Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում

Mar 17, 2018 Comments Off on Ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած նախագծին: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով օտարերկրյա պետություններում դպրոց հաճախող ՀՀ արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվի ավարտել դպրոցը, հետո միայն մտածել զինվորական ծառայության մասին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ոչ խորհրդարանական խմբակցությունների, ոչ էլ կառավարության կողմից առաջարկ չի ներկայացվել: Ավելի ճիշտ՝ կառավարության մեկ առաջարկը՝ տեխնիկական ձեւակերպումների հետ է կապված։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` տարկետո՞ւմ ենք տալիս: Միհրան Պողոսյանը պարզաբանեց` խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին է վերաբերվում, ոչ թե բարձրագույն: Գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի հանրապետության հանրակրթական հաստատություններում սովորողներին`ավարտել դպրոցը նոր մտածել զինապարտության մասին: Բայց արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում: Սասուն Միքայելյանը շարունակեց` եթե երկքաղաքացիություն ունե՞ն ու, ասենք, ուզում են ծառայել ՌԴ-ում, հիմա էլ ԵԱՏՄ անդամ ենք. «Բա էս հարցերը ո՞նց են լուծվելու»: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց՝ ասելով, որ համապատասխան օրենքներով այդ հարցը լուծված է`ՀՀ քաղաքացիները պարտավոր են ծառայել ՀՀ զինված ուժերում:

Եթե այլ երկրի քաղաքացիությունն ավելի վաղ էին ձեռք բերել, այդ հարցն էլ է կարգավորվում: Օրենքում նման լրացում կատարելու նպատակն արդյոք այն է, որ իր Քեթրինի Միհրանի որդին սովորելու է օտարերկրյա դպրոցում հարցին պատգամավորը ավելի վաղ անկեղծորեն պատասխանել էր․ «Ես այս նախագիծը նաև ձեր երեխաների համար եմ ներկայացնում: Մենք պետք է հասկականք մի բան, որ պետք չի մասնավորեցնել դեպքերը: Խնդիրն այն է, որ 18 տարին լրացած տղաների մի զանգված, որոնք սովորում են օտար ափերում, ՀՀ քաղաքացի են, բայց չավարտելով դպրոցը խնդիր են ունենում բանակ գնալու հետ: Հայաստանում սովորողները չունեն այդ խնդիրը, որովհետեւ նրանց տարկետում է տրվում»։ Հետաքրքիր է, թե ում համար էր «կողմ» քվեարկում ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ում համար, փաստորեն, երկրի պաշտպանության հարցը ստորադասվում է իշխանավորների զավակների ապահովությանը։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: