Հակասական արժեքներ, ամոթալի համեմատություն

Mar 22, 2018 Comments Off on Հակասական արժեքներ, ամոթալի համեմատություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Թեպետ նա չի ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել: Ժիրայր Սեֆիլյանի մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:
Հրապարակվել է նաև «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով մյուս ամբաստանյալների` Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները: Նրանցից Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Իսկ Գևորգ Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն: Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3,5 տարի:

Ամենամեղմ պատիժը կիրառվել է Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ, ով լինելով խմբի անդամ` համագործակցել է իրավապահների հետ, աջակցել գործի բացահայտմանը, ինչը դիտարկվել է որպես մեղմացուցիչ հանգամանք: Այլ կերպ ասած` Հովհաննես Պետրոսյանը դավաճանել է Ժիրայր Սեֆիլյանին և նրա թիմակիցներն, ինչի համար նրան դատարանը ընդամենը 2 տարվա ազատազրկման է դատապարտել: Հաշվի առնելով այն, որ ազատազրկման ժամկետները հաշվարկվում են արգելանքի տակ վերցնելուց՝ տվյալ դեպքում՝ 2016-ի մայիսից, ապա Պետրոսյանը 2 ամիս անց՝ մայիսի 20-ին, կվերադառնա ազատություն: Հովհաննես Պետրոսյանը «Ժիրայր Սեֆիլյան և մյուսներ» գործով ազատության մեջ գտնվող միակ ամբաստանյալի՝ Սմբատ Գալոյանի ազգականն է: Տեսակետ կա, որ Գալոյանը ԱԱԾ գործակալ է, և հենց ներդրված գործակալի միջոցով էլ «սարքվել» է ողջ մեղադրանքը:
«Բրավո՛, կեցցե՛, շուտով նմանատիպ դատավճիռներ Ձեզ համար կարտասանվեն». այսպես է արձագանքել իր դատավճռին Շուշիի առնձնակի գումարտակի հրամանատարը: Դատավճռի հրապարակումից հետո պաշտպանական կողմը հայտարարելէ, որ ներկայացված որևէ մեղադրանք դատարանում չի ապացուցվել, փոխարենը քրեական հոդվածների անվան տակ իրականացվել է քաղաքական գործչի հետապնդում:

Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է 2016 թվականի հունիսի 20-ին և արդեն մոտ 2 տարի է, ինչ անազատության մեջ է: Դատավարության ընթացքում մեղադրանքը ապացուցող հիմնավոր ապացույցներ չբերվեցին, սակայն դատելով նրա վրա դրված հոդվածներից` իշխանությունը ունեցել է վախեր, որ Սեֆիլյանը մտադիր է զինված հեղաշրջում իրականացնել: Այսինքն` նրան 10,5 տարի են տվել վախի համար:  Այն, որ Սեֆիլյանն ու իշխանությունը քաղաքական տարբեր ճամբարներում էին գտնվում, փաստ է: Թե ինչ մեթոդ էր ընտրել Սեֆիլյանը իշխանության դեմ պայքարում` դժվար է միանշանակ ասել: Սակայն քրեական գործի և դատավարության ամբողջ ենթատեքստը քաղաքական է: Ժամանակին անգամ վարկածներ էին շրջանառվում, թե Սեֆիլյանը որոշակի թելերով կապված է Սասնա ծռերի ապստամբության հետ:

Իշխանությունը Սեֆիլյանի` իրականում անհամեմատ ծանր դատավաճռով փորձ է անում կանխել հետագա մյուս ապստամբությունները: Սակայն դաժան դատավճիռը չի լուծում կռվի դաշտում կյանքով երկիրն ու հողը պահած տղաների խնդիրը գլոբալ առումով: Ժիրայրը հերոս է` երկրի և Արցախի համար կյանք ու արյուն տված մարդ, և իրավունք ունի ունենալ իր տեսակետը, պայքարել հանուն այդ տեսակետի, նաև դեմ գնալ իշխանությանը: Ի վերջո, ի՞նչն է խնդիրը. արցախյան ազատամարտի հերոսներից որոշները, հատկապես ընդգծված անհատականությունները այդպես էլ իրենց տեղը չեն գտնում անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում. մի՞թե նրանք ավելի քիչ իրավունք ունեն մեր երկրում ազատ ապրելու, քան հայտնի իշխանահաճո պաշտոնյաների բազմաթիվ սկանդալային հանցանքներ կատարած լպիրշ որդիները /անունները շատ են` սկսած Լիսկաի տխրահռչակ որդուց/: Ինչո՞ւ նրանց ներվում է ամեն ինչ, իսկ հերոսներին չի տրվում ասպարեզ: Հատկանշական է, որ դատարանը իրավապահների հետ համագործակցությունը կամ, որ նույնն է, դավաճանությունը դիտարկել է մեղմացուցիչ հանգամանք, մինչդեռ արցախյան ազատամարտում Ժիրայրի ունեցած ներդրումը մեղմացուցիչ հանգամանք չի դիտվել: Ինչպիսի հակասական արժեքներ, ինչպիսի ամոթալի համեմատություն` կասեր դասականը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: