Սերժ Սարգսյանի ահազանգը պատերազմի ու հայկական հարվածի ուժի մասին

Mar 22, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի ահազանգը պատերազմի ու հայկական հարվածի ուժի մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը՝  ելույթ ունենալով Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը և բանակի գործոնին:

«…Բանակցությունների առաջընթացի մասին դրական լուրով ձեզ հետ կիսվել, ցավոք, չեմ կարող», ասել է նա՝ հավելելով․ «Մի բան ակնհայտ է՝ մենք շարունակելու ենք բանակցությունները և մեր գործընկերային շփումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ հենց նրանք են միջազգային հանրության կողմից լիազորվել՝ միջնորդ լինելու հակամարտող կողմերի միջև և օժանդակելու հարցի խաղաղ հանգուցալուծման մշակմանը: Այնուամենայնիվ, հիմնական պատասխանատվությունը հենց հակամարտող կողմերի վրա է, և մենք մեր բաժինը այդ գործում միշտ քաջ գիտակցել ենք: Հենց այդ պատճառով էլ մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը: Բաքվից անընդհատ հեղեղվող սպառնալիքների պարագայում զինված ուժերը մեր հենարանն ու կռվանն են: 2016թ. ապրիլյան գործողությունները հակառակորդի կողմից ուժերի հարաբերակցությունը ստուգելու խոշոր փորձ էր: Նրանք, իհարկե, այդ փորձը տանուլ տվեցին: Առկա պայմաններում մեր խնդիրն է պահպանել դիրքավորման կոնֆիգուրացիան», -ասել է Սերժ Սարգսյանը և շարունակել․ «Պետք է հետևողական աշխատենք և մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր և մանր փորձերին: Մենք բազմիցս ցույց ենք տվել հակառակորդին և պետք եղած դեպքում կրկին ցույց կտանք ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու անհեռանկարայնությունը: Եվ ամեն անգամ որքան գրագետ, որքան ցավալի պատասխան կարողանանք նրանց տալ, այնքանով մենք այդ մտայնությունը նրանց գիտակցության մեջ կամրապնդենք: Մեր հետևողական աշխատանքի հիմնական նպատակն է լինելու հակառակորդի մեջ հենց այդ գիտակցության ամրապնդումը»:

Այնուհետև նա խոսել է զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի բարեհաջող իրականացման մասին, կոռուպցիայի մասին՝ նկատելով, որ այն «դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար». «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում՝ ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է»:

Ապա` նա ընդգծել է, որ «մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար»: «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Դրանք մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ մենք, իհարկե, նույնպես օգտագործելու ենք՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության մեր հեռանկարները», նշել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով․ «Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը բացել է ղարաբաղյան բանակցային գործընթացում ստեղծված առկա իրավիճակը: Այն մխիթարական չէ, ավելին՝ որևէ դրական ընթացքի վրա հույս դնել չի կարելի: Ասել է թե՝ ամեն րոպե պետք է պատրաստ լինել Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմին:

Բացի այդ, նա ներկայացնում է մեր բանակը որպես Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ երաշխիքի հարց, միաժամանակ ընդգծելով, որ հայկական կողմը վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում է սպառազինության արդյունավետության վրա: Իսկ մեր հիմնական դաշնակիցն այս հարցում ՌԴ-ն է, որի հետ փաստորեն ունենք նոր պայմանավորվածություններ, թեև Ս.Սարգսյանը չի բացահայտում, թե խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է:

Ուշագրավ է բանակ-կոռուպցիա թեմայի շոշափումը: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը դեռևս այնքան էլ գոհ չէ բանակում կատարված փոփոխությունների արդյունքներից և ակնկալում է ավելին: Համենայնդեպս, այդ թեմայի արծարծումը նշանակում է ինչ-որ նոր փոփոխությունների ակնկալիք:

Դե իսկ Սերժ Սարգսյանի հիմնական ուղերձը Իլհամ Ալիևին էր՝ հայկական կողմը պատրաստ է հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու Ադրբեջանի խոշոր և մանր փորձերին և կհասցնի այնպիսի հակահարձակողական հարվածներ, որի արդյունքում Ադրբեջանն այլևս ցանկություն չի ունենան խախտել 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: