Նուբարաշենի գերեզմանոցի ժամկետանց թունաքիմիկատները ո՞ր երկիր են արտահանվելու. Էկոլուր

Mar 17, 2018 Comments Off on Նուբարաշենի գերեզմանոցի ժամկետանց թունաքիմիկատները ո՞ր երկիր են արտահանվելու. Էկոլուր

Երևանում գտնվող Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտահանման հարցը դեռ բաց է մնում, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Խնդիրը քննարկվեց ս.թ. մարտի 16-ին` Էրեբունի թաղապետարանում տեղի ունեցած «Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի 2-րդ հանրային լսման ժամանակ:
Գլխավոր մտահոգիչ հարցն այն է, թե որ երկիր են արտահանվելու գերեզմանոցի թափոնները: ԷկոԼուրի հետ զրույցում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը վստահեցրեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցում որևէ գործողություն չի իրականացվելու, քանի դեռ հստակեցված չէ արտահանման երկիրը:
«Տարհանման հարցն անորոշ է այնքան ժամանակ, քանի դեռ մրցույթով չի որոշվել, թե որ գործարանում է այրումը տեղի ունենալու: Հուսանք մայիսին կհայտարարվի մրցույթը: Եթե արտահանումը հնարավոր չեղավ, գերեզմանոցին ձեռք չի տրվելու, բայց այն կամրացվի», – նշեց ծրագրի համակարգողը:
Այս փուլում ծրագրով առաջարկվում է թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ստեղծել ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքներ, արտափորել, տեղում փաթեթավորել թափոնները` արտահանելու և արտերկրում ոչնչացնելու նպատակով:
Ծրագրի փորձագետները հայտնեցին, որ թունաքիմիկատները փաթեթավորվելու են հերմետիկ բեռնարկղերի մեջ, արտափորման աշխատանքները կիրականացվեն վակուում վրանի տակ` վտանգավոր արտանետումները կանխելու նպատակով:
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքում` Ջրաշեն, Գեղանիստ և Մուշավան համայնքների հարևանությամբ: Այստեղ թաղված է մոտ 1050 տոննա 1-ին դասի աղտոտվածություն ունեցող թունաքիմիկատներ, 4100 տոննա 2-րդ դասի և 8500 տոննա 3-րդ դասի աղտոտվածություն ունեցող հող: Գերեզմանոցի լիկվիդացման հարցը օրակարգային է: Այն գտնվում է ակտիվ սողանքային գոտում և խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Գերեզմանոցը հարակից է «Էրեբունի» պետական արգելոցին, որտեղ պահպանվում են ցորենի և այլ հացազգի բույսերի վայրի տեսակներ:
Ծրագիրը ձեռնարկել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն` ՄԱԶԾ/ԳԷՀ օժանդակությամբ: Նախագծի կապալառուն չեխական DEKONTA և GeoTest ընկերությունների կոնսորցիումն է: Ծրագրին աջակցում են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը:
Ծրագրի իրականացման համար Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը տրամադրել է 4.7 միլիոն դոլար, իսկ 16 միլիոն 20 հազար դոլարի ներդրում կատարելու հանձնառություն վերցրել է Հայաստանի կառավարությունը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: