը տանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս․․․ բայց մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»:

Հետաքրքրականն այն է, որ ի սկզբանե, տեղեկություն հրապարկվեց, որ Թրամփը որոշել է չշնորհավորել Պուտինին: Ավելին, ասվեց, որ Վաշինգտոնը չի շնորհավորել Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինին, հավելելով, սակայն, որ քվեարկության արդյունքները Սպիտակ տան համար անակնկալ չեն եղել և, որ Դոնալդ Թրամփը չի զանգահարի ողջունելու Ռուսաստանի առաջնորդի հաղթանակը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Ջիդլին հաղորդել էր լրագրողներին, որ ԱՄՆ–ն ամեն դեպքում կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ այն բնագավառներում, որտեղ դա հնարավոր է։ «Մենք կաշխատենք զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և կստիպենք վճարել, երբ Ռուսաստանը սպառնում է մեր շահերին, բայց մենք նաև կփորձենք աշխատել միասին, որտեղ հնարավոր է, երբ դա մեր շահերից է բխում»,– ասել է Ջիդլին։

Այն, որ Թրամփ-Պուտին հանդիպում, այնուամենայնիվ, կկայանա՝ կանխատեսելի է: Առհասարակ, Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում որոշ զարգացումներ հենց այդ ազդակներն ունեն, սակայն նաև պարզ է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը կպահպանվի ու արևմուտքը փորձելու է լարվածությունը պահպանել:

Միջազգային մամուլը Ռուսաստանի ապագային անդրադառնալիս՝ կանխատեսում է, որ թե պաշտոնավարման նոր ժամանակահատվածը Պուտինի համար «ականապատ դաշտ» կլինի: Վլադիմիր Պուտինի համար ընտրություններում հաղթանակը կդառնա մանդատ`շարունակելու ընթացիկ քաղաքական ուղին, որի մեծ մասը հակադրություն է Արևմուտքի հետ: Այսպես է Ռուսաստանի ընտրությունների արդյունքները մեկնաբանել «The Economist»-ը՝ հիշեցնենլով, թե ինչպես էր ՌԴ նախագահը դեռ ընտրություններից առաջ սպառնացել Դաշնային ժողովին: Հոդվածագիր նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ վերընտրությունն առանց խնդիրների անցավ, Պուտինի հաջորդ նախագահական ժամկետն «ականապատ դաշտ» կլինի: Ռուսական էլիտան արդեն սկսել են պատրաստվել՝ Պուտինից հետո համակարգում նրա տեղը զբաղեցնելու համար: Նախագահը պետք է պարզի, թե ինչպես կարելի է ապահովել իշխանության հնարավոր փոխանցումը: Կրեմլը ստիպված կլինի զբաղվել տնտեսական աճի լճացմամբ և բարեփոխումներ անելու կոչերով: Հաղթանակի փայլը շուտով տեղը կզիջի կոշտ իրականությանը:

Իսկ ըստ Handelsblatt ​գերմանական պարբերականի՝ «Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր»: Ըստ պարբերականի՝ «Նախկինում Պուտինը ներկայացել է որպես տնտեսական բարեփոխական, իսկ հիմա նա Ռուսաստանի կայունության, ռազմական հզորության և անվտանգության խորհրդանիշն է»:

Առհասարակ, պետք է նկատել, որ նույնիսկ կանխատեսելի ընտրությունների պայմաններում, արևմուտքից հնչեցին՝ «առանց Ռուսաստանի հնարավոր չէ» արձանագրումներ, ինչը նշանակում է, որ Ռուսաստան-Արևմուտք սրումը մոտ է որոշակի թուլացման:

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ խոսել է Պուտինի վերընտրության մասին՝ ասելով․ – «Ռուսաստանը կմնա բարդ պարտնյոր, բայց մենք ունենք Ռուսաստանի կարիքը միջազգային խոշոր խնդիրների կարգավորման համար: Եվ դրանից ելնելով, մենք ցանկանում ենք պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Միաժամանակ, մենք ակնկալում ենք Ռուսաստանից կառուցողական ներդրում՝ ավելին, քան եղել է վերջին ժամանակաշրջանում»:

Ճապոնիայի պետական քարտուղար Հոշիդե Սուգան նշել է, որ Ռուսաստանը «կարևոր գործընկեր է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում․ – «Մենք հուսով ենք, որ մեր երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նախագահ Պուտինի վերընտրությամբ»:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյունգը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը Պուտինի առաջնորդությամբ կշարունակի կայուն զարգացումը և ավելի մեծ դեր կկատարի միջազգային ասպարեզում: «Չինաստանն ամենայն անկեղծությամբ շնորհավորում է Պուտինին: Մենք մշտապես սատարելու ենք ազգային հայեցակարգով զարգացումը շարունակելու Ռուսաստանի ձգտումները», – ասել է Հուա Չունյունգը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: