Սերժ Սարգսյանը կընտրի ժառանգորդին

Mar 21, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը կընտրի ժառանգորդին

Եւ այսպես,  Սերժ Սարգսյանը խոսել է իր վարչապետ դառնալու եւ նախկինում արած հայտարարության մասին՝ ըստ էության խմբագրելով 2014-ին իր այն հայտարարությունը, թե այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։Հարցազրույցից կասկած չի մնում, որ հենց Սերժ Սսարգսյանն է լինելու խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետը, որը փաստացի երկրի ղեկավար պաշտոնն է,չնայած ի սկզբանե հայտնի էր, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նա նախաձեռնել էր իր իշխանությունը հավերժացնելու համար,իսկ դրանից հետո էլ,մանսավորապես՝ վերջին ամիսներին, տեսանելի էր, որ ստեղծվում է «սուպեր» վարչապետական մոդել, ինչը նույնպես վկայում էր, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստում իշխանությունը հանձնել որևէ մեկին։Բնականաբար նա այժմ փորձում է բառախաղի միջոցով իր ընդդիմախոսներին մեղադրել թյուրըմբռնումների մեջ՝ ասելով, որ ինքը ոչ թե խոստացել է չառաջադրվել, այլ ասել, որ չի հավակնում, սակայն դրանից ամենեւին էլ չի փոխվում խնդրի էությունը: Ավելին, այս արդարացումներից տպավորություն է ձեւավորվում, որ հիմնավորման հեղինակային իրավունքները ոչ այնքան շախմատային բարդ կոնֆիգուրացիաների սիրահար Սերժ Ազատիչինն են, որքան նորելուկ
քաղաքական որեւէ գործչինը, որի համար քաղաքական գործունեության ամենախոշոր ձեռքբերումը բառախաղային հաջողակ պարտիան է:

«Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել»,- ասում է Սերժ Սարգսյանը: Այսօր էլ է պնդում, որ շարունակում է չհավակնել այդ պաշտոնին, պարզապես դրան կարող է գնալ միայն ու միայն ելնելով երկրի անվտանգության շահերից ու ընդունելով իր անփոխարինելիությունը.«Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։
… Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը տվեց վարչապետի պաշտոնին անցնելու հիմնավորումը՝ անվտանգության արտաքին ու ներքին սպառնալիքներ եւ դրանք դիմակայելու հարցում իր անփոխարինելիությունը, ինչի մասին արդեն մի քանի ամիս շարունակ բարձրաձայնում է ՀՀԿ էլիտան եւ հատկապես, երիտհանրապետականները: Այս համատեքստում ուշագրավ է նաեւ Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական սերնդափոխության հարցի կարեւորումը: Նա ըստ էության հասկացնում է, որ առաջիկա տարիներին տարեցներից ազատվելու խնդիր է իր առջեւ դնելու՝ ասպարեզը հանձնելով երիտասարդներին: Իսկ վերջիններիս ուղերձ է հղում ինքնադրսեւորվելու եւ անձնուրացության, քանզի հաջորդ ժամկետին ինքը երիտասարդներից է ընտրելու իր ժառանգորդին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: