Սերժ Սարգսյանն ասաց, թե ով է Նիկոլ Փաշինյանն իրենց համար

Mar 23, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանն ասաց, թե ով է Նիկոլ Փաշինյանն իրենց համար

Մինչ ընդդիմադիր Ելք-ում կոնսեսնուս չի կայանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի հարցում, իշխանության ճամբարում մտահոգությունները թաքցնել չի հաջողվում։ Երեկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հիշեց «մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողությունների» մասին՝ մտահոգություն հայտնելով, որ «այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել․․․», իսկ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իշխանության պատգամավորներն էին կազմակերպված գրոհ ձեռնարկել Ելք-ի ուղղությամբ։
Արմեն Աշոտյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընդհուպ մեղադրեց ժամանակին Հայ ազգային կոնգրեսը քայքայելու մեջ:
Աշոտյանը հեգնեց ընդդիմությանը, մասնավորապես «Ելք»-ին, առաջարկելով ստվերային կառավարություն կազմել, որը հնարավորություն կտա ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել ընդդիմության աշխատանքը եւ ունենալ հնարավորություն հասարակությանը տալ այլընտրանքային օրակարգ:
«Իմ գործընկերները մի քիչ քննադատեցին առաջարկությունը, որովհետեւ այն հնչել է իմ կողմից: Կարող եք մոռանալ այդ փաստը, պարզապես վերցրեք այդ միջազգային փորձը, ստեղծեք խորհրդարանական համակարգին հարիր քաղաքական մշակույթ, որովհետեւ մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց առանց ձեզ լիարժեք ունենալ խորհրդարանական այդ ձեւաչափը, չենք կարող»,-ասաց նա: Աշոտյանը չցանկացավ «Ելք»-ի որակել որպես «ստահոդ ընդդիմություն»՝ նշելով. «Այսօրվա ելույթներից հետո «ստահոդ» բառը կարելի է տարածել նաեւ ընդդիմադիր որոշ խմբակցությունների վրա, բայց չեմ ուզում այդպես անել, որովհետեւ մենք ոչինչ չենք արել, որ դուք մտնեք խորհրդարան, դուք ձեր ուժերով եք մտել, մի վարկաբեկեք ձեր հաջողությունները»,- բազմանշանակ ակնարկով հանդես եկավ Աշոտյանը՝ ըստ ամենայնի հակառակի մասին հայտարարությամբ: Նշենք, որ առավոտյան ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկումների ժամանակ էր Փաշինյանն օգտագործել ստահոդ պետություն արտահայտությունը:

Իսկ Կարեն Ավագյանն էլ գովաբանեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ եզրափակելով կրկին Ելք-ին հարվածելով․«Այսօր պետությանը ստահոդ անվանող, բայց հավակնություններ ունեցողները իրենց հավակնություններին հասնելու լավ իմաստով իսկական հնարավորություն ունեն։ Կրկնում եմ՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։ Եվ երկրի նախագահի հրավերը նաև նրանց է վերաբերում։
Սա հրաշալի ճանապարհ է, եթե մենք կարողանանք ինքներս մեզ ազատել վաճառված լինելու մասին հորինված կապանքներից ու սովորել։ Միայն սովորելով կարելի է առաջ գնալ ու հավակնություններ բավարարել։ Վերջում միայն ավելացնեմ, որ ԵԼՔ-ի մեր գործընկերների ներդաշինքային ճգնաժամից ելք կա»։

Ինչպես նկատում եք՝ Հանրապետական պատգամավորների հայտարարությունում գրեթե թափանցիկ ակնարկ է արվում Ելք-ի՝ իշխանության ընդդիմությունը լինելու մասին։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով բնորոշենք այս դաշինքի կարգավիճակը, կարող ենք փաստել, որ Ելք-ը, եթե անգամ իշխանության «հավատարիմ շունն» է, ապա իշխանությունը ձեռքից չի գցում փայտը, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։Սրա ապացույցը ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններն են, ինչը մյուս կողմից նշանակում է նաեւ, որ չնայած այդ հանգամանքին, իշխանության ներսում մտահոգություններ կան, որ Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացին ընդառաջ հնարավոր է ֆորս-մաժոր առաջ գա, ի վերջո, ինչպես Փաշինյանն է անընդհատ կրկնում, աննախադեպ շանս է, երբ երկիրը մնում է անիշխանություն։ Խոսքը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածի մասին է, երբ Սերժ Սարգսյանի լիազորության ժամկետը կավարտվի, իսկ ապրիլի 17-ին վարչապետի ընտրության օրն է։ Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանը այս մտահոգությամբ էլ փորձում է զգուշավորություն դրսեւորել, զսպել բողոքի հնարավոր օջախները, պատահական չէ Ռոբերտ Քոչարյանի անվան արծարծումը մարտիմեկյան քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ Սեյրան Օհանյանի մասին արտահոսքերը, կամ Հովիկ Աբրահամյանի այցը նախագահական նստավայր, Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիմի հնազանդությունը։ Սերժ Սարգսյանը. անկասկած, հիմա աշխատում է բոլոր ուղղություններով, որպեսզի ինչ-որ պահի չհայտնվի փաստի առաջ։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: