Փաշինյանի վերջնագիրը Ելք-ին

Mar 17, 2018 Comments Off on Փաշինյանի վերջնագիրը Ելք-ին

Խորհրդարանական ընդդիմադիր Ելք դաշինքում չեն կարողանում կոնսենսուսի գալ Ազատության հրապարակ գնալու եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հրապարակում պայքարելու հարցում։ Չնայած դաշինքում համաձայն չեն պառակտումների մասին գնահատականներին, սակայն այլ բան հնարավոր չէ անվանել դաշինքում կատարվող իրադարձություններին։ Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը դաշինքը փորձում է տանել Ազատության հրապարակ եւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխել փողոցային պայքարով։ Նա դեռեւս անցած տարվա ամռանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում, ապա դաշինքը հանրությանը հնարավորություն կտա արտահայտելու իր կամքը այդ գործընթացների դեմ։ Սակայն դաշինքի մաս կազմող Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կողմ է կառուցողական պայքարին եւ դաշինքը ձեւավորելու ժամանակ հայտարարել են, որ չեն կրկնի նախկին ընդդիմադիրների թույլ տված սխալները, ժողովրդին չեն տանի պարտության։ Հիմա Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները հայտարարում են, որ պետք չէ փողոց դուրս գալ եւ մարդկանց տանել հերթական պարտության։ Այն, որ որեւէ մեկը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը չեն կարող երաշխավորել, որ փողոցային պայքարը հաղթանակով է պսակվելու, դրանում կարելի է չկասկածել։ Բայց մյուս կողմից՝ ինչպես է հնարավոր խորհրդարանում լուծում տալ այդ հարցին, այն է՝ կասեցնել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությունը, դա նույնպես անհնար է պատկերացնել ՀՀԿ մեծամասնության պարագայում: Բայց մինչ դաշինքում երկու ուժերի միջեւ սկզբունքային պայքար է ընթանում, այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ապրիլի 3-ին ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացել: Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ հանրահավաքից բացի ՔՊ-ն երթ է պարտարստվում անցկացնել: Իսկ այս հայտը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում դաշինքին, ասելով՝ համաձայնեք, թե ոչ, ես գործուղվելու եմ Ազատության հրապարակ: Իհարկե, Ելք-ում ոչ նախանձելի իրավիճակ է ձեւավորվել, մի կողմից նժարին է դրված արմատական ընդդիմություն լինելու հարցը, մյուս կողմից՝ հռչակած սկզբունքներին հավատարիմ մնալու խնդիրը, այն է՝ ժողովրդին հերթական անգամ պարտության չտանելու խոստումը: Բայց հենց միայն  հայտնի խոսքի տրամաբանությամբ, որ փոշմանում են չարածի համար, Ելք-ը

պարտավոր է ժողովրդին պայաքարելու հնարավորություն տալ՝ դուրս գալով փողոց, ինչը փաստորեն անհաղթահարելի ռուբիկոն է Լուսավոր Հայաստան կուսակցության համար: Իսկզբանե այս դաշինքը ձեւավորվեց ոչ այնքան կուռ հիմքերի վրա: Նիկոլ Փաշինյանը չհիմնավորված պայմաններում համաձայնեց դաշինք կազմել հենց այն ուժի հետ, որն իր կողմից իշխանության հետ համագործակցության մեջ էր մեղադրվում: Ասել է թե՝ ի հեճուկս հավաստիացումների, որ Ելք դաշինքը Հայաստանի նորագույն պատմության մեջ ձեւավորված ամենահաջողվածներց մեկն է, իրականում այնքան էլ այդպես չէ: Հետեւաբար ոչ գաղափարական հիմքի վրա ձեւավորված դաշինքի ճակատագիրն ինչ որ պահի վտանգվելու էր: Դժվար է պատկերացնել, որ Էդմոն Մարուքյանի ԼՀ-ն դուրս կգա փողոց ու կպահանջի այս իշխանությունների հրաժարականը, ինչպես որ դժվար է պատկերացնել, որ համաժողովրդական շարժման բովով անցած Նիկոլ Փաշինյանը ձեռքերը ծալած կհետեւի ապագա քաղաքական գործընթացներին: Իսկ այս պարագայում եթե ոչ ֆորմալ, ապա դաշինքի հետագա կարգավիճակն այլեւս վտանգված է լինելու : Գուցե որեւէ ուժ դուրս չգա դաշինքից, բայց միմյանց նկատմամբ անվստահությունն ու ձեւավորված անջրպետն այլեւս թույլ չի տալու կուռ միասնական գործունեություն:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: