Առողջապահության նախարարը նոր անակնկալներ ունի

Mar 19, 2018 Comments Off on Առողջապահության նախարարը նոր անակնկալներ ունի

Պարզվում է դեղերը դեղատոմսերով բաց թողնելու վերաբերյալ կառավարության մեղմացուցիչ քայլը ժամանակավոր է: Առաջիկայում փուլ առ փուլ ՀՀ քաղաքացիներս կըմբոշխնենք տխրահռչակ նախարար Լեւոն Ալթունյանի գաղափարի ամբողջական իրագործման դառը պտուղները: Ինչպես հայտնի է՝ առողջապահության նախարարությունում մշակված հայեցակարգի համաձայն կառավարությունը որոշում ընդունեց մարտի մեկից ոչ ավել, ոչ պակաս 3500 անուն դեղ դուրս գրել տեղատոմսով: Այսինքն, շարքային քաղաքացիները զրկվում են նախկինում ունեցած իրավունքից, երբ անարգել մտնում էին դեղատներ եւ ձեռք բերում ցանկացած դեղ, բացառությամբ, հոգեմետ եւ այլ դեղերի, որոնք դուրս են գրվում բացառապես դեղատոմսով: Խոսքը հիմնականում հակաբիոտիկների մասին է: Սակայն բարձրացած աղմուկը եւ պնդումները, որ նախարարությունը չհիմնավորված քայլի է գնում՝ անակնկալի բերելով քաղաքացիներին, ստիպեցին, որպեսզի մի քանի օր հետո կառավարությունը թեթեւակի խմբագրի իր որոշումը:

Սա ընկալվեց իբրեւ նահանջ՝ ի նշան քաղաքացիների բողոքի, քանի որ շեշտակիորեն կրճատվեց 3500 դեղերի ցանկը, որոնք նախապես էին դուրս գրվել: ԱԺ առողջապահության, մայրության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունը ոչ թե հրաժարվել է այդ ցանկից, այլ դա իրականացվելու է փուլային ճանապարհով: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մտահոգություններին ի պատասխան, որ հանրությունը չի համակերպվում այդ որոշմանը, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց որոշման հիմքերը՝ հայտարարելով, որ դա առաջին հերթին ի նպաստ հիվանդի է:

Փոխնախարարն ասաց, որ ընթացակարգերը ներկայացված են` ինչպես են դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը գրվելու, ապա հավելեց, որ դա արտառոց բան չէ միջազգային պրակտիկայում, միշտ էլ բոլոր ժամանակներում, նաեւ` ՀՀ-ում, դեղերի` դեղատոմսով դուրս գրումը երբեւիցե չի դադարեցվել: Ըստ նրա` արտադրողներն են որոշում` տվյալ դեղը դեղատոմսո՞վ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ, ըստ վտանգավորության աստիճանի, փորձարկման հետ կապված եւ այլն: «Վերջին որոշումը հիմնված էր ուսումնասիրությունների վրա. հասկացել են, որ տեղի է ունենալու հիվանդների հոսքի ավելացում: Նախկինում ամեն տարի դուրս է գրվել 1 մլն 800 հազարից մինչեւ 2 մլն, ինչը նշանակում է` հիվանդին չորս-հինգ դեղ դեղատոմսով է դուրս գրվել: Դա արվել է թմրանյութերի, հոգեմետ դեղերի, արտոնյալ դեղերի դուրս գրման ժամանակ»,- ասաց Խաչատրյանը:

Պարզվեց՝ երկրորդ փուլն էլ կմեկնարկի հուլիսի մեկից: Այն վերաբերելու է լուծույթներին` ներարկվող դեղերը, անկախ դոզայից, քանակից եւ ձևից, անպայման դեղատոմսով են դուրս գրվելու, քանի որ մեծ կոնցենտրացիայի առաջացման հետեւանքով կարող են անցանկալի երեւույթներ առաջանալ: Երրորդը փուլը հոկտեմբերի մեկն է: Սերգեյ Խաչատրյանը համաձայն չէ խոսակցություններին, թե նախարարությունն անպատրաստ է մտել այս գործընթացի մեջ: Ասում է` հանդիպումներ-քննարկումներ են ունեցել բժիշկների, դեղեր արտադրող ընկերությունների հետ, այդ թվում նաեւ մարզերում. «Հասկանում ենք, որ առաջացել են որոշ լարումներ: Մեր մեղքն այն է, որ թիրախավորված, հասանելի տեղեկություն չի տրվել բնակչությանը»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: